«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2011-04-23 | #74, 2011-04-27 | #75, 2011-04-28


ԹՈՒՐՔ ԳՐՈՂԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՆԱԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ապրիլի 24-ը Չեխիայում. պատարագ, երեկո, ցուցահանդես

Չեխական aktualne.cz ինտերնետային կայքէջին տված հարցազրույցում թուրք հայտնի գրող Նեդիմ Գյորսելը հայտարարել է, որ ինքն այն մարդկանցից է, ով ստորագրել է այն խնդրագիրը, որով Թուրքիայի իշխանություններից պահանջվում է ներողություն խնդրելՙ ճանաչելով հայերի դեմ իրականացրած սարսափները: Թուրք գրողը, որ Պրահայում մասնակցում էր գրողների 21-րդ փառատոնինՙ ներկայացրել է նաեւ չեխերեն լույս տեսած իր «Ալլահի աղջիկները» գիրքը: Նա նշել է նաեւ, որ հայկական կոտորածների թեման Թուրքիայում տաբու է դարձել Աթաթուրքի իշխանության գալուց հետո, երբ Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված շատ թեմաներ լռության մատնվեցին: Նա նշում է, որ հիմնական բանավեճը ցեղասպանություն բառի շուրջն է, որին դեմ են իրենց պատմաբանները, եւ որ հայերն ունեն նաեւ իրենց անվանումըՙ «Մեծ ողբերգություն» («Մեծ Եղեռն»):

Իր հերթին չեխական prvnizparvy.cz էլեկտրոնային կայքը անդրադարձել է հայերի ցեղասպանության 96-րդ տարելիցինՙ մեջբերելով Հայաստանի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձից մի հատված, որում ասվում է, թե շարունակվելու է ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը: Հայոց ցեղասպանության ճանաչման 96-րդ տարելիցին է անդրադարձել նաեւ SYSTEM OF A DOWN ամերիկյան խմբին նվիրված չեխական կայքէջը, նշելով, որ այդ օրն իրենց հայտնի է իբրեւ Հայոց ցեղասպանության օր: Այդ կապակցությամբ «Սիստեմի» բոլոր չեխ երկրպագուներին մեծ նվեր են մատուցելՙ ներկայացնելով Կարլա Կարապետյանի «Ճչացողները» հայտնի ֆիլմի չեխերեն թարգմանությունը: Իսկ չեխահայության կազմակերպած միջոցառումներին նախապես անդրադարձել է Չեխական ռադիոն:

Այս ապրիլի 24-ին չեխահայությունը, ինչպես եւ մյուս հայկական համայնքներում, նշեց Քրիստոսի Հարության տոնը եւ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Պրահայի Սուրբ Յիլիի եկեղեցում Հայ եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ: Այնուհետեւ քաղաքային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո: Իր բացման խոսքում «Արմենիա ակումբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Չեխիայում հայկական հարցի պատմությանըՙ գրող եւ ճանապարհորդ Կարել Հանսայի կատարած աշխատանքից սկսած մինչեւ 2006-ին Չեխիայի Սենատում կազմակերպված միջազգային գիտաժողովը, որն անցկացվեց Չեխիայի Սենատի անդամ Յարոմիր Շտետինայի հովանավորությամբ: Վերջինս այս տարվա երեկոյին չէր մասնակցում հիվանդության պատճառով: Այնուհետեւ ներկաներին ողջունեց Չեխիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Ղուկասյանը , որը կարեւորեց ցեղասպանության ճանաչումը Չեխիայի կողմից, համոզմունք արտահայտելով, որ դա անպայման տեղի է ունենալու:

Չեխահայության հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը իր խոսքում շեշտեց, որ «Այսօր մենք չենք եկել սգալու, այլ մեր քրիստոնեական հավաքականությամբ, մեր գոյությամբ, մեր ստեղծագործ եւ արարող մտքով չարին ցույց տանք, որ երբեք նման կերպով չեն կարող բարին ու լավը վերացնել աշխարհից: Մի ժողովուրդ, որ հարության խորհուրդն ունի իր մեջ, չի կարող մահանալ»: Այնուհետեւ ընթերցվեց չեխական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի նամակը, որով իր զորակցությունն էր հայտնում ցեղասպանություն ապրած հայ ժողովրդին եւ շնորհավորում սուրբ Զատկի տոնի առիթով:

Ներկաները համակ ուշադրությամբ դիտեցին հեռուստալրագրող Արտյոմ Երկանյանի «Թոռների պատասխանը» ֆիլմը, որը պատմում էր Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ընդունող թուրք մտավորականության մասին:

Այնուհետեւ երեկոյի համերգային բաժնում ելույթ ունեցավ «Մուզիկա պոետիկա» չեխական երգչախումբըՙ հայ հոգեւոր շարականների կատարմամբ, պատանի դաշնակահար Սոնա Քոլոյանը կատարեց Ռախմանինովի «Էլեգիան», ջութակահարներ Արմեն Սարգսյանն ու Աննա Համբարձումյանըՙ «Ամպել ա» եւ «Ալ այլուղս» գործերը, Վարինե Մկրտչյանը երգեց «Կռունկն» ու «Կիլիկիան»: Համերգը եզրափակեց դաշնակահար Վազգեն Վարդանյանըՙ Բաբաջանյանի «Վաղարշապատի պար»-ի եւ Լիստի 15-րդ հունգարական ռապսոդիայի վիրտուոզ կատարմամբ:

Սուրճի հյուրասիրությունից հետո ներկաներն անցան Հուսովա 8 հասցեում գտնվող Մարիամ եւ Հրայր Ղարիբյանների ցուցասրահ, ուր բացվեց հայ եւ օտար նկարիչների ցուցահանդեսը, ինչպես նաեւ ներկայացվեցին զատկական մեծ ձվերՙ նախշազարդված հայ նկարիչների կողմից:

Միաժամանակ «Ուրարտու» հայ-չեխական կազմակերպությունը Յիհլավա քաղաքում կազմակերպել էր միջոցառումներՙ նվիրված սուրբ Զատկի տոնին եւ ցեղասպանության զոհերի հիշատակին, այդ թվումՙ նկարչական աշխատանքների ցուցահանդես հայկական «Խաչքար» հուշարձանի մոտ:

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4