«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2011-04-27 | #75, 2011-04-28 | #76, 2011-04-29


ԱՍՄՈՒՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՅՈՒՄՐԻԻՑ

Փառատոնն այս տարի նվիրված է Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին

«Երանի թե ամեն հայ մարդ այնպես մտածեր իր երկրի, իր պետության, իր ժողովրդի մասին, ինչպես մտածում էր Շիրազը», ապրիլի 27-ին` բանաստեղծի ծննդյան օրը, նրաՙ Գյումրու տուն-թանգարանում մեկնարկած «Ասմունքի հանրապետական երրորդ մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մարզային երկրորդ փուլի բացման ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Նշելով նաեւ Շիրազ-բանաստեղծի այնքան մեծ ներգործությունը հայ սերունդների մտածողության ու հոգեբանության վրա, գրականագետը տեղին նկատեց, որ այսօր մեր հպարտության առարկա Հայոց պետական անկախության հիմքերը Հովհաննես Շիրազը սերունդների հոգիների մեջ դրել է խորհրդային դժվար ժամանակներում:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Երեւանում, հանրապետության մարզերում, Արցախում ու Ջավախքում արդեն երրորդ տարին անցկացվող մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված է Շիրազին: Մինչ Գյումրիում մրցույթի մարզային երկրորդ փուլը սկսելը փառատոնի մասնակիցները, տեղի իշխանության ներկայացուցիչներն ու հանրապետական մրցութային հանձնախմբի անդամները Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմացի հրապարակում ծաղիկներ դրեցին մեծանուն բանաստեղծի արձանին: Այնուհետեւ բոլորը շարժվեցին դեպի տուն-թանգարան, որտեղ էլ տրվեց մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը:

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնն անցկացվում է երկու` 11-14 եւ 15-17 տարիքային խմբերում: Մարզային առաջին փուլն անցկացվել է մարտ ամսին: Նախորդ փուլերում միայն Շիրակի մարզից մասնակիցների թիվն անցնում է 2500-ից: Նրանցից գյումրեցի 16 եւ գյուղական բնակավայրերի 30 շնորհալի պատանիներ եւ աղջիկներ հանդես էին գալիս այս փուլում: Մասնագիտական ժյուրիի ընտրած 6-7 լավագույնները մյուս մարզերից ընտրված իրենց հասակակից շնորհալիների հետ կստանան հանրապետական փուլում հանդես գալու իրավունք:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4