«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐ ՎՐԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

Երեկ Երեւանում կայացել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի բանակցությունները: Ողջունելով իր վրացի գործընկերոջըՙ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ երկու երկրների միջեւ բարձր մակարդակով կանոնավոր շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու պայմանավորվածությունների իրականացումը, մշակելու համագործակցության նոր ուղղություններ, եւ այս ամենը երկու հարեւան եւ բարեկամ երկրների միջեւ հաստատված ամուր փոխհարաբերությունների վկայությունն է: «Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արդեն կայացել են Վրաստանի նախագահի եւ վարչապետի այցերը Երեւան: Վերջերս այստեղ էին ներքին գործերի, պաշտպանության եւ տրանսպորտի նախարարները: Այցելությունների այս ինտենսիվությունը վկայում է Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության ոչ միայն ծավալուն բովանդակության, այլեւ իրական բարեկամական հարաբերությունների մասին», ընդգծել է նախարար Նալբանդյանը: ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Նախարարները քննարկել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Նախարարներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդատվությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրներին: Բանակցությունների օրակարգում էին նաեւ վիրահայությանը հուզող խնդիրները: Այդ առթիվ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Թբիլիսի իր վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունըՙ Թբիլիսիի Հայկական դրամատիկական թատրոնին վերանորոգման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ, արդեն իրականություն է դառնում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4