«Ազգ»-ի նկատմամբ մեծագույն հարգանք ունենալով հանդերձՙ չկարողացա շրջանցել ապրիլ 27-ի հրապարակումներից մեկըՙ «Անիրազեկությո՞ւն, թե՞ շրջանցում» վերնագրով: Որպես առավել իրազեկ մեկը, կարծում եմ, որ «Ազգ»-ի լրագրողիՙ «Իսկ ո՞ւր մնաց այս մասին հայաստանյան մամուլում առաջին իրազեկողը...» հարցի պատասխանը ճշտման կարիք ունի: Հարգարժան լրագրողին կուզենայի հայտնել, որ «Ազգ»-ի հրապարակումից 7 տարի առաջՙ 2003 թվականին, Մայր աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի մարտ-ապրիլ միացյալ համարում, «Ինչպե՞ս եւ ե՞րբ հաստատվեց ապրիլի 24-ը Մեծ Եղեռնի նահատակաց հիշատակի օր» հրապարակմամբ, հանգուցյալ Սանդրո Բեհբուդյանն արդեն իսկ նվաճել է առաջին բացահայտողի «դափնին»ՙ ներկայացնելով նաեւ ապրիլի 24-ը Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր հռչակելուն վերաբերող արխիվային երեք փաստաթուղթ: Ի դեպ, դրանցից մեկը Վրթանես Փափազյանի նամակն է Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսին, մյուսըՙ 1921թ. հոկտեմբերին հրապարակված հայրապետական կոնդակը:
Եթե հարգարժան լրագրողը «Էջմիածին» ամսագիրն ընթերցելու առիթ չի ունեցել, ապա առանց ավելորդ հավակնոտության հայտնեմ նաեւ, որ նույնի մասին 2007 թվականին հրապարակում է ունեցել նաեւ տողերիս հեղինակը «Հայոց աշխարհ» թերթի ապրիլի 24-ի համարում («Ապրիլ 24-ըՙ Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով»): Այս պատմությունը տեղ է գտել նաեւ 2007թ. «Շողակաթ» հեռուստաընկերության համար պատրաստված «Մշտավառ կանթեղներ» հաղորդման մեջ, որն առ այսօր ցուցադրվում է: Այս ամենից զատՙ «Ազգ»-ից մեկ տարի առաջՙ 2009թ. ապրիլի 1-ին, բավական մանրամասն տեղեկություններով հոդված է հրապարակել Lragir.am էլեկտրոնային կայքը («Ինչպես առաջին անգամ նշվեց ապրիլի 24-ը որպես ոգեկոչման օր»): Չեմ բացառում, որ ինձ հայտնի այս հրապարակումներից բացի եղած լինեն նաեւ այլ հրապարակումներ:
Օգտվելով առիթից, կուզենայի անդրադառնալ նաեւ «անիրազեկության» մեկ այլ փաստի: «Ազգ»-ն իր ապրիլի 23-ի մշակութային հավելվածում ներկայացրել էր ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տպագրված «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» ալբոմը: Ինչպես պարզ դարձավ, ալբոմի հեղինակները ներկայացրել են աշխարհի տարբեր երկրներում 1915-ի Մեծ Եղեռնին նվիրված բոլոր հուշակոթողները: Ինքս ալբոմը թերթելու առիթ չեմ ունեցել, սակայն, «Ազգ»-ի հրապարակումից այն տպավորությունը ստացա, որ շրջանցված է Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանըՙ կանգնեցված 1965 թվականին Մայր աթոռի տարածքում, Ամենայն հայոց Վազգեն Ա կաթողիկոսի անմիջական նախաձեռնությամբ: Շատերի պնդմամբՙ այս հուշարձանը նահատակների հիշատակն հավերժացնող առաջին հուշարձանն էր Հայաստանում: Ի դեպ, այս մասին եւս հայաստանյան մամուլում եղել են հրապարակումներ:
Հարգանքներովՙ «Ազգ»-ի մշտական ընթերցող
ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Շնորհակալությամբ հարգարժան նամակագրին արագ արձագանքի եւ հանգամանալի տեղեկությունների համար (սկզբունքորեն առաջինը լինելու, առավելեւսՙ դափնիներ ունենալու հավակնությունից զերծ)ՙ մի քանի նկատառումներ մեր կողմից, ստորեւ:
«Էջմիածին» ամսագրի նշված համարի հրապարակմանը ծանոթանալ չհաջողվեց ժամանակի առումով: Ցավոք, չհաջողվեց գտնել նաեւ Lragir.am-ի 2009-ի ապրիլի 1-իՙ «Ինչպես առաջին անգամ նշվեց ապրիլի 24-ը որպես ոգեկոչման օր» հոդվածը: 2007-ի ապրիլի 24-ին «Հայոց աշխարհ» օրաթերթում նամակագրի «Ապրիլի 24-ըՙ Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով» հոդվածը մանրամասն իրազեկում է նահատակների ոգեկոչման օր հռչակելու հանգամանքները:
Սակայն, մեր հրապարակումը առաջինը համարելով, նկատի է առնվել հրապարակման բնույթը դրա հիմնական շեշտադրումը, որով եւ տարբերվում է նախորդներից (գոնե մեզ ծանոթ): Հայաստանյան մամուլում, թերեւս, մեր թերթը առաջինն է հիշատակել գաղափարը հղացողին, երբ Դեր Զորի անապատներում եռամյա դժոխային տառապանքներից, դեգերումներից հրաշքով փրկված Երվանդ Օտյանը վերադարձավ Պոլիս եւ անմիջապես ուղղվեց «Ժամանակ» օրաթերթի խմբագրատուն: 1918-ի նոյեմբերին նա ստորագրեց առաջին հոդված-կոչը (Ողջոյն ձե՜զ...), որին հաջորդեց Հայոց եղեռնի նահատակների հիշատակի հատուկ օր ընդունելու առաջարկըՙ «Ազգային նոր տօնը» (1918, 4-6 դեկտեմբեր) խորագրի ներքո: «...Ու հիմա, որ ազատութեան արեւը վերջապես ծագեցաւ մեր արիւնազանգ հայրենիքին վրայ, արդեօք նուրիական պարտականութիւն մը չէ հաստատել, Վարդանանց տեղ, ազգային-կրօնական մեծ տօնը ի յիշատակ մեր նոր ու գերագոյն մարտիրոսութեան :
Ասոր համար ամբողջ հայութիւնը պէտք է իր կամքը պարտադրէ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ հանդիսաւոր արարողութեամբ մը այս մեծ տօնը հռչակուի աշխարհի ամէն կողմերը գտնուող հայերուն» , գրում է Երվանդ Օտյանը: Հիշյալ հրապարակումը հայաստանյան մամուլում առաջին անգամ տպագրվեց «Ազգ» օրաթերթի 2010, 24 ապրիլի «Մշակույթ-Հավելվածում»ՙ Ազգային գրադարանի մատենագետ Սուսաննա Գալստյանի ներկայացմամբ:
Սույն նամակը ավելի է հիմնավորում մեր մտահոգությունըՙ վերաբերող ոչ միայն «Հայլուրի», այլեւ մի շարք լրատվամիջոցներիՙ նախապես հրապարակված անդրադարձվող նյութին հղում չանելու ոչ մասնագիտական պահվածքին, ինչը դժբախտաբար շրջանցում է մեր նամակագիրը: (Երբեմն ուղղակի ամբողջությամբ է ընթերցվում արդեն հրատարակված տեքստըՙ չնշվելով աղբյուրը, երբեմն էլՙ աննշան փոփոխությունների ենթարկված):
Ինչ վերաբերում է «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» ալբոմի անդրադարձին, զարմանալիորեն ուշադրությունիցս վրիպել է Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած Ս. Էջմիածնի տարածքում, նամակագրի հաղորդմամբ, 1965-ին տեղադրված խաչապատկերային հուշակոթողը (Նոր Խարբերդում տեղադրված հուշակոթողը նույնպես թվագրված է 1965 թ.), նաեւ նկատենք, որ ըստ ալբոմի, Մայր աթոռի սույն կոթողը թվագրված է 1961-62 թթ.:
Մ. Բ.