Էդվարդ Վարդանյանի գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է: Հոբելյանական նրա ցուցահանդեսը, որ այս օրերին Նկարչի տան առաջին հարկի սրահում է ընթանում, գունային բաց դաշտի է նմանՙ հանդարտ փռված հայացքիդ առաջ. նրա գունամտածողությունը կենսասիրական է, նկարչի ներաշխարհի ինքնաթարգմանը գույնի ակտիվ լեզուն է, ակնհայտ պոզիտիվ, սա կյանքի փառաբանում էՙ ինչ-որ տեղ իհարկե վերացարկված ռեալ ձեւերից: Նրա նկարչությունը նման է կտավի վրա բացված ամառվա օրվան: Ամենաակտիվը արեւի գույնն է, տարբեր սփռումներովՙ բաց դեղինից մինչեւ նարնջագույն ու բոսորագույն: Պատկերիՙ երբեմն միտումնավոր հարթեցումները նկարներին հաղորդում են մանկան անմիջականություն. Էդ. Վարդանյանի նկարչական մտածողությունը եւ անհատական ձեռագիրը հստակ է, տարբերվող: Նա կյանքից վերցնում է գեղեցիկ նշաններ, դրանք ներհյուսում իր անձնական ապրումներին ու ստանում հաճախ շատ յուրօրինակ, ոչ երկրային պատկերներ: Նրա հեքիաթը մանկության պատրանք չի ստեղծում, այն ավելի շուտ հուշի ծվեն է: Եվ հաճախ է նա հուշի հնարքին դիմում, որից գույնի անմեղությունը ծնում է խորհրդանշան-պատկերներ, եւ որոնց արմատները այնտեղ հեռվում, սարերի այն կողմերում են: Կորսված երկրի հուշը դառնում է լեյտմոտիվ, որի շուրջն են պտտվում մտացածին ու իրական կերպարներըՙ թռչնաթեւ կանայք ու հուշկապարիկներ, հեքիաթասաց ու շվիահար: Վերարթնացած ենթագիտակցության հոսքը պատմում է հարազատ սյուժեներ ու նկարի վրա նոր նկար ստեղծում: Գունային բաց տրամադրությունները պատկերներին ոչ այնքան խանդավառություն են հաղորդում, որքան դրանց ներսի թախիծն են մեզ փոխանցում: Սրահի տրամադրությունը մեղմ-հանդարտ է, ավելորդ էմոցիաներ չկան. թվում էՙ ամենը ընկղմված է մշուշի տեսիլքում: Գունային հարթ «երեսպատումը» ավելի է շեշտադրում հիմնական մոտիվըՙ կորցրած երազի մորմոքը: Այդ մորմոքը նկարների մակերեսներին հայտնվում է մերթ որպես ճերմակ ձյուն, երկնքում առկայծող աստղացոլք, մերթ որպես մոլորված գիսաստղ: Աստղաձյունը ճերմակ ծառերի վրայով թափվում է երազային շրշյունով, գեղեցիկ, հույսի պես բարի: Առհասարակ ձմեռային պատկերները շատ հաջողված են նկարչի աշխատանքներում. նրա ձմեռները գունային նրբությամբ ու մեղմությամբ քնարական տրամադրություններ են բերում, զարմանալի ջերմ մթնոլորտ («Ձմռան վերջին օրը»): Տրամադրությունների գունապնակում ապրումի ամեն հետք նոր երանգ ու ձեւ է ստանում. լքվածությունը աշնանային պատկեր է դառնում, փողոցի հին երգ, անձրեւոտ օրվա հեւք:
Շատ հաճախ են կտավի մակերեսներին հայտնվում ողորկ-սահող վիճակներ, որ ստեղծում է նկարչի երեւակությունըՙ բազմաթիվ թեւող-թռչող ֆիգուրների միրաժային մթնոլորտի ազդեցությամբ: Սա կարծես փախուստ է իրական կյանքի թանձրություններիցՙ ստեղծելու թեթեւ երեւակայական աշխարհ, ուր արվեստագետի հոգին բնակվում է ներքին հրճվանքով, ուր ճախրում են մտքեր ու երազներ, ու սահմաններ չկան աստղի ու ձկան, լուսնի ու ավազի համար...: Նրա նկարներում թաքնված ժպիտն ու մեղմ հումորը հուշում են հեղինակի բարեհոգի մարդկային կերպարի մասին: Եվ, իրոք, Էդվարդ Վարդանյանըՙ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի երկարամյա պրոֆեսորը, որ շուրջ 13 տարի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն է եղել, սիրված դասախոս է, հմայիչ մարդ:
Դիմանկարիՙ փոքր-ինչ առանձնացող ժանրում նա դարձյալ հավատարիմ է նկարչական իր մաներաներին եւ գույնի հետ հարաբերություններին: Էքսպոզիցիայում ցուցադրված դիմանկարները չեն տարբաժանվում մյուսներից, նկարչական միեւնույն մտածողության դաշտում ենՙ ներդաշնակ ընդհանուրին: Այդպիսին են «Ինքնանկարը», նկարչի ծնողների, Պարույր Սեւակի, Արա Բեքարյանի, Արեստ Բեգլարյանի, Մուշեղ Գալշոյանի եւ մյուսների դիմանկարները:
Բնապատկեր, ուղղակի իմաստով, չես տեսնի այստեղ, սակայն բնության հետ նկարչի ներդաշնակությունը հուզական դրսեւորումներ է ձեռք բերում, նրա սերը բնության հանդեպ մանրանկարի ձեւերի մեջ այլաբանական երանգներ ունի. կենդանիների ու թռչունների, քարի ու խոտհարքի, ծառի ու ծաղկի հետ նրա կապը շատ մտերմիկ է: Նա ընտրում է խորհրդապատկերներ ու դրանք վերազարդարում, հագցնում եւ այլաբանորեն կերպավորում նկարը: Լույսըՙ հիմնական խորհրդանշանը, գույնի բանալին է, որ իմաստավորում է այս աշխարհի նյութը: Դրանից առկայծում են երազներ, հույսեր ու սերեր, դրանք ծաղկում են ինչպես փոքրիկ բալենին («Ծաղկած բալենի»), կյանք առնում կամ մնում տեսիլքի պես անորոշ: Նրա Արարատը բոլորովին այլ է, լեռը երեւում է գյուղական բնակավայրերի կամ դաշտավայրերի հեռուներից եւ բնավ անմատչելի չէ, հակառակըՙ մոտ ու մտերիմ է:
Նկարներն ասես թեւեր ունեն ու սա երազից է նրանց մեջ պահվող, որ թռչում է հեռուներՙ Արարատից այն կողմՙ դեպի բարձր սարերը Սասնա, ցողաշաղախ դաշտերը Մշո, ուր ապրում է դեռ նախնիների ոգին, մշուշներում պահում հինավուրց ասքեր ու զրույցներ: Հեքիաթասացի երազից ծնվում է մեղեդին, գիշերերգը, որ կարոտ է դառնում, հիշատակներ հանգրվանում: Նա արթուն է պահում նախնյաց ավանդույթներն ու սովորույթների զարկը («Բարի լույս, թալինցիներ», «Արտամետի խնձորը»): Կյանքը, ակտիվ խաղի մեջ չներքաշելով, նկարիչը ստեղծում է այլընտրանքային, ներքին մտաշխարհային պատկերներ, վերածնվող ու անվերջ շարունակական սիմվոլներ: Այդ շարունակականության մեջ անցյալը, ներկան ու ապագան միաձույլ են, ժամանակի անտես վերացարկումով. ահա հեթանոսների նրա շարքը, նրանց կարմիր, տաք շարժումները: Ահա դաշտանկարըՙ արեւի վրձնած, ուր կյանքը նոր ձեւեր է առնում: Կյանքըՙ կանանց մերկ պարանոցներին, հուլորեն պառկած երազի գրկում, կիսակքվածՙ սպասման համբերությամբ, մոմի պես հալվող, փխրուն:
Գունային պաստառներին ցայտող արարածները, հավքերն ու հրեշտակները, աստղաձյունն ու փետուրները, երկնային մարմինների թափանցիկ պատկերները ստեղծում են կախարդական շրջապտույտի պատրանքՙ տեսանելի ու անտեսանելի աշխարհների:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. «Անուրջներ»
Նկար 2. «Կիրակի»