Երեկվա «Ազգի» համարում «Euronews-ը թուրքերի թեւարկման տակ» խորագրով ռեպլիկի պատասխան-հերքումը, թե Euronews-ը ցուցադրել է Մեծ եղեռնի թեմայով տեսանյութՙ հղում է կատարում http://ru.euronews.net/nocomment/2011/04/24/armenia.commemorates-wwi-massacre-ին: Չառարկելով «Առանց մեկնաբանության» տեղեկատվական «բլոկի» կարեւորությունը, միաժամանակ նկատենք, որ 1 ր 52 վրկ տեւողությամբ տեսանյութը, չնայած ցուցադրված կադրերի տպավորիչ լինելուն, միեւնույն է, փոխանցում է ընդհանուր տեղեկություններ, ավելի շուտՙ տպավորություններ: Առանց տեքստային մեկնաբանությունների, պատկերանյութը, հատկապես պատմական այսպիսի փաստինՙ մարդկության դեմ գործած ամենամեծ ոճրագործություններից մեկին վերաբերող, անհասցե եւ անորոշ է, որովհետեւ լռության է մատնված ցուցադրվածի բուն պատճառըՙ պատմական իրողությունը (ժամանակ, վայր) եւ անհայտՙ կադրերից մեկի պաստառային գրության «No Genocide»-ի հեղինակ-իրագործողը:
Այնպես որ, ընտրված տարբերակը (no comment), իհարկե, ապահովում է հեռուստաընկերությանՙ մի կողմից մասնագիտական մոտեցման պատրանքը, մյուս կողմիցՙ իր կարեւոր բաժնետերերից մեկինՙ Թուրքիային չհակադրվելու կամքը:
Մ. Բ.