«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2011-04-21 | #72, 2011-04-22 | #73, 2011-04-23


«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ» ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՃ ԵՎ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ

Կորպորատիվ եւ ներդրումային «Ամերիաբանկի» 2011-ի առաջին եռամսյակի արդյունքները երեկ ամփոփեց բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ընդգծելով, որ այս տարվա առաջին եռամսյակը բանկը փակել է «մի քիչ ավելի արդյունավետ», քան կանխատեսվում էր, Ջրբաշյանը նշեց, որ մարտի 31-ի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվներն աճել են 5 տոկոսով, ինչը երկրորդ ցուցանիշն է Հայաստանում: Ջրբաշյանը նշեց նաեւ, որ ավելացել են բանկի հաճախորդները, որոնք ընդհանուր առմամբ շուրջ 28500 են, իրավաբանական անձ են վերոհիշյալից շուրջ 2600-ը: Խոսելով իրավաբանական անձանց նկատմամբ բանկի ունեցած պարտավորություններից` Ջրբաշյանը նշեց, որ դրանցում նույնպես արձանագրվել է աճ` 44 տոկոսով, ինչը նույնպես Հայաստանում երկրորդ ցուցանիշն է: Անցած եռամսյակում իրականացրած ծրագրերից Ջրբաշյանը կարեւորեց նաեւ բանկի նոր մասնաճյուղերի բացումը: Մասնավորապես «Ամերիաբանկը» նոր մասնաճյուղ բացեց մայրաքաղաքի Մաշտոցի պողոտա-Մոսկովյան խաչմերուկում, եւ նախատեսում է մասնաճյուղերի բացում, այդ թվումՙ մարզերում: Ջրբաշյանի խոսքերովՙ շուտով նոր մասնաճյուղ կհիմնվի Վանաձորում: Բանկն արդեն իսկ ունի բացված 7 մասնաճյուղեր, որոնցից 4-ը Երեւանում են, մեկականՙ Լեռնային Ղարաբաղում, Քաջարանում եւ Դիլիջանում:

Աճել է նաեւ «Ամերիաբանկի» վարկային պորտֆելը: Եռամսյակի կտրվածքով (ներառյալ մարտ ամիսը) այն կազմել է 104,9 մլն, այս ցուցանիշով եւս բանկը երկրորդն է Հայաստանում: «Մեր տրամադրած վարկերը երկարաժամկետ են, բաժանված առանձին սեկտորների` մանր ու միջին բիզնեսի, սննդի արդյունաբերության, հանքահումքային արդյունաբերությանը, էներգետիկային եւ այլն», նշեց Ջրբաշյանը: Զարգացման գծով տնօրենը շեշտեց, որ հատկապես մանր ու միջին բիզնեսի վարկավորման առումով իրենք դեռ «բավականին հավակնոտ ծրագրեր ունեն»: Կոնկրետ վարկային պորտֆելի առումովՙ Ջրբաշյանը նշեց, որ ակնկալվում է տարվա վերջին ունենալ 30-40 տոկոս աճ:

Խոսելով արդեն ընթացիկ եռամսյակի ծրագրերից` Ջրբաշյանը նշեց, որ շուտով շուկա կներմուծեն «բավական ուշագրավ նորարարություններ»: Մասնավորապես առաջիկա շաբաթ «Ամերիաբանկը» արտահանողների եւ ներմուծողների համար կներկայացնի ծրագիր, առաջիկա մայիսից` սփյուռքի ուղղությամբ ծրագրեր: Վերջինի կապակցությամբ Ջրբաշյանն ասաց, որ նախապատրաստական փուլն ավարտվում է` շուկաների ուսումնասիրություն եւ այլն. «Արդեն իսկ կա հստակ պատկերացում եւ գործունեության հստակ ծրագիր», տեղեկացրեց Ջրբաշյանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4