«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2011-04-28 | #76, 2011-04-29 | #77, 2011-04-30


ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞

«Մոտ ժամանակներս պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը կհեռացվի պաշտոնից», նման կանխատեսումներ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ անում են ոչ առաջին անգամ: Աբիեւը, սակայն, շարունակում է պաշտոնավարել: Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելության օրերին նա նույնիսկ «ռազմաճակատի առաջին գծում էր եւ անձամբ էր վերահսկում հրամանատարա-շտաբային զորավարժությունների ընթացքը»:

Այդուհանդերձ, պաշտպանության երկարամյա նախարարի պաշտոնանկության թեման կրկին շրջանառվել է: Այս անգամ` բոլորովին այլ համատեքստում:

Վերջերս առանց որեւէ մեկնաբանության, համենայն դեպս` հասարակության համար, պաշտոնից ազատվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ Ալի Նաղիեւը: Վերջինս, լինելով նախիջեւանցի, երկար տարիներ համարվել է Հեյդար Ալիեւի մերձավոր շրջապատի մարդ: Հարաբերությունների այդ մակարդակը չի փոխվել նաեւ Իլհամ Ալիեւի օրոք: Բայց թե ինչու է նա հեռացվել զբաղեցրած պաշտոնից, մնում է գաղտնիք: Որոշ ակնարկների համաձայն, Նաղիեւը «վատ է կատարել ընդդիմության եւ արեւմտյան դիվանագիտական ներկայացուցիչների շփումները վերահսկելու Իլհամ Ալիեւի հանձնարարականը»: Այլ աղբյուրների կարծիքով, «Նաղիեւի անունը հոլովվել է տնտեսական մի շարք գործարքներում»:

Այսպես թե այնպես, գեներալ Նաղիեւն այլեւս ազգային անվտանգության համակարգում չէ: Բայց դա չի նշանակում, թե նա վստահությունը կորցրել է լիովին: Ըստ «Ենի մուսավաթ»-ի ձեռք բերած տեղեկությունների, վերջերս Նաղիեւն արժանացել է «բարձր ընդունելության»: Նրան վստահեցրել են, որ «շարունակում է համարվել թիմակից եւ մոտ ապագայում կրկին կհրավիրվի ծառայության»:

Ըստ այդմ, թերթի աղբյուրը նաեւ տեղեկացրել է, որ «Սաֆար Աբիեւի պաշտոնանկության հարցը գրեթե լուծված է»: Նրան հավանաբար կփոխարինի Իլհամ Ալիեւի գլխավոր ռազմական խորհրդատու Վահիդ Ալիեւը, որը վերջերս «նախագահի հատուկ հանձնարարությամբ տեսչական շրջայց է կատարել մերձճակատային զորամասերում»:

Այն հանգամանքը, որ Վահիդ Ալիեւն իր առաքելությունն իրականացրել է առանց պաշտպանության նախարարի հետ երթուղին համաձայնեցնելու եւ շրջայցի ժամանակ էլ օգտվել է «միայն իր աշխատակազմի մասնագետների ծառայությունից», ադրբեջանցի որոշ վերլուծաբանների թույլ է տվել եզրակացնել, որ Իլհամ Ալիեւը «Սաֆար Աբիեւին այլեւս չի վստահում»:

Նման եզրահանգման վրա էլ կառուցվել է վարկած, որ Վահիդ Ալիեւը «հավանաբար կնշանակվի պաշտպանության նախարար, իսկ վերջինիս ազատված պաշտոնը կզբաղեցնի ազգային անվտանգության նախկին փոխնախարար Նաղիեւը»:

Այս առթիվ «Ենի մուսավաթ»-ը գրում է, որ Նաղիեւի` կրկին ծառայության կոչելու հարցն Իլհամ Ալիեւի մոտ եռանդուն պաշտպանում է գեներալ Բեյլար Էյուբովը` նախագահի անվտանգության ծառայության պետը, որն այդ պաշտոնին է դեռեւս Հեյդար Ալիեւի ժամանակներից, իսկ մինչ այդ վերջինիս անձնական թիկնապահն է եղել Նախիջեւանում: Թերթը գրում է, որ Էյուբովին հաջողվել է համոզել նաեւ աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին, «բայց ամեն դեպքում վերջին խոսքը պիտի Իլհամ Ալիեւն ասի», իր վերլուծականը զգուշորեն եզրափակում է «Մուսավաթ»-ի պաշտոնաթերթը:

Այս «կոնստրուկցիայում», սակայն, մի բաց առկա է. ի՞նչ է սպասում Սաֆար Աբիեւին: Նա իշխանությունից կհեռանա՞ վերջնականապես, թե՞ Իլհամ Ալիեւն ստիպված է լինելու մի նոր պաշտոն ստեղծել, որպեսզի բավարարի իշխող վերնախավին այդքան երկար եւ հավատարմորեն ծառայած գեներալի հավակնությունները:

Եվ հետո. այդ վերադասավորումները, որ կանխատեսում են ադրբեջանցի վերլուծաբանները, միայն ներքին քաղաքակա՞ն դրդապատճառներով են արվելու: Առհասարակ, նկատելի է, որ վերջին շրջանում Իլհամ Ալիեւը մեծացնում է բանակի, ուժային կառույցների հանդեպ ուշադրությունը: Որոշ տեղեկությունների համաձայն, ադրբեջանական զինված ուժերում ծառայություն տանող «բոլոր խրամատային սպաները գործուղվել են մերձճակատային զորամասեր»: Նրանք փոխարինել են այսպես կոչված «ուսումնարանականներին»:

Բայց այս դեպքում էլ պաշտպանության նախարարի պաշտոնանկությունն է, որ տրամաբանական չի թվում. Սաֆար Աբիեւն ունի «խրամատային զինվորականի» համարում, մինչդեռ Իլհամ Ալիեւի գլխավոր ռազմական խորհրդատու Վահիդ Ալիեւը «պարահանդեսի գեներալ» է:

Ի վերջո, էականը ոչ թե «գումարելիների տեղափոխությունն» է, այլ` թե հանուն ինչի՞ է դա արվում:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4