«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2011-04-21 | #72, 2011-04-22 | #73, 2011-04-23


ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

2015-ը սարերի հետեւում չէ, եւ Թուրքիան աչալուրջ հետեւում ու պատրաստվում է դրան: Դա մարտահրավեր է ինչպես թուրք առաջնորդների, այնպես էլ հայերիս համար: Թե ով առաջինը կհատի եզրագիծըՙ քննարկման ենթակա հարց է: Ցեղասպանության հարյուրամյակը շրջադարձային է լինելու, բայց թե ո՞ր կողմն է արձանագրելու առավել միավորներՙ ցույց կտա ապագան:

Մինչ թուրքերը պատրաստվում են դիմակայել այդ տարեթվի մարտահրավերներին, հայերս դեռ չենք էլ ներկայացրել որեւէ հիմնարար ծրագիր ո՛չ Հայաստանում, ո՛չ սփյուռքում, չնայած հույս ունենք, որ դա միասնաբար կկատարվի:

Հակառակ Հիտլերի 1939-ի արտահայտած այն մտքին, թե ո՞վ է հիշում հայերի կոտորածներն ու բնաջնջումը, այսօր աշխարհն ավելի քան երբեւէ տեղյակ է եւ իրազեկված այդ մասին: Քսան երկրները բանաձեւեր կամ օրենքներ են ընդունել, որոնցով ճանաչել են հայերին պատուհասած ցեղասպանությունը: Իսկ ինչն ավելի կարեւոր է, թուրք գիտնականներ եւ զանգվածային լրատվամիջոցներ արդեն ճեղքել են լռության պատը եւ իրենց հետեւորդներին ուսուցանում ենՙ պատմության անհերքելի փաստերը մատուցելով: Բայց հաշվի առնենք, որ ներողություն հայցելու շարժումը նախաձեռնած գիտնականներից ու լրագրողներից ոչ մեկը մինչ օրս վարձահատույց լինելու մասին ոչ մի խոսք չի արտասանելՙ հակառակ, որ նրանց դիրքորոշումը տրամագծորեն հակադիր է կառավարության դիրքորոշմանը, այդուհանդերձ, այդ երկու կողմերի դիրքորոշումները համընկնում են, երբ խոսքը վերաբերում է վարձահատույց լինելուն:

Հարյուրամյակին նախապատրաստվելիս թուրքական կառավարությունն օգտագործում է իր «շոշափուկները»: Չենք կարող բացառել, որ նույնիսկ լրագրող Հասան Ջեմալի մասնակցությունը Կալիֆոռնիայում վերջերս կայացած քննարկումներին եւ նրա օգտագործած «ցեղասպանություն» բառեզրը այդ «շոշափուկներից» են: Մյուսը թուրքական «Սաբահ» թերթի այն լրատվությունն է, որ կառավարության որոշ ներկայացուցիչներ գուցե մասնակցեն ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներինՙ փորձ անելով հաղթահարել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տիրող հոգեբանական խոչընդոտները եւ երկխոսության եզրեր փնտրելով սփյուռքահայության հետ:

Բայց ամենահատկանշականն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն է, թե 2015-ը հայկական հարցերով զբաղվելու տարի է լինելու: Սա, անշուշտ, մի քանի ձեւով կարելի է մեկնաբանել: Դա կարող է նշանակել, որ «թաղելու են» ցեղասպանության հարցը որոշակի «կոսմետիկական ժեստերի» կամ ցուցադրական ներկայացումների տակ, կամ վճռական եւ վերջնական հարված են հասցնելու դրան:

Արտգործնախարարիՙ CNN-Turk-ին մարտի 26-ին տված հարցազրույցը խորամանկորեն «հյուսված» էր դիվանագիտական երկերեսանիություններով, որոնցից շատերը ամենատարբեր մեկնաբանությունների առիթ կարող են ծառայել: Մինչ վարչապետ Էրդողանն արդեն «լուծել» է ցեղասպանության հարցըՙ կտրականապես ժխտելով այն, արտգործնախարարը խոսում է հայերի ցավը հասկանալու մասին, բայց ակնարկելով, որ հայերն էլ հասկանան իրենցՙ թուրքերի ցավը, կարծես Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքական կողմի մարդկային կորուստների պատճառը հայերը լինեին:

Նա հենց սկզբից սխալ տոնով է սկսում «երկխոսությունը» հայերի հետՙ որպես իր հակաճառության փաստարկ նշելով, որ հայերի «տեղահանությունները» շատ նման են «Դարդանելի եւ Սարիղամիշի դեպքերին»: Համեմատության ինչպիսի՜ եզրեր:

Օսմանյան կայսրությունը կործանվեց եվրոպական եւ ռուսական կայսրությունների հետ իր ունեցած բախումների հետեւանքով, ունեցավ մարդկային զոհեր, որոնք ոչ մի կապ չունեն հայերի հետ: Իրականում օսմանյան բանակում ծառայող շատ հայեր զոհվեցին Գալլիպոլիի մարտերի ընթացքում:

Էրդողանը գերագույն դեմագոգիայով է զբաղվում, երբ հայտարարում է, որ ոչ մի ցեղասպանություն էլ տեղի չի ունեցել, եւ պահանջում է հայերից գեթ մեկ ապացույց բերել, որ կհաստատեր իրենց պնդումները, շատ լավ գիտակցելով, որ երկրի ներսում այդպիսի ապացույց ներկայացնողն անմիջապես բանտում կհայտնվի քրեական օրենսգրքի 301 հոդվածի դրույթներով, նույնիսկ եթե այդ ապացույցը ներկայացնողը Թուրքիայի միակ Նոբելյան մրցանակակիրը լինի: Բայց արտգործնախարարն առավել զգուշավոր է: Ըմբռնելով, որ կտրուկ ժխտումը մինչ օրս ոչ մի արդյունք չի տվել, նա փորձում է շողոքորթել, կեղծ «ըմբռնողականություն» ցուցաբերելով արտաքին քաղաքականության միջեւ երկար բացատրությունների մեջ խորամուխ լինելովՙ կեղծիքներ է ներկայացնում որպես պատմական փաստեր:

«Ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ: Դրա համար էլ մենք չպետք է նույն կատեգորիայի մեջ դնենք բոլոր հայերին եւ դիտարկենք նրանց իբրեւ հարցերին միակողմանի մոտեցում ցուցաբերող մեկ ընդհանուր միավոր: Գուցե մեր առջեւ բացվի հաշտեցման ավելի արմատական մի ժամանակահատված», ասում է արտգործնախարարը եւ խրվում թուրք-հայկական հարաբերությունների պատմության ավելի վտանգավոր էջերի մեջ, նշելով. «Նրանք շուրջ 10 դար համատեղ են գոյակցել, որը ձգվում է մինչեւ Մանազկերտի (1071 թ.) ճակատամարտը: Մինչեւ 20-րդ դարի սկզբները փոխհարաբերությունները եղել են վերին աստիճանի հաշտ ու խաղաղ: Որքան էլ իրավաբանական եւ քաղաքական միջոցառումներ ձեռնարկենք, կարեւորը հոգեբանական արգելքների հաղթահարումն է»:

Միայն ցինիկ դիվանագետը կարող է նման հայտարարություններով հանդես գալ, անտեսելով պատմական փաստերը, երբ հայերն այդ երկրում ստրուկի կարգավիճակում էին, իսկ թուրքերըՙ ստրկատերերի: 1862-ի Զեյթունի ապստամբությունից մինչեւ Մուշի զինված խռովությունները այդ հարաբերությունները երբեք էլ «հաշտ ու խաղաղ» չեն եղել:

Ավելին, հակառակ արտաքնապես «հանգստացնող» վերոնշյալ ակնարկներին, Թուրքիան այդուհանդերձ, չափազանց մեծ զայրույթով արձագանքեց Արգենտինայի դաշնային դատախազ Նորբերտո Օժարպիտեի ապրիլի 1-ին կատարած հայտարարությանը, որ «Թուրքիայի կառավարությունը 1915-23 թթ. իրոք ցեղասպանության է ենթարկել հայ ժողովրդին»:

Այդ արձագանքի լույսի ներքո կարելի է եզրակացնել, որ թուրքական կառավարությունը մի թիզ անգամ առաջ չի գնացել հաշտեցման գործընթացում, եւ այդ ամբողջ հռետորական ճոռոմաբանությունները երկու նպատակ են հետապնդում.

ա) մի անգամ եւս մոլորեցնել նախագահ Բարաք Օբամային եւ թույլ չտալ, որ նա «ցեղասպանություն» բառն օգտագործի զոհերի հիշատակի առթիվ իր ամենամյա ելույթի ժամանակ,

բ) նախապատրաստվել դիմակայելու այն բոլոր մարտահրավերներին, որ հայերն են առաջացնումՙ փորձելով 2015-ը վերածել ցեղասպանության համընդհանուր ճանաչման նշանակալի մի տարելիցի:

Այսպիսով, հստակ երեւում է, որ թուրքերը «զինված» են ու պատրաստՙ դիմավորելու 2015-ը: Նրանք գիտական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր մարզերում վստահաբար կուտակել են բավականաչափ «զինամթերք»ՙ դեմ դնելու հայերի ամեն տեսակի հարձակումներին:

Իսկ որտե՞ղ է մեր գլխավոր ծրագիրը:

Նույնիսկ Վաշինգտոնում նախատեսված ցեղասպանության թանգարանի ճակատագիրն է առ այսօր անորոշ, եւ պարզ չէ, թե կբացվի՞ արդյոք 2015-ին կամ մինչ այդ:

Ճիշտ է, անհատական եւ խմբակային աշխատանքներ տարվել են ակադեմիական մակարդակի գրքեր հրատարակելու, հուշարձաններ կառուցելու եւ քաղաքական արշավներ կազմակերպելու ուղղությամբ, բայց համընդհանուր մի ծրագիր դեռեւս չի ձեւավորված:

Թուրքերը պատրաստ են: Իսկ մե՞նք:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4