«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2011-04-29 | #77, 2011-04-30 | #78, 2011-05-03


ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 10,5 ՏՈԿՈՍՈՎ

Միայն ապրիլին արձանագրվել է 0,2 տոկոս գնանկում

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է 2011-ի առաջին 4 ամիսների գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում: Համաձայն հրապարակված ցուցանիշների, 2011-ի հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 10,5 տոկոսով: Այսինքն, բարձր գնաճային միջավայրը դեռ պահպանվում է: Միաժամանակ, 2010-ի դեկտեմբերի նկատմամբ, հունվար-մարտին արձանագրված 5,2 տոկոս գնաճին ապրիլին հաջորդել է 0,2 տոկոս գնանկումը: Դեռեւս հնարավոր չէ ասել, որ դա գնանկման նախանշան է: Կարելի է միայն ենթադրել, որ համեմատաբար հաջող գյուղատնտեսական տարվա շնորհիվ առաջիկա ամիսներին որոշակի գնանկում կարձանագրվի: Մյուս կողմից էլ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացումը պետք է նպաստի գնանկմանը: Սակայն չմոռանանք, որ գնաճը սանձելու հետ մեկտեղ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացումը նպաստում է նաեւ տնտեսական աճը սանձելուն: Այդ քաղաքականության ազդեցությունը արդեն իսկ երեւաց հունվար-մարտ ամսվա տնտեսական աճի ցուցանիշի վրա, որը զրոյական էր: Ինչեւէ:

Պարենային ապրանքների (ներառյալ ծխախոտն ու խմիչքը) գները ապրիլին մարտի նկատմամբ նվազել են 0,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն աճել 0,5 տոկոսով, իսկ ծառայությունների գները մնացել են անփոփոխ: Այս տարվա ապրիլին 2010-ի ապրիլի համեմատ գները հետեւյալ կերպ են փոխվել` պարենային ապրանքներինը աճել են 15,9 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 2,8 տոկոսով, ծառայություններինը` 2,3 տոկոսով: Առավել մանրամասն ներկայացնենք պարենային ապրանքների գների փոփոխությունները, որոնք առավել շատ են հետաքրքրում բնակչությանը:

Պարենային ապրանքներից բանջարեղենի եւ կարտոֆիլի գներն անցյալ տարվա ապրիլի նկատմամբ աճել են 28,3 տոկոսով, այս տարվա մարտի համեմատ` նվազել 5,3 տոկոսով: ԱՎԾ-ի կողմից նշվում է, որ ապրիլին մարտի նկատմամբ գնանկումը հիմնականում պայմանավորվել է պոմիդորի գների 15,7 տոկոս եւ վարունգի գների 20,2 տոկոս գնանկումով:

Մրգի գներն այս ապրիլին անցյալ տարվա ապրիլի նկատմամբ աճել են 30,7 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատ` նվազել 1,8 տոկոսով: Նվազել են բանանի` 11,3 տոկոսով, խնձորի` 5,1 տոկոսով, տանձի` 4 տոկոսով, գները:

Ձկնամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների գները գրեթե անփոփոխ են մարտ ամսվա համեմատ եւ փոքր-ինչ նվազել են անցյալ տարվա ապրիլի նկատմամբ` 0,2-0,1 տոկոսով: Շաքարավազի գներն այս ապրիլին անցյալ տարվա ապրիլի նկատմամբ աճել են 5,2 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատ` 4,2 տոկոսով: Կենդանական եւ բուսական յուղերի գներն այս ապրիլին անցյալ տարվա ապրիլի նկատմամբ աճել են 16,9 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատ` 3,4 տոկոսով:

Մսամթերքի գներն այս տարվա ապրիլին անցյալ տարվա ապրիլի նկատմամբ աճել են 8,8 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատ` 0,1 տոկոսով: Հացամթերք ապրանքախմբում այս տարվա ապրիլին անցյալ տարվա ապրիլի նկատմամբ գներն աճել են 17,1 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատ` 0,1 տոկոսով: 2011-ի ապրիլին ձվի գինը 2010-ի ապրիլի համեմատ աճել է 15,1 տոկոսով, իսկ այս տարվա մարտի համեմատ 0,3 տոկոսով:

Հարկ ենք համարում նշել, որ գների ինդեքսն ԱՎԾ-ն որոշում է ուսումնասիրելով շուրջ 500 ապրանքների եւ ծառայությունների գները: Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, խոսքը միջինացված գների ցուցանիշների մասին է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4