Երեկվա համարում «Ազգը» անդրադարձավ Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի Նախիջեւան կատարած այցին: Բրայզան նշել էր, որ «հաջորդ այցի ժամանակ ինքը անպայման պետք է այցելի Ջուղա` տեսնելու այնտեղ խաչքարերի վիճակը»: Մենք տեղեկացրինք նաեւ, որ Բրայզային ընդունել է Նախիջեւանի խորհրդարանի ղեկավար Վասիֆ Թալիբովը: Այս հանդիպման որոշ մանրամասնություններ պարզ են դարձել ադրբեջանական pia.az կայքին, որը տեղեկացնում է, թե Թալիբովը երկու ժամ սպասեցրել է Բրայզային, «եւ առհասարակ Նախիջեւանում Բրայզան արժանացել է տեղի իշխանությունների գռեհիկ ընդունելությանը»: Բացի այս մանրամասնություններից` երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Բրայզան Ջուղա այցելելու ցանկություն հայտնել է հենց այս այցի ընթացքում, սակայն նրան դա մերժվել է: Այսպես, արդեն երբ դեսպանը վերադարձավ Բաքու, Ադրբեջանում ամերիկյան դեսպանատունը հայտարարություն տարածեց. «Նախիջեւան կատարած այցի ընթացքում դեսպան Մեթյու Բրայզան ցանկություն է հայտնել Ջուղա մեկնելու, որպեսզի ուսումնասիրի այն գերեզմանատունը, որտեղ գտնվում են հայկական խաչքարեր, որոնք, որոշ տեղեկությունների համաձայն, 2005-ին ոչնչացվել էին: Դեսպանի խնդրանքը, սակայն, մերժվել է», նշված է ամերիկյան դեսպանատան հայտարարությունում: Առաջին անգամ թերեւս ԱՄՆ-ը պաշտոնապես Նախիջեւանում «ճանաչեց հայկական խաչքարեր», առաջին անգամ ընդունեց փաստը, որը «դրանք, ըստ որոշ տեղեկությունների ոչնչացվել են», եւ առաջին անգամ Բաքվի հետ խոսեց «հայկական շեշտադրություններով»: Ի դեպ, նույն pia.az կայքիՙ «իշխանության մոտ կանգնած» աղբյուրը հաստատել է, որ Նախիջեւանում արեւմտյան դիվանագետներին նման ընդունելություն ցույց տալը հրահանգվում է անմիջապես Բաքվից, քանի որ «ադրբեջանական իշխանությունը դրանով հասկացնում է, որ ինքը դժգոհ է Արեւմուտքի որոշ ուժերի եւ ադրբեջանական ընդդիմության պարբերական հանդիպումներից: Այս վերջինն, ի դեպ, հաշվի առնելով արաբական աշխարհի ընթացիկ իրադարձությունները, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւի «ժառանգած աթոռը», ինչի մասին բացեիբաց խոսում է անգամ Euronews-ը, պետք է նկատել, որ բոլորովին այլ վտանգներ են խոստանում Նախիջեւանից եկած Ալիեւներին:
Հ. Ա.