«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2011-04-23 | #74, 2011-04-27 | #75, 2011-04-28


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՉԵԼԵՊՅԱՆԸ

Ապրիլի 12-ին ութսունինը տարեկանում Սաութֆիլդի իր բնակարանում (Դետրոյթ) վախճանվել է պատմական մի շարք ուսումնասիրությունների հեղինակ դոկտ. Անդրանիկ Չելեպյանը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ապրիլի 23-ի համարը:

Չելեպյանը հայտնի էր հատկապես իր առաջինՙ «Զորավար Անդրանիկ» պատմական աշխատությամբ, որը Հայաստանում հրատարակվեց 1984-ին 75 հազարից ավելի տպաքանակով, եւ որի հասույթը նա հատկացրեց ղարաբաղյան շարժմանը: 1989-ին Հայաստանի պետհամալսարանում նա պաշտպանեց իր դոկտորականը, որից հետո գիրքը թարգմանվեց նաեւ թուրքերեն եւ իսպաներեն:

Չելեպյանը ծնվել է Քեսաբում 1922-ին: Ավարտել է տեղի հայ ավետարանական վարժարանը, ուսանել Հալեպի ամերիկյան քոլեջում, որտեղ 1945-1949 թթ. դասավանդել է անգլերեն եւ թվաբանություն: 27 տարի անընդմեջ աշխատել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բնախոսության բաժանմունքում: 1977-ին Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետեւանքով գաղթել է ԱՄՆ եւ աշխատանքի անցել ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանում:

1991-ին հրատարակել է իր երկրորդ գիրքըՙ «Հեղափոխական դեմքեր» խորագրով, որը լույս է տեսել նաեւ անգլերենով դոկտ. Արա Ավագյանի թարգմանությամբ: 1999-ին հրապարակ է հանել իր երրորդ գիրքըՙ «Հայաստանը իսլամի առաջացումից հետո» վերնագրով (անգլերեն): Իսկ 2003-ինՙ չորրորդ գիրքըՙ «Դրոն»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4