Սիրիահայերը համոզված են, որ համայնքի հետագա գործունեության միակ երաշխիքը Բաշար ալ Ասադն է
«Ազատագրում սեփական բռնապետներից», «Պայքար հանուն ժողովրդավարության»:
Այսպես է անվանում արաբական աշխարհում եւ մասնավորապես Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները Լիբանանում ՀՀ նախկին դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը : «Եվրոպացիների գնահատմամբ` ժողովրդավար կարող են լինել միայն իրենք: Նրանց համար անհասկանալի է ու զարմանալի, որ թունիսցին, եգիպտացին, սիրիացին, հայը նույնպես կարող են ձգտել ժողովրդավարության», ասում է Տեր-Ղեւոնդյանը` հավելելով, որ եվրոպական հանրությանը ձեռնտու է, որ նման երկրներում լինի բռնապետություն. երկրում լինի համեմատաբար կայուն վիճակ, բռնապետն էլ լավ հարաբերություններ ունենա իրենց հետ:
«Սակայն վերոնշյալ մոտեցումն իրեն սպառել է», ասում է նախկին դեսպանը:
Տեր-Ղեւոնդյանը չի հավատում այսպես կոչված «դավադրական տեսությանը», թե արաբական աշխարհում կատարվող իրադարձություններն Արեւմուտքի նախագծի արդյունք են:
«Պարզ է, որ այդ խոշոր տերություններն իրենց ազդեցությունն ունեն եւ պետք է փորձեն շահեր հետապնդել, սակայն կատարվածը բացատրել, թե Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) ծրագիր են գրել, եւ դրա հետեւանքը հեղափոխական շարժումներն են` միամտություն է»:
Նրա մեկնաբանությամբ` Մերձավոր Արեւելքի բոլոր երկրներում, այդ թվում նաեւ Սիրիայում, սոցիալական գործոնն իր դերն ու նշանակությունն ունի, սակայն դա առաջատար խնդիր չէ: «Գլխավոր խնդիրը ժողովրդավարության հաստատումն է»:
Հաստատելով այս տեսությունըՙ Վահան Տեր-Ղեւոնդյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ միապետություններում` Մարոկկո, Բահրեյն, Հորդանան, նույնպես սկսվել են բողոքի ցույցեր, սակայն հիմնական պահանջը ոչ թե վարչակարգի տապալումն է, այլ` կառավարության կազմի փոփոխությունը: «Միապետները ավանդույթի եւ արյան իրավունքով են երկիրը թագավորում: Դա ժողովրդի համար հասկանալի եւ ընդունելի է: Սակայն երբ երկրում հանրապետություն է, եւ մեկը սահմանադրության համաձայն ընտրվում է նախագահ, այնուհետեւ սահմանադրությունը հարմարեցնում իրեն եւ 30-40 տարի նստելով աթոռինՙ հետո էլ այն փոխանցում որդուն, սա անընդունելի է ժողովրդի համար», ասում է Տեր-Ղեւոնդյանը:
Սիրիայում արդեն 40 տարի իշխում է Ասադների ընտանիքը: Հաֆեզ ալ Ասադը Սիրիան ղեկավարել է ավելի քան 30 տարի, որդին` Բաշար ալ Ասադը` 11 տարի: Սակայն մինչ «գահը» որդուն փոխանցելը փոփոխության ենթարկվեց Սիրիայի սահմանադրությունը, որն արգելում էր 40 տարեկանը չլրացած անձին ընտրվել նախագահ:
«Նիշը սարքեցին 34 տարեկան` հարմարեցնելով Բաշար Ասադին: Կարծես սահմանադրությունը հագուստ լիներ, որ հարմարեցվեց կրողին: Բացի դրանից, Սիրիայում, համաձայն սահմանադրության, չկա սահմանափակում, թե նախագահը քանի անգամ կարող է վերընտրվել նույն պաշտոնին: Սիրիան փակ երկիր է: Այնտեղ վերահսկվում է ամեն ինչ: Որեւէ հավաքույթ հնարավոր չէ կազմակերպել, եթե պետական մարմինների համապատախան համաձայնությունը չեն ստանում: Ինտերնետը հսկողության տակ է, գործում է գրաքննություն», ասում է Տեր-Ղեւոնդյանը:
Լիբանանում ՀՀ նախկին դեսպանը հավելում է, որ եկել է պահը, երբ հասարակությունը ցանկանում է թոթափել բռնապետական կարգերն ու ապրել ազատ հասարակությունում:
Մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները` Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը երեք կարեւորագույն գործընթաց է առանձնացնում:
«Առաջինը իսլամական արմատական շարժման ակտիվացումն է: Ալավիական վերնախավում վաղուց ի վեր գոյություն ունեցող տարաձայնություններն ու ժողովրդավարական լայն զանգվածների, հատկապես ուսանողության ակտիվացումը: Եթե նախորդ երկու գործընթացի հետ կապված կարող էինք ենթադրել, որ Սիրիայի իշխանությունները կկարողանան ընդդիմադիրների առաջն առնել, ապա վերջին ակտիվացումները ցույց են տալիս, որ Սիրիայի իշխանությունների գործողությունները լուրջ բարդությունների են բախվում: Սա դառնում է վտանգավոր», ասում է Դավիթ Հովհաննիսյանը:
Նրա գնահատմամբ` Բաշար ալ Ասադի վարչակազմն ամուր է եւ գործիքներ ունի երկրի վերահսկողությունը պահելու համար:
«Եթե, իհարկե, չլինեն տարբեր տիպի արտաքին ազդեցությունները: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անշուշտ ազդում է ԱՄՆ-ն, որոշակի ներգրավվածություն ունի Ֆրանսիան: Իրանի եւ Թուրքիայի գործոնն էլ չի կարելի անուշադրության մատնել», ասում է նա:
Ասադի վերջին նախաձեռնությունը` 1963-ից ի վեր գոյություն ունեցող արտակարգ իրավիճակի վերացումը, հասարակության բորբոքված կրքերը հանգստացնելու առումով ոչ մի արդյունք չտվեց: «Արտակարգ իրավիճակի հանումը բացասական արդյունք կտա, որովհետեւ երկրում, իրոք, արտակարգ վիճակ է, եւ այդ պայմաններում ռեժիմը փոխել` նշանակում է թուլացնել հսկողության հնարավորությունները», ասում է Դավիթ Հովհաննիսյանը:
«Արտակարգ իրավիճակը նախագահը վերացրեց, սակայն ճնշման տակ: Երբ ճնշում ես գործադրում, եւ ղեկավարը որեւէ քայլ է կատարում, որքան էլ այդ քայլը լինի դրական, միեւնույնն է, ճնշման տակ է եղել ու բացասական ազդեցություն է թողնում», հավելում է Վահան Տեր-Ղեւոնդյանը:
Դավիթ Հովհաննիսյանը մտահոգություն է հայտնում, որ հայ համայնքին դժվարին ժամանակներ են սպասում:
Երկրում հեղափոխությունից հետո թիրախը դառնում են ազգային փոքրամասնությունները: Ընդհանուր առմամբ, հեղափոխությունները միշտ էլ բացասական ազդեցություն են ունենում հայ համայնքի վրա: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ յուրաքանչյուր հեղափոխությունից հետո տվալ երկրում հայ համայնքի թիվը զգալիորեն կրճատվում է: Երբ 1956թ. Եգիպտոսում տեղի ունեցավ հեղափոխություն, եւ տապալվեց Եգիպտոսի թագավոր Ֆարուքի իշխանությունը, հայերի թիվը երկրում զգալիորեն կրճատվեց: Երբ 1975թ. Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը, հայ համայնքը չեզոք դիրքորոշում ուներ, սակայն դա չխանգարեց, որ Լիբանանում հայերի թիվը կրճատվի: Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաեւ Իրանում: 1979թ. տեղի ունեցած հեղափոխությունը ստիպեց, որ բազմաթիվ իրանահայեր լքեն երկրի սահմանները:
Սիրիահայ համայնքը կազմում է 70-80.000: Քաղաքական համակարգում սիրիահայությունը ներկայացված է մեկ պատգամավորով: Հայերը մասնակցում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Պատմաբան Գեւորգ Յազըճյանը փաստում է, որ իշխող վերնախավը ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վարում է մեղմ քաղաքականություն:
«Հայկական համայնքը Սիրիայում որոշակի ազատություն ունի: Գործում են մարզական, մշակութային, սկաուտական միություններ: Գործում է ավելի քան 30 վարժարան, եկեղեցիների նկատմամբ ոտնձգությունները բացառված են:
Հայությունը Սիրիայում գործող միակ համայնքն է, որի դպրոցներում դասավանդվում է ազգային լեզուն: Հայերենը թույլատրվում է դասավանդել որպես ծիսական լեզու շաբաթական 4 ժամ: Թույլատրվում է նաեւ 2 ժամ կրոն դասավանդել: Հետեւաբար տրամաբանական է հայ համայնքի ցանկությունը, որ երկրում կայուն վարչակարգը մնա: Իսկ դրա երաշխիքն այսօրվա դրությամբ Բաշար Ասադն է», ասում է Յազըճյանը` շարունակելով, որ վերջերս հայ համայնքը Հալեպում երթ էր կազմակերպել ի պաշտպանություն Ասադի վարչակազմի:
«Այսօր հայ համայնքի անվտանգությունը վտանգված չէ, բայց վաղը` այո, կարող է վտանգված լինել, որովհետեւ քաոսի ժամանակ խաժամուժը կսկսի թալանն, ու հարվածի տակ կհայտնվեն ազգային փոքրամասնությունները», ասում է Դավիթ Հովհաննիսյանը:
Վերոնշյալ դիտարկմանը համամիտ չէ Վահան Տեր-Ղեւոնդյանը: Նա նշում է, որ Սիրիայում պայքարը ծավալվում է ժողովրդավարության հաստատման համար, հետեւաբար չի կարելի միանշանակ ասել. Ասադի վարչակարգի տապալումից հետո կվատանա՞ փոքրամասնությունների իրավիճակը, թե ընդհակառակը` ծաղկում կապրի:
«Եթե կատարվեն ժողովրդավարական բարեփոխումներ, եթե իրական բազմակուսակցություն հաստատվի, եթե հնարավորություն ստեղծվի հասարակական կազմակերպություններ ստեղծելու, ապա հասարակության ներուժը նոր արտահայտման հնարավորություն կստանա: Հայ համայնքն էլ հնարավորություն կստանա տնտեսական ու մշակութային ոլորտում արտահայտվելու», ասում է Տեր-Ղեւոնդյանը:
Լիբանանում ՀՀ նախկին դեսպանն առաջարկում է իրերն իրենց անուններով կոչել. Հայերը վաղուց Սիրիայի լիարժեք քաղաքացիներ են, հետեւաբար կարող են եւ անհրաժեշտ է կարծիք հայտնել, թե ինչպիսի վարչակարգ են ցանկանում ունենալ:
«Փոքրամասնություն լինել չի նշանակում, որ պետք է իշխանությունների գովքը կատարես: Տարօրինակ չէ՞, որ Սիրիայի ողջ հայ համայնքը Ասադի կողմնակիցն է: Ինչպե՞ս կարող է 100.000 մարդ միեւնույն հարցի վերաբերյալ ունենալ նույն կարծիքը: 100.000 հոգով մեկ մարդու պես «այո» կամ «ոչ» ասելը գալիս է բռնապետական համակարգի պայմաններից: Ակնհայտ է, որ ինքնուրույն կարծիք չկա: Փոքրիկ հայ համայնքի մոդելի վրա էլ կարելի է պատկերացնել Սիրիայի բռնապետական կարգերը», ասում է նա:
Դրական գնահատելով փաստը, որ հայ համայնքն իր զորակցությունն է հայտնել Բաշար ալ Ասադին, Գեւորգ Յազըճյանն ընդգծում է, որ առաջանում են հակասություններ ազգային շահերի եւ դեմոկրատական հավելյալ ազատությունների միջեւ: «Սիրիայում մեծ է սուննի արմատականների ազդեցությունը հատկապես Հալեպի շրջանում: Նրանցից հատկապես լյումպենացված զանգվածները չեն թաքցնում, որ վարչակարգի տապալումից հետո հայերի հետ համապատասխան ձեւով են վարվելու: Վտանգը միշտ էլ առկա է: Հետեւաբար հայերը շահագրգռված են իրավիճակի այսօրվա պահպանմամբ` բարեկարգումներ, բարենորոգումներ կատարելու պայմանով: Հայ համայնքը գիտակցում է, որ անհնար է 2010թ. շարունակել 70-ականների մեթոդներով, որ պետք է վերացվի գրաքննությունը, ձեւավորվի բազմակուսակցական համակարգ, սակայն դա պետք է արվի առանց արյան` չտապալելով Ասադի համակարգը: Այո, հայ համայնքի գոյությունը վտանգված է ու ամեն մի նոր բախում կարող է բացասական ազդեցություն ունենալ համայնքի հետագա գործունեության վրա»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նկար 1. Վահան Տեր-Ղեվոնդյան
Նկար 2. Դավիթ Հովհաննիսյան
Նկար 3. Գեւորգ Յազըճյան