Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային, տեղեկություն էին տարածել, թե Հարավային Կովկասի երկրներում ներկայացված ԱՄՆ դեսպանների հանդիպում է կայանալու Թբիլիսիում, որի ժամանակ մտքեր են փոխանակվելու տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից այս կապակցությամբ տեղեկացրին, որ «ԱՄՆ դեսպանատների ներկայացուցիչներն այս շաբաթ Թբիլիսիում արդեն իսկ հանդիպել են ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուի հետ: Հանդիպման ժամանակ, ըստ տեղեկատվության, քննարկվել են առանձին երկրներին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցեր:
Հարավային Կովկասում ԱՄՆ դեսպանատների ներկայացուցիչների հետ հավաքին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է փոխդեսպան Բրյուս Դայնահաուն»:
Իսկ Բաքվում ԱՄՆ դեսպանն այնուհանդերձ երեկ ժամանեց Թբիլիսի: Բրայզան հայտարարել է, որ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի հետ` քննարկելու «Հարավային Կովկասում Վաշինգտոնի քաղաքականությունն ու հարցերի լայն շրջանակ»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Ավելի վաղ The Financial Times պարբերականը անդրադարձել էր Ադրբեջանից Եվրոպա էներգակիրների տեղափոխման կարեւորությանը եւ այս համատեքստում` ընդգծել ԼՂ հիմնահարցի կարգավորման անհրաժեշտությունը: Հոդվածագիրը բառացիորեն ընդգծել էր, որ «ԼՂ հիմնահարցի չկարգավորված լինելը կարող է փչացնել Ադրբեջանից Եվրոպա նոր կառուցվող գազատարի պլանները»: Ամերիկացի հոդվածագիրը նկատում է, որ «Լեռնային Ղարաբաղն այսօր դե ֆակտո անկախ պետություն է, եւ դիվանագետները Բաքվին զգուշացրել են, որ եթե Ադրբեջանը փորձ ձեռնարկի` վերադարձնելու կորցրած տարածքները, դրանք անհաջողության կմատնվեն»: Ակնհայտ է, որ ամերիկյան թերթի մեջբերած «դիվանագետները» կարող են լինել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց` տարածաշրջան կատարած հերթական այցից ընդամենը օրեր անց The Financial Tiames-ը հրապարակեց այս հոդվածը:
Եթե առաջնորդվենք զուտ իրադարձությունների ժամանակացույցով, ապա այս հրապարակումից հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միակողմանի չեղյալ հայտարարեց ԱՄՆ-ի հետ մայիսի կեսերին նախանշված զորավարժությունները: Նույն ընթացքում Ադրբեջանի Աստարայի շրջանում գտնվող նախագահ Ալիեւը հայտարարեց, որ «օտար ուժերը աշխատում են խաթարել երկրի կայունությունը»: Իլհամ Ալիեւի այս հայտարարությունը անմիջապես կրկնեցին միլիմեջլիսականներ Բահար Մուրադովան, Նովրուզ Մեմմեդովը եւ Օգթայ Ասադովը: Արդարության համար նկատենք, որ «օտար» ուժից Բաքվում դժգոհ են ոչ միայն ԼՂ համատեքստում: Ադրբեջանում իշխանությունը վստահ է, որ ամերիկյան որոշ կառույցներ, նույնիսկ պաշտոնյաներ «գաղտնի հանդիպում են ադրբեջանական ընդդիմության հետ»: Այս վերջինի վկայությունն է ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլիի` «Ազադլիգ»-ին տված հարցազրույցը, որտեղ մեկնաբանել է իշխանությունների դժգոհությունը «օտար ուժերից». «Եթե օտար ուժերը իրենց կոչերով չեն ցանկանում Ադրբեջանի զարգացումը, ապա ստացվում է, որ այդ զարգացումը «ցանկացող» այսօրվա իշխանությունները աշխատում են խեղդել դեմոկրատական գործընթացները, թալանել պետական բյուջեն, ոտնահարել մարդու իրավունքները եւ վնասել երկրի հեղինակությունը»:
Որ հատկապես «ազատություն» բղավող 5-ամյա երեխային ձերբակալելու փաստն իրոք վնասում է Ադրբեջանի հեղինակությանը, հաստատ է, միանշանակ է նաեւ, որ Արեւմուտքը բոլորովին էլ երկրորդական պլանում չի դիտարկում Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով իշխանափոխությունը: Ինչպես նշում է նույն «Ազադլիգը»` անցյալ հոկտեմբերից, Ադրբեջան այցելող ամեն մի դիվանագետ կամ խոշոր գործարար հանդիպում է Քեմալադդին Հեյդարովի հետ: Վերջինս, հիշեցնենք, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարն է... ընդամենը: Սակայն հատկապես տնտեսական ոլորտում ունեցած մեծ ազդեցության պատճառով հարեւան երկրում նրան անվանում են «արտակարգ նախարար»: Վերջինս համարվում է Ադրբեջանում իշխող բուրգի երկրորդ գլուխը` Ալիեւ-Փաշաեւներից հետո: Ապրիլի 15-ին, մինչ Բաքուն միակողմանի չեղյալ կհայտարարեր ԱՄՆ-ի հետ զորավարժությունները, դեսպան Բրայզան անձամբ հանդիպեց Հեյդարովին: «Ազադլիգի» տվյալներով` «Այս հանդիպումը տեղի է ունեցել ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության շտաբում` Բաքվում հավատարմագրված օտարերկյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների եւ ադրբեջանական ընդդիմության առաջնորդների փակ հանդիպումից անմիջապես հետո, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում Արեւմուտքի ընտրյալը Քեմալեդդին Հեյդարովն է», եզրահանգում է «Ազադլիգը»` հավելելով, որ վերջինս առայժմ Ադրբեջանում միակ չինովնիկն է, որը համագործակցում է Արեւմուտքի հետ:
Եթե այս ներքին հարցերին գումարենք նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասում միակ «չճանաչված պետությունն է», որին ԱՄՆ-ը կառավարական ամենամյա օգնություն է տրամադրում, ապա հասկանալի կլինի, թե ինչո՞ւ եւ հատկապես ինչի՞ց է դժգոհ Իլհամ Ալիեւը: Հենց այս դժգոհության ֆոնին էլ Ադրբեջանի նախագահը ապրիլի 26-ին ընդունեց Իրանի նախագահի հատուկ բանագնաց Մոհամադ Մեհդի Ահունզադեին: Այս հանդիպումից հատկանշական է ոչ միայն այն, որ նույն օրը Բաքվում էր գտնվում տարածաշրջանային այցով ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուն, իսկ ԱՄՆ-ի համար Իրան-այլ երկիր հարաբերություններն արդեն իսկ դժգոհելու առիթ են, այլեւ` Ալիեւի եւ Ահունզադեի քննարկած թեման, որը պակաս կարեւոր չէ ԱՄՆ-ի համար: Ադրբեջանի նախագահն ու Իրանի նախագահի հատուկ բանագնացը քննարկել են «Ադրբեջան-Իրան հարաբերությունների եւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման հարցեր»: Նույն օրը Բաքվում մերձկասպյան երկրների արտգործնախարարները նույն թեմայով անցկացրեցին խորհրդակցություն: Իսկ Քեյդենաուն ապրիլի 25-ին հանդիպեց արտգործնախարար Մամեդյարովին, քննարկեց` ներկա պահին խիստ կարեւոր «ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ԼՂ խնդիրը»: Երեկ պետքարտուղարի օգնականը ժամանեց Վրաստան, իսկ շաբաթվա վերջին կարճաժամկետ այցով կլինի Երեւանում:
Այս ընթացքում հարեւան երկրում, երբ ակտիվանում եւ «արեւմտյան հովանավորներ» է գտնում ընդդիմությունը, երբ իշխանությունը դժգոհում է Արեւմուտքից եւ ընդդեմ քայլեր ձեռնարկում, հանկարծ Իսրայելը որոշում է կրկին փակել Բաքվում իր դեսպանատունը: Ինչպես սարկազմով նկատել է ադրբեջանական Pia.az կայքը` «Բաքվում Իսրայելի դեսպանատանն աշխատում է միայն «ավտոպատասխանիչը»: Թել Ավիվը իր այս հերթական քայլը կրկին պատճառաբանել է Բաքվում ահաբեկչության վտանգով:
Ինչեւէ, մինչ ադրբեջանական ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումից հետո դեսպան Մեթյու Բրայզան այցելեց Նախիջեւան եւ հետաքրքրվեց հայկական խաչքարերով, իսկ հետո ամերիկյան դեսպանատունը հայտարարություն տարածեց, թե «դեսպանին տեղական իշխանությունները թույլ չեն տվել այցելել Ջուղայի հայկական խաչքարերի գերեզմանոց...», մինչ Ադրբեջանի Ժողովրդավարության եւ խաղաղության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսն ահազանգում է, որ երկրում քաղբանտարկյալների թիվն անցնում է 6 տասնյակը, եւ միջազգային իրավապաշտպան Freedom House-ի գնահատականով` Ադրբեջանում իշխանությունները հնարավորինս վերահսկում են ԱՄՆ նախագահի «այդքան գնահատած» համացանցը, ինչպես ավելի վաղ նշել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նրանք ապրիլի վերջին կմեկնեն Վաշինգտոն` «ԼՂ հիմնահարցով խորհրդատվություններ անցկացնելու ԱՄՆ կառավարության պաշտոնատար անձանց հետ»: Կլինի՞ «օտար ուժերից» ավելի դժգոհ Իլհամ Ալիեւը այս խորհրդակցություններից հետոՙ հավանաբար, քանի որ Արեւմուտքում, դեռեւս առաջատար լրատվամիջոցների մակարդակով միայն, նրան բազմիցս են հիշեցնում, որ աթոռը, որին նստած է, ժառանգել է հորից: Իսկ նմաններին կոնկրետ ԱՄՆ-ում «երկար չեն հանդուրժում»: