ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարության նիստում հնչեցրած քննադատություններին պատասխանել է Facebook սոցիալական կայքում: «Նախ ասեմ, որ Ազգային ժողովում հնչեցրած իմ տեսակետը ոչ թե քննադատություն էր, այլ եզրահանգում, որը հիմնված էր ՏԻՄ-երում աշխատելու եւ կառավարությունում այդ ոլորտը համակարգելու տարիների իմ փորձի վրա:
Ինչ վերաբերում է կառավարության նիստում վարչապետի հայտարարությանը, կրկնեմ իմ այն տեսակետը, որ միշտ կողմնակից եմ եղել լիազորությունների ապակենտրոնացմանը դեպի ՏԻՄ-եր... Մենք վարչապետի հետ նույն քաղաքական թիմից ենք, անում ենք նույն գործը` պարզապես տարբեր տեսանկյուններից մոտենալով դրան, բայց ունենալով նույն նպատակը` զարգացած տեսնել ՏԻՄ համակարգը: Եվ միմյանցից նեղանալու բան չունենք, եթե միայն պարոն Սարգսյանն ինձանից չի նեղացել իր վերջին առաջարկը մերժելու համար: Սա, իհարկե, իբրեւ կատակ»:
Տիգրան Սարգսյանը վերջին կառավարության նիստին, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խորհրդարանական լսումներում ԱԺ նախագահի քննադատությանն արձագանքելով` ասել էր, թե կառավարությունը չի փորձում լիազորությունները կենտրոնացնել իր ձեռքում. հակառակը` վերջին երեք տարիների օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաեւ կառավարության որոշումները հստակ ցույց են տալիս, որ «մենք էապես ընդլայնում ենք տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ավելին, վերացնում ենք այն խոչընդոտները, որոնք առկա են, վերացնում ենք պետական կառույցների միջամտությունը` եթե կան գործառույթներ, որ ՏԻՄ-երը կարող են ինքնուրույնաբար իրականացնել»:
Մ. Խ.