Այսօր աշխատանքային այցով Երեւան կժամանի Լիտվայի Հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: Գրիբաուսկայտեն Երեւան է ժամանում Ադրբեջանից, որտեղ նախագահ Ալիեւի հետ հանդիպումից հետոՙ համատեղ ասուլիսում մեկ անգամ եւս վերահաստատել է միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտության մասին: «Մենք` որպես ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի անդամ, պատրաստ ենք ամեն հնարավոր բանով օգնել կողմերին` խաղաղ լուծում գտնելու համար», Բաքվում նշել է Լիտվայի նախագահը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն պատասխան այց կատարեց Ադրբեջան: Մինչ այդ Բաքվում էր Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը: Ըստ արարողակարգի, նման դեպքերում պետությունների ղեկավարները մամուլի ասուլիս են տալիս: Երկու դեպքում էլ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հարցը չի շրջանցվել: Բայց Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը սովորականից քչախոս էր, իսկ Յանուկովիչը` ԼՂ հարցում լուռ: Նրա փոխարեն «ԼՂ հարցը միջազգային իրավունքի սկզբունքների եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու մասին ուկրաինական կողմի տեսակետը» հնչեցրեց Ադրբեջանի նախագահը:
Դալյա Գրիբաուսկայտեի պարագայում, սակայն, Իլհամ Ալիեւը նպատակահարմար էր գտել ընթերցել «ԼՂ հարցի պատմության եւ կարգավորման համառոտ դասընթացը», որ կազմել- խմբագրել եւ սերունդներին է փոխանցել «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւը, քանի որ Լիտվան ընթացիկ տարում ԵԱՀԿ նախագահող երկիրն է:
Դրանից հետեւում է, որ «տարածաշրջանում խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է ընդառաջ քայլ կատարի եւ սկսի իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
Մի կողմ թողնենք այն, որ միջազգային որեւէ ատյան Հայաստանի հանդեպ նման պարտավորեցնող որոշում չի ընդունել, ներառյալ` Միավորված ազգերի կազմակերպությունը, ինչպես եւ հայտնի չէ, թե միջազգայնորեն ճանաչված ինչ սահմաններ ունի 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական օրենքով, որն, ի դեպ, գործող սահմանադրության անկյունաքարն է, Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարված եւ 1918թ. մայիսի 28-ից մինչեւ 1920թ. ապրիլի 28-ը գոյատեւած` Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ հռչակված` ներկայիս Ադրբեջանը:
Հո չի՞ կարող միջազգային հանրությունն ինքնիշխան երկրին պարտադրել սահմաններ, որոնցից նա ինքնիշխանորեն հրաժարվել է: Իսկ Ադր. ԽՍՀ իրավահաջորդը լինելուց հրաժարվելով, ինքնիշխան Ադրբեջանը փաստորեն չեղյալ է համարել իր խորհրդային անցյալը: Ուստի եւ` այն սահմանները, որ ունեցել է «օկուպանտ» երկրի,- իսկ վերոհիշյալ սահմանադրական օրենքում Ադր. ԽՍՀ ստեղծումը հայտարարված է «բոլշեւիկյան բռնանվաճում,- կազմում:
Բայց, կրկնում ենք, այս ամենը «կարելի է» մի կողմ թողնել եւ մտասեւեռվել Իլհամ Ալիեւի խոսքին: Քաղաքականության մեջ եւ, հատկապես, միջպետական հարաբերություններում ընդունված է որեւէ առաջարկ, նույնիսկ ցանկություն հնչեցնելուց առաջ կամ դրանից հետո, դրան զուգահեռ հստակեցնել նաեւ սեփական անելիքները կամ, առնվազն` ինչ-որ բան անելու պատրաստակամությունը:
Իլհամ Ալիեւը ցանկանում է, որ «Հայաստանը ընդառաջ քայլ կատարի եւ սկսի իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Բայց ոչինչ չի ասում, թե ի՞նչ պիտի անի Ադրբեջանը, որպեսզի «Հայաստանը սկսի»: Նույնիսկ չի ակնարկում, թե ի՞նչ է անելու Ադրբեջանը, երբ «Հայաստանը սկսի»:
Իսկ չի ասում ոչ թե այն պատճառով, որ չգիտի, այլ` որ չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանն ինչ-որ բան անի: Խոսքն, իհարկե, հարցի խաղաղ կարգավորմանն աջակցող քայլեր անելու ցանկության բացակայության մասին է: Թե չէ ընդհանրապես Իլհամ Ալիեւը գիտի, որ «զորքերը դուրս բերելուց հետո բռնատեղահանվածները պետք է վերադառնան, ներառյալ Լեռնային Ղարաբաղ» եւ այլն, եւ այլն:
Այսինքն, ստացվում է, որ նա ձգտում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու փոխարեն ամեն ինչ վերադարձվի այն իրողությանը, որից ծագել է բուն խնդիրը: Իր այդ «վարդագույն» երազանքն, իհարկե, նա փորձում է քողարկել «խնդիրը միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու անհրաժեշտության» մասին թեթեւակի շաղակրատանքներով, բայց երբեք չի ասում, թե ինչ է հասկանում «միջազգային իրավունքի հիման վրա» ասելիս:
Միջազգային իրավունքն, օրինակ, գիտի նաեւ «ինքնապաշտպանական անջատում» հասկացություն: Այն իսկապես էլ հարմար է գալիս ԼՂՀ ինքնորոշմանը: Քանի որ Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել` ելնելով զուտ ինքնապաշտպանական նկատառումներից:
1991թ. նոյեմբերի 24-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը լուծարել է ԼՂ ինքնավարությունը եւ պաշտպանության ու ՆԳ նախարարություններին պարտավորեցրել «ապահովել Ղարաբաղի լեռնային մասի ադրբեջանական բնակչության անվտանգությունը»: Ումի՞ց: Ոչ ոքից: «Ղարաբաղի լեռնային մասի» ադրբեջանական բնակչությանը որեւէ վտանգ չէր սպառնում: Որովհետեւ վտանգված էր «Ղարաբաղի լեռնային մասի» բնակչության մեծամասնության` արցախահայերի անվտանգությունը. փակվել էին հաղորդակցության ուղիները, կտրված էր հեռագրահեռախոսակապը, անջատված էր էլեկտրականությունը, գազը, սպառված` վառելիքը, դեղորայքը եւ պարենային ապրանքները: Փլուզման նախաշեմին գտնվող խորհրդային իշխանությունն էլ այս իրավիճակում այլ ելք չէր մտածել, քան` ԼՂ-ից դուրս բերել ՆԳՆ ներքին զորքերը, քանի որ հակառակ դեպքում դրանք նույնպես կդապարտվեին սովի:
Գերագույն խորհուրդը պարզապես իրեն «ապահովագրել է» պատմության արդար դատաստանից: Իրականում Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինն արտոնել է, որ պաշտպանության եւ ՆԳ նախարարության ռազմականացված կազմավորումներ մտցվեն Լեռնային Ղարաբաղ` նրանց առջեւ դնելով հայ բնակչությունը ֆիզիկապես ոչնչացնելու կամ, լավագույն դեպքում, բռնատեղահանելու խնդիր:
Այդ որոշումը չի բեկանվել թե՛ իրավաբանորեն, թե՛ ըստ տրամադրվածության: Այսօր էլ Ադրբեջանի զինված ուժերի առջեւ դրված մարտական խնդիրը նույնն է:
Կփոխվի՞ մարտական խնդիրը, իշխանությունը կպարտավորվի՞, որ խնդիրը լուծվելու է միայն եւ միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, կընդունի՞, որ բանակցությունների ելքը չպետք է կանխորոշվի` միայն, ահա, այդ դեպքում հնարավոր կդառնա Իլհամ Ալիեւին «տանջող» հարցերի քննարկումը:
Իսկ եթե Բաքվում շարունակի տիրել քաղաքական կարծրախտը, որ հորից ժառանգաբար փոխանցվել է որդի տիրակալին, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես սահմանվել է ԼՂՀ ժողովրդի ինքնապաշտպանության անկապտելի իրավունքով: