Ապրիլի 21-ին, երբ Լոս Անջելեսի մերձակա Քալվր քաղաքի «Սոնի» կինոհամալիրում նախագահ Օբամայի մասնակցությամբ մեկնարկեց վերջինիս վերընտրման քարոզարշավի դրամահավաքը, 1500 լոսանջելեսահայեր բողոքի ցույց արեցին հենց կինոհամալիրի դիմաց: «Օբամա, հարգիր խոստումդ» կարգախոսով հայերին միացել էր նաեւ System of a Down խմբի հանրահայտ երգիչ Սերժ Թանգյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հանրային կապերի գրասենյակից, բողոքի ցույցին մասնակցել են նաեւ վերջինի անդամ Հովան Թաշճյանը, Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Անդրանիկ Քիզիրյանը եւ այլք: Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաեւ, որ ցույցին ներկա են եղել մի շարք ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, եւ նույն օրը տեղական հեռուստաընկերությունները լայնորեն անդրադարձել են ամերիկահայերի բողոքին:
Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի հիշատակման միջոցառումները շարունակվում են Լոս Անջելեսի վարչական շրջանի հայաշատ քաղաքներում: Ապրիլի 24-ին բողոքի համահամայնքային ցույց տեղի կունենա Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ:
Հ. Ա.