Ինչպե՞ս ներկայացնել Հայոց ցեղասպանության թեման ժամանակակից հայ գրականության մեջ: Այս հարցի շուրջը երեկ խոսում էին «Հայելի» ակումբի բանախոսները: Երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանի կարծիքով` Ցեղասպանությանն առնչվող գրականությունը չպետք է ներառի միայն վավերագրական նյութեր, այլեւ գեղարվեստականություն. «Այսինքն` այդ թեմայով գրքերը պետք է ունենան նաեւ գեղարվեստական արժեք»: Արամ Պաչյանը որպես օրինակ անդրադարձավ Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպին, որը գեղարվեստական գործ լինելուց զատ նաեւ վավերագրական նյութ է: Վահագն Գրիգորյանը եւս ներկա էր ասուլիսին, նա նշեց, որ իր վեպում փորձել է ցույց տալ Եվրոպայի մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանը. «Մեր գեղարվեստական գրականությունը պետք է ցույց տա, որ եվրոպական հասարակությունը, որն այսօր իրեն զգում է մարդասերի դերում, իրականում այդպիսին չէ. եվրոպացիները եւս մեղսակից են»: Թեեւ արձակագիր Գրիգորյանի գիրքն ուղղված է նաեւ եվրոպական հասարակությանը, սակայն որեւէ լեզվով դեռ չի թարգմանվել: Բանախոսները միակարծիք էին, որ նման գրքերի թարգմանության համար պետական ուշադրություն ու աջակցություն են հարկավոր: «Ի վերջո, գեղարվեստական գրականությունը կարող է անել այն, ինչը չի կարող անել դիվանագիտությունը», հավելեց բանաստեղծ Հուսիկ Արան :
Ցեղասպանությանը վերաբերող գրականությունը միշտ էլ հետաքրքրել է մարդկանց ինչպես Հայաստանում, այնպես էլ օտար երկրներում: Վահագն Գրիգորյանը նշում է. «Երբ Թուրքիայում Ցեղասպանության հարցը շոշափող գիրք է հրատարակվում, ամբողջությամբ սպառվում է»: Հուսիկ Արան էլ հիշում է, որ խորհրդային տարիներին գրողները ստիպված էին գրականության միջոցով բարձրաձայնել Մեծ եղեռնի մասին, քանի որ ժամանակին այս թեման մոռացության էին մատնում. «Սակայն հիմա Ցեղասպանության թեման մեզ պետք է ուժ տաՙ խեղճացնելու փոխարեն: Երիտասարդությանն ուժ տվող ու ոգին բարձրացնող գրականություն է հարկավոր»:
Հարցին, իսկ ինչպիսի՞ն է ժամանակակից թուրքի կերպարն ըստ մտավորականների, Վահագն Գրիգորյանը պատասխանեց. «Բոլոր տեսանկյուններով էլ կարելի է մոտենալ թուրք մարդու կերպարին, այն բազմակողմանի է, բայց եթե խոսքը գնում է թուրքական քաղաքականության մասին, ապա վերջին հաշվով` հայերի հանդեպ այն չի փոխվել»:
Ի. Պ.