ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «Facebook»-ի էջից իմանում ենք, որ նա խիստ բացասաբար է վերաբերվում պատգամավորների անհարգելի բացակայություններին նիստերից եւ հանձնարարել է անհարգելի բացակայած պատգամավորների աշխատավարձից բացակայած յուրաքանչյուր օրվա համար պահումներ կատարել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է, յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել է օրենսդիր աշխատանք իրականացնելու համար եւ վերջինս նրա հիմնական աշխատանքն է: Իհարկե, չեմ բացառում, որ բացակայությունները ունենան հարգելի պատճառ, եւ այս առումով պատգամավորների բացակայությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կարող են ճանաչվել հարգելի: Չմոռանանք, որ խորհրդարանը պրոֆեսիոնալ դարձել է 1999 թվականից, եւ նմանատիպ խնդիրները բնականոն բնույթ կրում են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարբեր երկրների խորհրդարանների համար: Սակայն, անշուշտ, վերջին հաշվով պատգամավորի գործունեության վերջնական գնահատականը տալիս է ընտրողը», գրել է ԱԺ նախագահը «Facebook»-ի իր էջում :
Մ. Խ.