ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Անի-Անիպեմզա-Երեւան
Բագրատունի թագավորներից եւ նրանց թագավորության ժամանակ ապրած հայերից ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ մի քանի հարյուրամյակ անց Հայաստանի այլ վայրերից Անի եկող հայերը կկոչվեն «տուրիստներ», եւ նրանց տեղափոխող ավտոբուսը` «տուրիստական»: Նույն կերպ եւ ոչ մի Բագրատունի թագավոր չէր կարող ենթադրել, որ իրենց կառուցած եւ իր գեղեցկության ու վեհությամբ քրիստոնյա աշխարհում բացառիկ` Անիի Մայր տաճարում քահանան աղոթք չի կարդա, հավատացյալը մոմ չի վառի, փոխարենըՙ միջնադարում դեռեւս գոյություն չունեցող քրդերը իրենց ոչխարը անձրեւից կպատսպարեն Մայր տաճարի տանիքի տակ, իսկ պետական սահմանապահը կբաժանի հայի հողը հայի հողից: Այս ամենն այսօրՙ Անիի Մայր տաճարի կառուցումից 13 դար անց, իրականություն է, իրականություն է նաեւ այն, որ հայ-թուրքական սահմանի ողջ երկայնքով ձգվող հոսանքատար փշալարի հարեւանությամբ ապրում են հայեր ու հիմնականում քրդեր...եւ իրենց երեխաները:
«Կամուրջ սարքող եմ դառնալու»
Այդ երեխաներից 12-ամյա Հենրիկը դպրոցից հետո, ընկերների հետ ֆուտբոլ է խաղում Անիպեմզա գյուղի` ֆուտբոլի դաշտ դարձած արտերից մեկում: Հենրիկը ցույց է տալիս դաշտը. թերեւս աշխարհի եզակի ֆուտբոլային դաշտն է: Ունենալով ինչպես դարպասներ, այնպես էլ այս մարզաձեւի դաշտի համար գրեթե նույն չափերը` մի կողմից ամբողջությամբ պատված է փշալարերով. հայ-թուրքական պետական սահմանն է: «Երբեւէ չի՞ եղել, որ գնդակն անցնի Թուրքիայի տարածք», հարցնում եմ Հենրիկին: «Չէ, ամբողջ դաշտում չենք խաղում, էնպես ենք անում, որ փշալարից հեռու խաղանք: Զինվորներն ասում են, որ հոսանք կա դրանց մեջ», պատասխանում է Հենրիկը: Հոսանքատար փշալարերը, որոնց յուրաքանչյուր հպում գրանցվում է հայ-ռուսական սահմանապահ կետերում, չի խանգարում, սակայն, Հենրիկին ու իր ընկերներին, երբեմն անցնել դրանք. երեխաներն իջնում են արդեն Թուրքիայի տարածքով անցնող Ախուրյան գետի հատված` ձորի մեջ:
«Գնում ենք, լողանում ենք գետում, օգնում ենք` ջուր քաշել պոմպերով», «խոստովանում» է Հենրիկը: «Իսկ քրդերի կամ թուրքերի չե՞ք հանդիպում», հարցնում եմ պարսատիկի մեջ քար տեղադրող Հենրիկին: «Տեսնում ենք քուրդ հովիվների, բայց չենք խոսում իրենց հետ, իրենք էլ` մեզ. իրար լեզու չգիտենք»: «Բա պարսատիկովդ ո՞ւմ ես կրակում, սահմանից մյուս կողմ կրակո՞ւմ ես», հարցնում եմ. «Չէ, մենակ ծիտիկներին, մեկ-մեկ էլ հարեւանի հավերին», չարաճճի ժպիտով ասում է Հենրիկը` հավելելով. «Ոչ քրդերին, ոչ էլ իրենց անասուններին չեմ կրակում. իրենք հեռու են` չի հասնի: Համ էլ` իրենք էլ մարդ են, պապաս ասում է` մարդուն կրակել չի կարելի...»: Հարեւանի «չսիրած» աքլորին տեսնելով` Հենրիկը, նախապատրաստելով պարսատիկը, հեռանում է: Հասցնում եմ իմանալ միայն նրա ցանկությունը` թե ի՞նչ է դառնալու, երբ մեծանա. «Կամուրջ սարքող եմ դառնալու: Ուզում եմ Ախուրյանի վրա կամուրջ սարքել, որ մեր տնից կարողանամ գնալ գետի մյուս ափը», ասում է Հենրիկը, չնայած գյուղի միակ դպրոցի (որտեղ սովորում է նա) պատերին փակցված հայտարարություններին` որտեղ հրավիրվում են հայ տղաներ` ռազմական ուսումնարաններում սովորելու եւ զինվորական դառնալու:
