Մայիսի 5-ից 13-ը Գյումրիում կանցկացվի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին: Արդեն ավանդական դարձած այս ամենամյա փառատոնը, որն անց է կացվում 2007 թվականից եւ 2009-ից դարձել է միջազգային, կոչված է նպաստելու երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանն ու երաժշտական ճաշակի ձեւավորմանը, ՀՀ մարզերում, Արցախում, Սփյուռքում երաժշտական կրթօջախներին օգնելուն, շնորհալի երաժիշտ-կատարողների հայտնաբերմանն ու երաժշտարվեստի զարգացմանը:
Փառատոնի մասնակիցների քանակն ու աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Այս տարվա մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 1200 երիտասարդ երաժիշտ-կատարողներ Հայաստանի բոլոր մարզերից եւ 21 երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ուրուգվայից, Ռուսաստանից, ԱՊՀ եւ մերձբալթյան երկրներից, Վրաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հունաստանից, Հարավային Կորեայից: Յոթ անվանակարգերով, չորս տարիքային խմբերում անցկացվելիք մրցույթի գնահատման մասնագիտական հանձնախմբերում ընդգրկված են 77 ճանաչված արվեստագետներ, երաժիշտ-կատարողներ, երաժշտագետներ աշխարհի տարբեր երկրներից:
Մրցույթ-փառատոնը, ինչպես եւ անցյալ տարի, կկայանա ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները, «Փյունիկ» հիմնադրամը եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի Գյումրու մասնաճյուղը: Գլխավոր հովանավորն է «Վիվասել-ՄՏՍ»-ը:
Փառատոնի շրջանակներում մայիսի 6-ին ու 7-ին կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայաստանը եւ համաշխարհային մշակույթը» թեմայով` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյակին: Մասնակիցների համար կկազմակերպվեն նաեւ այլ միջոցառումներ, հանդիպումներ, այցելություններ Գյումրու եւ Շիրակի մարզի պատմամշակութային վայրեր ու կենտրոններ:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի յուրատեսակ շնորհանդեսը, կազմակերպված մամուլի ասուլիսից բացի, Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) հայկական «Կռունկ» երգչախմբի երեկ նախատեսված համերգն էր կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դահլիճում:
Գ. Մ.