«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2011-04-23 | #74, 2011-04-27 | #75, 2011-04-28


ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

«Հայաստանի մանկական ասոցիացան» եւ «Friedensdorf international» («Բարեկամության գյուղ») գերմանական կազմակերպությունն արդեն 20 տարի համագործակցում են, եւ նրանց պայմանագրի շնորհիվ հայ երեխաները տարիներ շարունակ եվրոպական կլինիկաներում անվճար վիրահատվելու հնարավորություն են ստանում: Բայց ընտրվում են այնպիսի երեխաներ, որոնց հնարավոր չէ վիրահատել Հայաստանում: «Խոսքը այնպիսի վիրահատությունների մասին է, որոնք հնարավոր չէ կատարել մեր երկրում կամ էլ կատարվել են անհաջող ելքով», ասում է «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական ՀԿ-ի նախագահ Վարուժան Սեդրակյանը եւ հավելում, որ 20 տարիների ընթացքում եվրոպական հիվանդանոցներում արդեն վիրահատվել են 225 հայ երեխաներ: Զրուցակցիս խոսքով` երեխաներն ընտրվում են Հայաստանում, հետո մեկնում Գերմանիա. «Իսկ Գերմանիայից էլ արդեն մեկնում են համապատասխան երկիր` կախված նրանից` եվրոպական ո՞ր կլինիկայում է վիրահատվելու երեխան»:

«Friedensdorf international»-ն աշխատում է աշխարհի 40 երկրների հետ, ստեղծվել է վիետնամական պատերազմի տարիներին եւ իր գործունեության հենց սկզբում օգնել է պատերազմից տուժած երեխաներին: Վարուժան Սեդրակյանը պատմում է, որ գերմանացիներն ի սկզբանե Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ էին եկել Արցախյան պատերազմից տուժած երեխաներին օգնելու. «Հետագայում նրանց հետ պայմանագիր կնքեցինք, որ հայ մանուկները Եվրոպա գնան բուժվելուՙ անկախ նրանից` պատերազմից տուժել են, թե ոչ»:

Ներկայումս այս ծրագրով Եվրոպայում են 5 հայ երեխաներ, որոնք բացարձակ անվճար բուժում են ստանում: Ժամանակին ծրագրում ներգրավված է եղել նաեւ Ադրբեջանը: Զրուցակիցս պատմում է, որ գերմանական կազմակերպությանն ինքն անձամբ է խնդրել ներգրավել Ադրբեջանին, սակայն վերջինս խախտել է ծրագրի սկզբունքներն ու զրկվել մասնակցությունից. «Ադրբեջանցիների հետ ընդամենը 2 տարի աշխատեցին»: Գերմանացիները նաեւ աշխատել են Ռուսաստանի հետ, սակայն ռուսները պահանջել են, որ ԱՊՀ բոլոր երկրները դեպի Գերմանիա չվերթերը կատարեն Ռուսաստանի միջով, ինչը հանգեցրեց ռուսների ու գերմանացիների միջեւ կապերի խզման, քանի որ «Friedensdorf international»-ը յուրաքանչյուր հանրապետության հետ առանձին է աշխատում:

Այնուհետեւ անդրադառնալով ծրագրի ու գերմանացի մասնագետների սահմանած սկզբունքներին` պարոն Սեդրակյանը նշում է, որ պարտադիր ընտրվում են այնպիսի երեխաներ, որոնք բարդ վիրահատության կարիք են զգում, այնպիսի վիրահատության, որը Հայաստանում չի կատարվում կամ էլ այստեղ շատ թանկ արժե, իսկ ծնողները չեն կարող այդքան վճարել: Բարդ վիրահատությունների վերաբերյալ պարոն Սեդրակյանը նշում է, որ դրանք տարբեր են լինում` կան գլխուղեղի, ծանր այրվածքների, ներքին օրգանների եւ այլ վիրահատություններ:

Ծրագրի պարտադիր պայմաններից է նաեւ տարիքային շեմը` կարող են ընտրվել նորածնային տարիքից մինչեւ 14 տարեկան երեխաները, քանի որ Եվրոպայում անվճար բուժվում են միայն մինչեւ 14 տարեկան երեխաները: Զրուցակիցս ընդգծում է, որ պայմանագրի առաջին կետն էլ վերաբերում է Հայաստան վերադառնալուն. «Երեխան անպայման պետք է հետ գա հայրենիք»: Երեխաները Եվրոպայում մնում են նվազագույնը 6 ամիս, իսկ առավելագույնը` ինչքան կպահանջի բուժումը:

Հարցին, իսկ մեզանում երեխաների ընտրությունն անաչա՞ռ է կատարվում, թե՞ կրկին ծանոթ-բարեկամ տարբերակով, Վարուժան Սեդրակյանը պատասխանում է. «Այստեղ ծանոթ-բարեկամ տարբերակը բացառապես չի գործում, քանի որ երեխաներին ընտրում են գերմանացիները: Ինչ վերաբերում է մեծահարուստներին, նրանք գումար էլ ունեն, ճանապարհներն էլ գիտեն, նրանք մեզ չեն դիմում»:

Այս տարի գերմանացիները Հայաստան այցելության ժամանակ ընտրել են 32 երեխաների, սակայն դիմողները շատ են եղել` շուրջ 1000 հոգի:

Վարուժան Սեդրակյանն ասում է, որ ամեն տարի գերմանացիների գալուց առաջ ծրագրի վերաբերյալ հեռուստատեսությամբ տեղեկացվում է, տարբեր լրատվամիջոցներով հայտարարություն է արվում: Զրուցակիցս հավելում է. «Եթե հետվիրահատական շրջանում երեխաները դեղերի կարիք են զգում, ապա մինչեւ լիարժեք ապաքինումը «Հայաստանի մանկական ասոցիացան» նրանց ապահովում է դեղորայքով»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4