ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Ապրիլի վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Քեյդենհաուի, Եվրոմիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի տարածաշրջանային այցից եւ ԵԱՀԿ ՄԽ վաշինգտոնյան բանակցություններից անմիջապես հետո ղարաբաղյան եւ ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը կրկին սրվեց:
Սա արդեն կարծես դառնում է օրինաչափություն: Միջնորդների, միջազգային կառույցների ամեն մի հայտարարություն, որ «ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի», Իլհամ Ալիեւը պարտադիր զուգակշռում է «ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ»` իր իսկ կողմից շրջանառված «գնահատականը հիմնավորող» սադրանքներով:
Իսկ որ շփման գծում հրադադարի խախտման գործողություններն արտոնված են ամենաբարձր` «գերագույն գլխավոր հրամանատարի» մակարդակով, դրանում կասկած լինել չի կարող: Միայն այն, որ վերջին լարվածության օրը «ղարաբաղյան պատերազմի վետերանները» հավաքվել են Աղջաբեդի շրջկենտրոնի մարզադաշտում եւ ըստ էության տոնել երեք հայ զինծառայողի սպանությունը, վկայում է վերոհիշյալը:
«Արդեն որերորդ անգամ Հայաստանից եկած հայերի եւ Լեռնային Ղարաբաղի անջատողականների միջեւ տեղի են ունենում կոնֆլիկտային իրավիճակներ (պահպանվում է բնագրի ոճը- Վ.Ա.), եւ ամեն անգամ նրանք իրենց հանցագործությունները փորձում են բարդել ադրբեջանական կողմի վրա: Ապրիլի 29-ի զինված միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո (՞- Վ.Ա.), երբ Հայաստանի քաղաքացի զինծառայողը ավտոմատով սպանել է իր ծառայակիցներին: Դա է հայ զինվորականների մահվան բուն պատճառը, որը հայկական կողմը ձգտում է թաքցնել»,- սա Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակի «մեկնաբանությունն» է:
«Դա հերթական հիմարությունն է, միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ: Այդ տրագիկոմեդիայի նպատակն է թաքցնել սեփական գործողությունները»,- News. am-ի թղթակցին արդարացիորեն ասել է ԼՂՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանը :
Այդուհանդերձ, ո՞րն է Ադրբեջանի հիմարությունը: Այն, որ կոպտորեն խախտում է հրադադա՞րը, թե՞ երբ «մեկնաբանություններ» է անում: Ըստ ամենայնի` թե մեկը, թե մյուսը: Քանի որ երկու դեպքում էլ նա հայտնվում է հիմար վիճակում: Նախ, առանձին միջադեպերն ավելի են առարկայացնում կողմերի միջեւ ուժի չկիրառման մասին նոր համաձայնության ձեռքբերման հրամայականը, որովհետեւ գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ներկա դրությամբ բանակցություններում առաջընթացի հասնելու հավանականությունը գրեթե հասել է զրոյական նիշի:
Եվ երկրորդ, «հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ հակասությունների» թեմայի այդքան հետեւողական շրջանառումն ինքնին վկայում է, որ շփման գծում սադրանքներ հրահրում է ադրբեջանական կողմը: Այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի կարող տիրապետել նման «տեղեկատվության»: Դա ուղղակի քարոզչական կոպիտ կաղապար է, որ ընդունակ է «ձուլել» միայն Էլդար Սաբիրօղլուի անուղեղ երեւակայությունը:
Բայց երբ այս ամենը տեղի է ունենում «շփման գծում միջադեպերը բոլոր կողմերի մասնակցությամբ հետաքննելու» անհրաժեշտության մասին պարբերաբար հնչեցվող հավաստիացումներին գրեթե զուգահեռ, ապա ակամա հարց է ծագում. «Ապրիլի 28-29-ից մի քանի օր է անցել, ինչո՞ւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը որեւէ կերպ չեն արձագանքում հրադադարի աղաղակող խախտման փաստերին»: Եվ արդյոք հենց դա չէ՞ պատճառը, որ Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակն իրեն թույլ է տալիս ակնհայտ հիմարություններ ասել:
Ուշադրություն է հայցում իրողությունը, որ պաշտոնական Բաքուն 4 օր շարունակաբար քար լռություն է պահպանել եւ խոսել միայն մայիսի 2-ին: Չի՞ հասկացվում դրանից, որ ադրբեջանական կողմն սպասել է, որ միջնորդները որեւէ հայտարարություն կանեն: Եվ կատարյալ համարձակություն է ձեռք բերել, երբ համոզվել է, որ ՄԽ համանախագահներից ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակից արձագանք չի լինելու:
Ահա այս եզրահանգման նկատառմամբ ի՞նչ արժեք ունի միջնորդների հրապարակային պացիֆիզմը: Չարժե՞ ենթադրել, որ` ոչ մի: Դա ընդամենը «հերթապահ» հայտարարության մի դարձյալ կաղապար է: Այս դեպքում` «ձուլված» ԵԱՀԿ քարոզչաբանական «ձուլարանում»:
Թերեւս այդպես էլ կա: Ուստի էական է գիտակցել, որ ոչ թե հիմարությունն է անպատժելի, այլ` անպատժելիությունը` հիմարություն: Ավելի բացահայտ ասած` Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մեջ պետք է որոշակի տրամաբանություն տեսնել: Դա այն է, որ երբ միջնորդները մատնանշում են «ստատուս քվոյի պահպանման վտանգավորությունը», Ադրբեջանը դա հասկանում է որպես ակնարկ` դիմել քայլերի, որոնք «ավելի կամրապնդեն միջնորդների մտահոգությունը»: Եվ դա, ըստ ամենայնի, միայն «սեփական խաղ» չէ:
Այստեղից էլ` անպատժելիության հիմարությունը: Քանի որ Ադրբեջանի յուրաքանչյուր ոտնձգություն ոչ թե թուլացնում, ինչպես հավանաբար կարծում են միջնորդները, այլ ավելի է ամրապնդում ղարաբաղյան կողմի համոզմունքը, որ ԼՂՀ ու նրա ժողովրդի իրական անվտանգության միակ երաշխիքը ռազմաքաղաքական այն իրողությունն է, որ հաստավել է 1994 թ. մայիսյան զինադադարով:
Այսինքն, եթե նման խնդիրն առհասարակ ունի ռազմական լուծում, ապա ինչո՞ւ չասել, որ այն արդեն իսկ լուծված է: Չէ՞ որ ղարաբաղյան կողմն անվտանգության փաստացի համակարգի այլընտրանքայնության հարց կարող է քննության ենթակա դիտարկել միայն մի դեպքում. երբ կլինեն պատերազմի վերսկսումը բացառող իրական շոշափելի երաշխիքներ: Դրանք չկան: Իսկ այդպիսիք ԼՂՀ-ին ապագայում տալու մասին միջնորդների «հավաստիացումների» գինն այն է, ինչ Ադրբեջանն անպատիժ անում է ամեն օր շփման գծում:
Զոհերի հանդեպ ափսոսանքի խոր զգացմամբ հանդերձ, գործնականում Ադրբեջանի ոտնձգությունները ԼՂՀ քաղաքական եւ զինվորական ղեկավարությանը, հասարակությանը նոր ոչինչ չեն հուշում: ԼՂՀ-ում միշտ էլ թերահավատ են եղել խնդրի խաղաղ կարգավորման մեջ Ադրբեջանի շահագրգռվածության հանդեպ: Տվյալ դեպքում խնդիր ունեն իրենք` միջնորդները: Քանի որ իրենք են փորձում հակառակը «հիմնավորել»: Եվ եթե Ադրբեջանի պատերազմական նկրտումները չեն բխում խնդրի լուծման մասին ԵԱՀԿ ՄԽ երկրների պատկերացումներից, մի բան, որ նրանք բազմիցս են վկայել գոնե հրապարակավ, ապա հարկ է սպասել, թե «այս աշխարհի ուժեղներն» ինչպե՞ս են հակադարձելու Ադրբեջանից իրենց նետած մարտահրավերներին: Եթե` շարունակվող լռությամբ կամ «կաղապարային» հայտարարությամբ, ապա երեւի հարկ կլինի արձանագրել, որ Իլհամ Ալիեւի «բարձր մարտականությունը» սնվում է ոչ միայն անձնական ամբիցիաներից: