«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2011-04-28 | #76, 2011-04-29 | #77, 2011-04-30


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸՙ ԵՃՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԿԸՆՏՐԵՆ ԱՅՍՕՐ

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի կառավարման խորհուրդը սահմանված ընթացակարգով` փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն բուհի ռեկտոր ընտրեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին : Թոքմաջյանն ավարտել է Կիեւի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել Թբիլիսիում: 1988-ին ստացել է դոցենտի գիտական աստիճան, 1994-ին` պրոֆեսորի գիտական կոչում: 2006-ից Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտորն է: Թոքմաջյանը 200 գիտական աշխատանքի, այդ թվում 3 մենագրության հեղինակ է: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է 5 դոկտորական եւ 10 թեկնածուական ատենախոսություն:

Բավարար գնահատելով 2006-2010թթ. համալսարանի գործունեությունը, Կարեն Կարապետյանն ընդգծեց Ստեփանակերտի եւ Մարտունու ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի եւ Ստեփանակերտի օդանավակայանի նախագծային աշխատանքների իրականացումը:

«Ձեռքբերումները, որոնք արձանագրվել են վերջին 5 տարվա ընթացքում, համալսարանի պրոֆեսորադասախոսական եւ ամբողջ աշխատակազմի աջակցության եւ աշխատանքի արդյունքն են», ասաց վերընտրված ռեկտորը: Ներկայացնելով առաջիկա 5 տարվա ռազմավարական ծրագիրը` Թոքմաջյանն առանձնացրեց 3 գերակա ուղղություն. որակյալ ուսուցման ապահովման շարունակություն, գիտահետազոտական աշխատանքների ներդրում արտադրությունում, միջազգային հարաբերությունների ընդլայնում եւ ամրապնդում:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը ազատվել է ռեկտորի պաշտոնից եւ նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար: Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին: ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կհայտարարվի սահմանված կարգով:

Այսօր ժամը 11-ին տեղի կունենա Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խորհրդի նիստը` Արմեն Աշոտյանի նախագահությամբ: Օրակարգում համալսարանի ռեկտորի ընտրության հարցն է:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4