«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2011-04-30 | #78, 2011-05-03 | #79, 2011-05-04


Ո՞ՒՐ ԳՆԱ ԲԱՀՐԱՄԸ

Թուրքերեն մի խոսք կա. «Եթե ատամդ ցավում է` քաշել տուր, ազատվիր, կինդ վատն է` բաժանվիր, հարեւանդ է վատը` քոչիր-պրծիր»:

Իսկ ասացվածքները, հայտնի է, ստեղծվում են կենսափորձից: Թուրքերը հավանաբար անցյալում շատ վատ հարեւաններ են ունեցել, ուստի ամեն անգամ ստիպված են եղել թողնել-քոչել տեղից տեղ: Կանանց հարցում էլ գտել են լուծում. մեկի տեղ մի քանիսն են ունենում: Եվ այդպիսով չեն էլ հասցնում հասկանալ, թե որն է լավը, որը` վատը: Իսկ ցավող ատամը բոլորն էլ քաշում-հեռացնում են: Բայց այստեղ էլ թուրքերը, ինչպես շատ հարցերում, «մի քայլ առաջ են». նրանք նույնիսկ առողջ ատամն են հեռացնում, որպեսզի տեղը ոսկե դնեն: Որպեսզի ցուցադրեն իրենց հարստությունը:

Ահա այսպես էլ ուրախ ապրում էին: Մինչեւ հասկացան, որ կատարյալ երջանիկ լինելու համար մի բան պակասում է: Հայերը շատ էին հիշեցնում, որ թուրքերը եկվոր են: Եվ որպեսզի այդ ցավից էլ ազատվեն, որոշեցին մեկ ուրիշ թուրքերեն խոսքով առաջնորդվել, որ զգուշացնում է. «Եկվորը եկավ` տեղացի, փախիր»:

20 տարի առաջ այն օրերի «համազգային առաջնորդ» Այազ Մութալիբովը հայտարարեց. «1991 թվականը կդառնա Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման տարի»: Իհարկե, ինչպես ղարաբաղցի հայն է ասում, դա նրա ռեխի խոսքը չէր: Այդպես որոշել էին Միխայիլ Գորբաչովը եւ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը` ի նշանավորումն «Եղբայրության եւ բարեկամության մասին» ռուս-թուրքական պայմանագրի 70-ամյակի:

20 տարի առաջՙ ապրիլի 30-ին ադրբեջանական ՕՄՕՆ-ը, առաջապահ ունենալով ԽՍՀՄ ԶՈՒ 4-րդ բանակի 24-րդ դիվիզիայի մոտոմեխանիզացված ստորաբաժանումները, որոնց անձամբ առաջնորդում էր դիվիզիայի հրամանատար Բուդեյկինը, մտավ Գետաշեն եւ Մարտունաշեն: Սկսվեց «Կոլցո» ռազմագործողությունը, որ շարունակվեց մինչեւ 1991թ. օգոստոսյան խռովության տապալումը:

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն օրերս գրեց, որ «եթե խռովությունը չտապալվեր, ապա Լեռնային Ղարաբաղում ոչ մի հայ չէր մնա»: Վստահաբար կարելի է ասել, որ Ալիզադեն փոխանցում է այն օրերին ադրբեջանական հանրությանը պաշարած ոգեւորությունը: Բայց նա սխալվում է, որովհետեւ մայիս-օգոստոս ամիսները բավական էին, որպեսզի փոքրիկ Արցախը լիովին հայաթափվեր: Պարզապես չեն կարողացել: Անհնար է եղել, քանի որ Արցախը դիմադրել է: Ամեն կերպ: Հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով:

Ապացույցը ԽՍՀՄ փլուզմանը հետեւած ադրբեջանական զինված ագրեսիայի հետեւանքներն են, որոնք առ այսօր ադրբեջանական ազգայնականության մարմնի` դարձյալ ղարաբաղցի հայից ստույգ մատնանշված հատվածը մրմռացնում են: Ճիշտ այնպես, որպես թե բոլորը չինական կծու տաքդեղ կերած լինեին:

Այդ մրմուռն այնքան է սուր, որ ազգայնականության մարմնի հայտնի հատվածն ամեն պահ հարմար տեղ է փնտրում` հարվելու: Այնքան, որ նույնիսկ Հայաստանում Արգենտինայի դեսպանն է հրապուրիչ թվացել իր մի խոսքով: «Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը» հարցին դեսպանը նրբորեն պատասխանել է. «Արգենտինային մոտ»:

Եվ ահա ոմն Բահրամ Բատիեւ դեսպանի այս արտահայտությունից մի ամբողջ «իրոնիկ» պատմություն է հորինել, որ «վերջապես գտնված է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու բանալին»: Եվ առաջարկում է, որ «հայերին բնակության տեղ տան Արգենտինայում»: Եվ դեռ իր արեւին էլ հոխորտում է, որ «եթե բանը փողի մեջ է, ապա ադրբեջանական խորհրդարանը միաձայն կքվեարկի բյուջեում համապատասխան գումարներ նախատեսելու համար»:

Այստեղ է, որ հայ մարդն ասում է. «Դմակ ունես` քամակդ ծածկիր»: Բաքվամերձ` Մանթաշովի թվին կառուցված բանվորական ավաններն առ այսօր խարխափում են մթում, չունեն ջուր, գազ, էլեկտրականություն, կոյուղի, քաղաքի կենտրոնին կապող ճանապարհներ, սա` բյուջեից «Հայաստանը քոչեցնելու գումարներ է ակնկալում»:

Բայց, ինչպես սկսել ենք թուրքական ասացվածքով, այդպես էլ փորձենք ամփոփել: Թուրքն ասում է. «Ինքը եկավ` բան դուրս չեկավ, գնաց-թուղթ ղրկեց»: Հիմա այս Բահրամն է. խորհրդային զորքով, ազգային բանակով, կրկին հարություն առած` «համազգային առաջնորդով», Թուրքիայից «կամավորականներով», աֆղան մոջահեդներով, ռուս եւ ուկրաինացի վարձկաններով` «թուրութվանքով» ադրբեջանական ազգայնականությունը եկավ-զարկվեց Արցախի ամրությանը, դարձյալ ղարաբաղցի հայի ասած, «մի չխկչխկան դույլ կապած» հետ փախավ, սա դեռ երազում է, որ «կարելի է Հայաստանն ու հայերին քոչեցնել եւ անշառ-խաղաղ ապրել»:

Ոչ, թուրքի խոսքը հուշում է. «Հարեւանդ վատն է` քոչիր-պրծիր»: Եթե Հայաստանն ու հայերը վատն են, Բահրամն ու բոլոր բահրամները մի ելք ունեն` քոչեն-գնան: Համայն հայությունն ու քաղաքակիրթ ողջ մարդկությունը, կարծում ենք, կհոգան «մեծ քոչի» ծախսերը: Օրինակ` Չինաստանի նման երկրի համար ի՞նչ մի խնդիր է ունենալ եւս մի 4-5 միլիոն բնակիչ: Մանավանդ որ ադրբեջանական ազգայնականությունը երբեմն-երբեմն հիշում է, որ իրենք ինչ-որ ժամանակ ապրել են Չինաստանի հյուսիսում: Ձեռի հետ էլ չինական պղպեղի մռուին կհարմարվեն:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4