«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2011-04-27 | #75, 2011-04-28 | #76, 2011-04-29


ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Վեհափառը ընդունեց Հայաստան ժամանած` Եվրոխորհրդարանում Եվրոպական ժողովրդավարական կուսակցության խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխային: Ինչպես տեղեկացնում են Մայր աթոռից, Վեհափառը նշել է, որ «արդի համաշխարհայնացման գործընթացները, տարբեր օտարամուտ երեւույթները խաթարում են հասարակության հոգեւոր առողջ ընկալումները եւ կյանքը, որ դարեր շարունակ խարսխված է եղել քրիստոնեական արժեքների վրա»: Գարեգին Երկրորդը ընդգծել է, որ միայն ամուր հոգեւոր-բարոյական արժեհամակարգերի ձեւավորմամբ հնարավոր կլինի հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները: Օրեխան, իր հերթին, կարեւորել է «Եվրոպայում ավանդական արժեքների վերականգնման անհրաժեշտությունը» եւ նշել, որ քրիստոնեական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները մեծ դեր ունեն «Եվրոպայի կյանքում քրիստոնեական արժեքները վերստին ներկայացնելու գործում»:

Այս համատեքստում բավական հետաքրքրական ուսումնասիրություններ է ներկայացնում բրիտանական IPSOS հետազոտական կենտրոնը: Վերջինս աշխարհի 23 պետություններում` 18 հազար մարդկանց շրջանակում հարցումներ է անցկացրել, որոնցից միայն 51 տոկոսն է նշել, որ հավատում է Աստծո գոյությանը: Հարցվածների 17 տոկոսը նշել է, թե աթեիստ է, 18 տոկոսն էլ դեռ չի կողմնորոշվել` հավատա՞լ Աստծուն, թ՞ե ոչ: Ներկայացնելով այս տվյալները «Ռոյթեր»-ին` IPSOS-ի ղեկավարը ընդգծել է, որ հավատացյալների թվով աշխարհի առաջատար երկրները մահմեդական Ինդոնեզիան եւ Թուրքիան են: 93 տոկոս ինդոնեզացիներն ու 91 տոկոս թուրքերը նշել են, որ հավատում են Աստծո գոյությանը: Քրիստոնյա պետություններից «ամենահավատացյալը», բրիտանական կենտրոնի տվյալներով, Բրազիլիան է. Աստծուն հավատում է բրազիլացիների 84 տոկոսը: «Քրիստոնեական ակումբ» որակված Եվրոպայում իրավիճակն այս առումով բավական ուշագրավ է: Արեւմտյան Եվրոպայի երկրները առաջատարներ են աթեիստների թվով: Ֆրանսիայում Աստծո գոյությանը հավատում է 39 տոկոսը, Բելգիայում` 34, Գերմանիայում` 31: Հետաքրքրական են նաեւ հարցումների մասնակիցներին տրված մեկ այլ հարցի արդյունքները: IPSOS-ի ներկայացրած տվյալներով` աշխարհի բնակչության 41 տոկոսը համոզված է, որ մարդն առաջացել է էվոլյուցիայի միջոցով, հարցվածների 28 տոկոսը կարծիք է հայտնել, որ մարդուն ստեղծել է Աստված, իսկ 31 տոկոսը նշել է, որ չի կողմնորոշվել այս հարցում: Մարդու` էվոլյուցիայի միջոցով առաջացած լինելու տեսությանը առավել շատ հավատում են կրկին Արեւմտյան Եվրոպայում, ինչպես նաեւ Չինաստանում եւ Ճապոնիայում:

Այս հարցումները, չնայած անցկացվել են ընդամենը 23 երկրներում եւ միայն 18 հազար մարդկանց մեջ, այնուամենայնիվ փաստում են, որ արդի հասարակությունը արժեքների վերաիմաստավորման կարիք ունի, եւ այստեղ, իրոք, անչափ կարեւոր կլինի ինչպես միջեկեղեցական, այնպես էլ միջկրոնական երկխոսությունը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4