«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2011-04-19 | #70, 2011-04-20 | #71, 2011-04-21


«ԱԶԳՆ» ԱՂՔԱՏԱՑԱՎ ԱՌԱՆՑ ՅԱՐԱԼՅԱՆԻ

Երեկ կյանքից հեռացավ մեր թերթի երգիծանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Նկարիչների միության անդամ Գեորգի Յարալյանը : 6 տասնյակից ավելի տարիներ նրա երգիծական գրաֆիկայի ճանապարհը խաչվել է շատ թերթերի (առաջին հերթինՙ «Ոզնի» երգիծաթերթում, այնուհետեւՙ վերջին 14 տարիներինՙ «Ազգում»), մեր շատ մեծերի, անհայտ ու հայտնի շատ անունների հետ, ու նա, իհարկե, մերը չէր միայն, այլ լայն առումով` արվեստինը, մասնավորաբար` երգիծանկարի ժանրինը, քանի որ ժանրի զարգացման հայկական դպրոցի պատմությունը հենց նրա ստեղծագործությանն է կապված: Իսկ մենք` «Ազգ» -ականներս, կարող ենք ասել միայն, որ ապրում էինք քայլող դասականի կողքին, ամեն օր արժանանում նրա երգիծական հայացքին, որ դիպուկ ֆիքսում էր քաղաքական, տնտեսական, կենցաղային իրադարձությունների եւ դրանք կրող անձանց ողջ կոմիզմը, բայց դա անում էր ոչ թե չարությամբ ու ոչնչացնելու մղումով, այլ իրեն հատուկ բարի եւ քննող հայացքով: Հավանաբար այդ կարգի մարդիկ, որոնք քիչ են արտահայտվում, ամեն ինչ ներս են ուղարկում` դեպի սիրտը, ու միայն դրանից հետո զգացածն ու տեսածը մատիտի ու վրձնի ծայրով տպում թղթի վրա, սրտից էլ պետք է խեղճանան` սիրտը չդիմացավ նրա 84 երգիծաշատ տարիներին, մարմինը դիմանում էր: Մի կարճ ժամանակով բուժվել էր վերջերս, բայց աշխատանքի էր գալիս ու մեկ օր առաջ էլ աշխատանքի էր` նրա վերջին երգիծանկարը տողերիս հեղինակի քաղաքական հրապարակման համատեքստում էր: Երեկ էլ սովորականի պես պետք է գար աշխատանքի, զանգեցին, ասացին` Յարալյանը չկա: Նա ծրագրեր էր կազմում, սկսել էր յուղաներկով ու ջրաներկով ինտենսիվ նկարել, ասում էր` պահանջ ունեմ նորովի նայելու շուրջս, քննաբար տեսնել բնության պատկերները, մարդկանց, ոչ երգիծաբար, կարծես ուզում էր տեսնել այն, ինչ չէր նկատել երգիծական հայացքով նայելիս: Ընդամենը երկու տարի առաջ էլ նա «Ազգին» պատմել էր. «Երազում եմ լավագույն աշխատանքներիս ալբոմը հրատարակել, ժողովրդական նկարչի կոչում ստանալ, Արարատը նկարել ջրաներկով. մի տեղ լինեի, որտեղ Արարատի կոնտուրները հստակ երեւային. ես միշտ ասում եմ` Արարատը որ շատերը նկարում են, դա իսկական Արարատը չէ, իր իսկական կոնտուրները չեն: Արարատն իր դեմքն ունի, ես երազում եմ Արարատի իսկական դեմքը նկարել:

Կուզեի` օլիգարխները հարկերը վճարեն, որ թոշակառուների հոգսը թեթեւանա. մի քիչ գոնե օլիգարխների եւ բոմժերի միջեւ եղած տարածությունը կրճատվի, մի քանի մմ-ով գոնե մոտենան իրար, որ մեր քաղաքից աղմուկը պակասեր, իմ թոռ Արթուրի ուսման վճարը գոնե նվազեր. չնայած գերազանց սովորում է, բայց շատ մեծ գումար ենք վճարում»:

Եվ ավելացնենք Գեորգի Յարալյանի փիլիսոփայական մտքերից մեկը, որ տարբեր առիթներով սիրում էր կրկնել. «Արվեստը գեղեցիկ սուտ է, բայց օգնում է մարդուն ապրել: Առանց ստի չի լինի, օրինակ` մարդ ծանր հիվանդ է, եթե բժիշկն ասի, որ նա մեռնելու է, մարդը տեղոց կմնա, բայց եթե խաբի, թե լավանալու է` խոսքով կբուժի: Արվեստն էլ հենց այդ կարգի բուժում է»:

  «Ազգը» աղքատացավ առանց Յարալյանի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4