Այդ ուսումնարաններից մեկում սովորում է 55-ամյա տիկին Վալյայի որդին` Արմենը: Տիկին Վալյան ազգությամբ ռուս է` Ռյազան քաղաքից: Ամուսնանալով հայի հետ` արդեն 30 տարուց քիչ ավելի ապրում է Անիպեմզայում` հայ-թուրքական «փշալարի» անմիջական հարեւանությամբ: Իմանալով, որ Անին տեսնելու համար ենք այստեղ` ռուս տիկինը հետաքրքրվում է. «Գոնե թողեցի՞ն ձորն անցնեք», «Ոչ», պատասխանում եմ, տիկին Վալյան հավելեց. «Հա, դե բա ոնց, լավ հողերը իրենց են վերցրել, վատը տվել ձեզ: Ու բոլորը մոռացել են, որ այս փշալարը աշխարհի ամենածիծաղելի փշալարն է` մի երկիրը իրարից բաժանող...»: Տիկին Վալյայի ցանկությունն այն է, որ որդին ավարտելուց հետո ռազմական ծառայության անցնի հենց իրենց մոտ. «Բայց ամենամեծ ցանկությունս` որ վերանա այս անիմաստ փշալարը. սա ես ոչ միայն որպես զինվորականի մայր եմ ասում, այլեւ` Հայաստանում ապրող ռուս կին», ասում է տիկին Վալյան` հրավիրելով իրենց տուն: Ի դեպ` տան անմիջապես դիմաց մի ուշագրավ հուշարձան է` «1915, 1941-45, 1988 եւ 1991-94-ի զոհվածների հիշատակին» մակագրությամբ: Հուշարձանի կողքին` պատի վրա, ներկված է ՌԴ պետական դրոշը:
«Հայր մերը»` բարձրաձայն
Ռուս զինվորականները, ռուսական սահմանապահ կետերը ու դրանց վրա փողփողացող ՌԴ պետական դրոշը չնայած բնորոշում են Հայաստանի սահմանամերձ այս բնակավայրը, բայց իհարկե ոչ ամբողջությամբ: Գյուղն ունի խմելու ջրի խնդիր, ջուրը սովորաբար պոմպալցվում է Ախուրյան գետից, որի այս հատվածն, ինչպես նշեցինք, փշալարից այն կողմ է: Փոխարենը` գյուղում անցկացրած շուրջ 2 ժամվա ընթացքում տեսանք արտասահմանյան 5-6 թանկարժեք մեքենաներ, ամեն թաղամասումՙ 6-7 արբանյակային ալեհավաքներ, ընդհանուր առմամբ` մեկ-երկու խանութ, որտեղ կարելի է գնել, անգամ ամենաթանկ սիգարետները: Ընդհանուր առմամբ` Անիպեմզան շատ քիչ բանով է տարբերվում Անի մայրաքաղաքից: Եթե վերջինում մենք տեսանք ավերակ դարձած հնամենի եկեղեցիներ, ապա Անիպեմզայում` ավերակ դարձած շենքեր ու շինություններ, որտեղ, սակայն, ապրում են մարդիկ:
Անիպեմզայում, հենց փշալարից մի քանի մետր այս կողմ, Երերուքի տաճարն է` քրիստոնեության ամենավաղ շրջանի` 3-4-րդ դարերում կառուցված: Տաճարն այսօր տանիք չունի, պատերից շատերը փլուզված են, խարխլված, իսկ կանգունների վրա կարելի է կարդալ մակագրություններ «Ա+Մ» մակարդակի: Ժամանակագրության առումով «ռեկորդակիրն» այս մակագրությունների ոմն Սերգեյն է, որը տաճարի պատին ռուսերենով գրել էր` «Սերգեյ+Գրիշա` ընկերներ. 1939 թվական», իսկ լկտիության առումով «ռեկորդակիրը» թերեւս ամաչել է ստորագրել իր «գլուծգործոցի» տակ` Երերուքի տաճարի պատին պատկերելով մերկ կին:
