«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2011-04-28 | #76, 2011-04-29 | #77, 2011-04-30


ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆՙ ՀԻՄՆԱՎՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ավանդաբար մայիսի 1-ը Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացման օրն է եւ այս անգամ, կարծում ենքՙ էապես տարբերվող նախորդներից: Բացի կենդանիների դիտավայր լինելուց, այգում տոնականորեն տրամադրող մթնոլորտ է ստեղծվելու հենց մուտքի մոտից, այստեղ այցելուին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսներ, ողջ տարածքում շրջիկ-տիկնիկային թատրոն կգործի, նաեւՙ փողային նվագախումբ, կլինեն նկարչական եւ խաղային տաղավարներ:

Այս տարվա ապրիլի 8-ից Կենդանաբանական այգու տնօրեն է նշանակվել Ռուբեն Խաչատրյանը , որ 10 տարի արդեն բնապահպանական գործունեություն է ծավալումՙ ղեկավարելով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը. նա իրենց ծրագրերի հաջողությունը իրավացիորեն հանրային գիտակցության փոփոխության հետ է կապում:

«Ես գալիս եմ Վայրի բնության պահպանման հիմնադրամից, մենք կենդանիներին հետեւում ենք վայրի բնության մեջ, նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծում: Գալով Կենդանաբանական այգիՙ տեսնում եմ նեղ վանդակներ, բանտախցեր, որտեղ կենդանիներ են փակված, չունեն շարժվելու տեղ եւ առողջ ապրելու նվազագույն պայմաններ», ասում է Ռուբեն Խաչատրյանը երեկվա ասուլիսում, որին ներկա էր նաեւ Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը: Նա Երեւանում է մեր կենդանաբանական այգու հետ պաշտոնական համագործակցություն հաստատելու նպատակով, ինչն արդեն գործնականում ընթանում է: Օրեր առաջ Երեւանում էին Ամստերդամի կենդանաբանական այգու 2 մասնագետ-անասնաբույժներ, որոնք 3 օր քննել են կենդանիներին եւ անհրաժեշտ օգնություն ցույց տվել:

Հայկ Բալյանը «Արտիսի» կողմից այգուն նվիրել է 5 000 եվրո արժողությամբ դեղորայք: Անցնող 2-3 շաբաթների ընթացքում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն այգու բարեփոխումների համար հատկացրել է 10 մլն դրամ, որից մաս է հանվել ամենատարրական եւ անհրաժեշտ աշխատանքային գործիքներ ձեռք բերելու համարՙ սկսած ռետինե կոշիկներից, անգամ ուրագից եւ այլ իրերից: Այգու ընդհանուր բյուջեն տարեկան կտրվածքով կազմում է 200 մլն դրամՙ քաղաքապետարանի կողմից հաստատված: Այդ գումարի մոտ 120 000-ը ծախսվում է կենդանիների սննդի վրա: Այս ընթացքում 5-20.000 ական դրամով բարձրացել են աշխատավարձերը:

Բարեփոխումների ծրագիրը բազմաբնույթ է, ծավալուն, աշխատատար եւ ժամանակատար: Ռուբեն Խաչատրյանը կարծում է, որ առաջին 5 տարիների ընթացքում կարելի է ապահովել այնպիսի մակարդակ, որը հնարավորություն կտա ընդգրկվել «Եվրոպական կենդանաբանական այգիների» ասոցիացիայի կազմում: Իսկ սա կապված է անհրաժեշտ փոփոխությունների հետՙ կենդանիների պահպանման որակի, նրանց խնամքի, տեղի, հիգիենայի, կերակրման եւ այլն: Անդրադարձ եղավ նաեւ Գյումրիի եւ մասնավոր այլ կենդանաբանական այգիներին, որտեղ կենդանիների վիճակն առանձնապես տխուր է, բանտախցերի պես նեղ վանդակներում նրանք տառապում են. «Չպետք է թույլ տալ բացել նման այգիներ եւ դարձնել դա բիզնես»:

Երեւանի կենդանաբանական այգին բավականին հարուստ է, սակայն տեսակները ներկայացնելու եւ նրանց բազմացումը կանոնակարգելու լուրջ խնդիրներ կան: Այլ բան է կենդանիներ բազմացնել վաճառքի եւ բոլորովին այլՙ տեսակը վերականգնելու համար` դրանով իսկ վայրի բնությանն օգտակար լինելով : Հայկական մուֆլոնն, օրինակ, էնդեմիկ տեսակ է, հազվագյուտ եւ վտանգված է: Նրա համար ազատավանդակ ստեղծելը դժվար չէ, ոչ էլ ծախսատար: Մինչդեռ փղի համար մեր բնակլիմայական պայմանները բարենպաստ չեն, ձմռանը նա ստիպված է նեղ պատերի մեջ խցկված ապրել:

Հայտնի է, որ մեր կենդանաբանական այգում կենդանիներն անբավարար պայմաններում են, խեղճացած, կորցրած բնական վիճակները, թերսնված, եւ շատ այլ անմխիթար բաներ կան, որոնց մասին պատմում են տեսագրված կադրերը եւ որոնց հիման վրա շուտով ֆիլմ է նկարահանվելու:

Հայկ Բալյանն ասում էր, որ 2002-ին ինքը եղել է Երեւանում եւ փորձել համագործակցության եզրեր փնտրել կենդանաբանական այգու հետ: Համակարգիչներ են ուղարկվել, որոնք անհասկանալիորեն անհետացել են: Ըստ նրա, նախկինում չեն եղել ծրագրեր եւ գաղափարներ: Անցման շրջանում, ինչպես ամենուրեք է, ասում է նա, դժվարություններ լինում են, բայցՙ հաղթահարելի են:

Կենդանաբանական այգու 35 հա տարածքից օգտագործվում է 7 հա-ը, մնացածը վայրի բնություն է, ձորեր, անտառներՙ բնակեցված զանազան կենդանատեսակներով (բվեր, արծիվներ, ագռավներ, կատուներ): Տարածքի մի մասը զբաղեցված է զանազան շինություններով (ամառանոցներ, այգիներ), որոնց օրինական լինելը առայժմ նորանշանակ ղեկավարությանը հայտնի չէ:

Երեւանի կենդանաբանական այգին արդեն ունի իր խորհրդանշանը (լոգոտիպը)` Հայկական մուֆլոնի, հովազի եւ արծվի պատկերով:

Ծրագրերի բարեհաջող ընթացքը կախված է աշխատանքային ճիշտ ռազմավարությունից, գաղափարական մոտեցումներից եւ հուսալի համագործակցությունից, որոնց պայմաններում է հնարավոր հասնել վերջնական նպատակիՙ վերածվել «Բնապահպանական կրթության եւ կենսաբազմազանության պահպանման ազգային կենտրոնի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4