Երեկ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը երկրորդ լսումներն էր կազմակերպել ոստիկանությունում բարեփոխումների վերաբերյալ: Չմանրամասնելով` փոխանցենք մի քանի արժանահիշատակ արտահայտություններ, որ արել է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն իր ելույթի եւ մասնակիցների հարցերին պատասխանելու ընթացքում: Ըստ նրա` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի բոլոր պահանջները ոստիկանությունը կատարել է, բացի դրանից` առաջիկայում հասարակության համար թափանցիկ կլինի ոստիկանության սպառազինությունների ցանկը, այս ցանկի հետ նաեւ հաստատվելու է հատուկ միջոցների ցանկը` հիմք ընդունելով առողջապահության նախարարի եզրակացությունը, ըստ որի կկիրառվեն միայն մարդկանց առողջությանը վնաս չպատճառող հատուկ միջոցները: Մեր ոստիկանների նոր համազգեստներն ունենալու են նաեւ անհատական համարներ, որը թույլ կտա նույնականացնել խախտում թույլ տվող ոստիկանին: Հանրահավաքների եւ երթերի ընթացքի տեսանկարահանում է նախատեսվում: Մարտի 1-ի դեպքերը բացահայտման ակտիվացման` նախագահ Սարգսյանի հանձնարարականի մասով Ա. Օսիկյանը նկատեց, թե ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանձնարարել է օպերատիվ-հետախուզական նոր միջոցառումներ անցկացնել մարտի 1-ի գործով. «Գործը քննում է հատուկ քննչական ծառայությունը: Ոստիկանության մասով օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու եւ այլ հանգամանքներ պարզելու հետ կապված կա նաեւ արդեն ոստիկանության պետի համապատասխան հանձնարարականը: Այս ուղղությամբ աշխատանքները նոր թափ են ստանում, եւ կարծում եմ, այս առումով արդեն իսկ պատշաճ կերպով ծառայություններ ենք իրականացրել»: Լսումների կազմակերպիչներն ու ոստիկանության պաշտոնյաները լսումների ընթացքում հույս հայտնեցին, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները կբարձրացնեն հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ:
Մ. Խ