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրանց միացած Էջմիածին քաղաքի պատվիրակությունը հայոց հինավուրց տաճարում բարձրաձայն հնչեցրեցին «Հայր մերը»: Ճիշտ նույն ժամանակ, տաճարի բակում կանգ առավ BMW-5 մակնիշի մեքենա, որից ելան 4 երիտասարդներ` «հաց ուտելու» «աշխարհահռչակ» Թաթուլի երգերի հնչյունների ներքո: Լավ, եթե արդարացիորեն բողոքում ենք, որ թուրքերն ավերել, սրբապղծել ու հրաժարվում են վերականգնել մեր եկեղեցիները, ապա ո՞վ է շարունակում սրբապղծել ու ո՞վ է հրաժարվում վերակառուցել մեր եկեղեցիները Հայաստանում: Եթե արդարացիորեն բողոքում ենք, հուզվում, բարկանում, որ քրդերի ոչխարները մեր հինավուրց եկեղեցիներն են մտնում` այնտեղ հետքեր թողնելով, ապա ո՞ւմ ոչխարներն են հետքեր թողել կոնկրետ Երերուքի տաճարի ներսում:
«Հայր մերը»` մտովի
Անիպեմզա մենք եկանք Անի մայրաքաղաքից հետո: Այո, աշխարհի ամենածիծաղելի փշալարը մեզ համար բացեցին, եւ շուրջ 60 հայաստանցիներով կանգնեցինք պատմական Անիի հողին, չնայած այդպես էլ թույլ չտվեցին մտնել դե յուրե Թուրքիայի Հանրապետության տարածք: Մենք մտանք 1921-ին գծված ԽՍՀՄ-Թուրքիա առ այսօր պահպանվող սահմանի չեզոք գոտի: Ընդամենը դիմահայաց ձորն անցնելուց հետո, Անիի Մայր տաճարի ու «1000 ու մեկ եկեղեցու» մնացած ավերակները մենք կարող էինք անգամ շոշափել, սակայն ձորից այն կողմ մեզ արգելեցին առաջանալ: Շուրջ 60 հայերով ձորի այս բերանին միատողան կանգնած նայեցինք ու տեսանք Անին` նրա եկեղեցիներն ու բերդերը: Ձորի հակառակ կողմից մարդկանց (հավանաբար` քրդերի) մի խումբ նույնպես ուշադրությամբ նայում էր մեր ուղղությամբ, մի քանիսը նույնիսկ իջան ձորը` մեզ ընդառաջ, կարծելով, թե առաջանալու ենք եւ մենք: Հայերի շարքից ոչ ոք առաջ չգնաց. գրեթե բոլորիս հայացքները դեպի Անիի Մայր տաճար էին ուղղված, բոլորիս մտքում` «Հայր մերը», որը պիտի բարձրաձայնեինք փշալարից այս կողմ` արդեն Երերուքի տաճարում:
Դժվար է ասել, թե դեռ որքա՞ն կանգուն կմնա աշխարհի ամենածիծաղելի ու ողբերգական փշալարը: Ե՞րբ Անի մայրաքաղաք կվերադառնան հայ քահանան ու հայ հավատացյալն` իրենց աղոթքներով, նույնպես դժվար է ասել: 12-ամյա Հենրիկն իր` «կառուցելիք կամուրջով», եւ 55-ամյա տիկին Վալյան, նրանց մի քանի հարյուր համագյուղացիները շարունակում են ապրել «ավերակ» Անիպեմզայում, ավերակ Անի մայրաքաղաքից փշալարերով սահմանազատված:
Փշալարն այդ միայն չի բաժանում Անիպեմզան` Անի մայրաքաղաքից, Հայաստանը` Թուրքիայի Հանրապետությունից, այլ բաժանում է նաեւ եկեղեցում աղոթող հային եկեղեցու պատին նկարող կամ դրա բակում Թաթուլ լսող հայից: Այս երկու փշալարերն էլ նույնքան ծիծաղելի են, ողբերգական եւ անիմաստ...:
Հ.Գ. - Ուղեւորությունը պատմական Անիի տարածք նախաձեռնել էր Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան, որի ներկայացուցիչներին միացել էին նաեւ Էջմիածին քաղաքի պատվիրակները: