Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթն իր «Անկախ ռազմական տեսություն» (HBO) հավելվածի հերթական համարում երկու ընդարձակ հոդված է հրապարակել ցարական Ռուսաստանի եւ ԽՍՀՄ-ի ժամանակների երկու «ռուս» գեներալների մասին: Իրականում երկուսն էլ հայ են, երկուսն էլ Ղարաբաղի Շուշի քաղաքից: Ճիշտ է, նյութերում նրանց հայկական ծագումը հավաստվում է:
Որ հայերս պատմության ընթացքում բազում վառ անհատականություններ ենք ունեցել կենսագործունեության ամենատարբեր բնագավառներում, ցավոք, մեծ մասամբ հայոց երկրի սահմաններից դուրս, փաստ է: Ուրիշ հարց է, որ ելնելով ներկա իրողություններից, անկախ պետության առկայությունից, խորհում ես, թե նման անձինք ինչ դեր են խաղացել Հայաստանի, հայության կյանքում:
Առաջինիՙ գեներալ-մայոր Իվան Դավիդովիչ (Դավթի) Լազարեւի (1820-1879) մասին հիշատակում կա նաեւ հայկական հանրագիտարանում: Ռուսաստանցի հոդվածագիրը ափսոսանք է հայտնում, որ Լազարեւը երկար ժամանակ անարդարացիորեն մոռացության է մատնվել Ռուսաստանում, եւ միայն վերջին տարիներս են նրա կենսագրությունն ու ծառայությունները դարձել ուսումնասիրության առարկա: Շուշիի գավառական ուսումնարանն ավարտելուց հետո նա ծառայության է անցել ցարական բանակումՙ զինվորականի կարիերան կապելով Կովկասի հետ: Հոդվածագիրը պատմում է, որ գեներալ Լազարեւը ակտիվ մասնակցություն է ունեցել 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին, մասնավորապես Ավիլարի ճակատամարտին, Կարսի գրոհին ու նրա գրավմանըՙ լինելով քաղաքը պաշարած կորպուսի հրամանատարը:
Սակայն Լազարեւի մարտական կենսագրության հիշարժան իրադարձություն է դարձել նրա մասնակցությունը Կովկասի անհնազանդ լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ մղված պայքարին: Լավ իմանալով տեղի ժողովուրդների կյանքն ու սովորությունները, նա իր իմաստուն պահվածքով մեծ հեղինակություն ու ազդեցություն է ունեցել ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների շրջանումՙ որպես խիստ, բայց բանական ու վստահություն ներշնչող անձ: Շամիլը բանակցությունների համար պահանջել է հենց Լազարեւին ուղարկել իր մոտ: Եվ վերջինս նրա մոտ է մեկնել միայնակՙ առանց ուղեկցորդ պահակախմբի: Ի վերջո Շամիլին նա է գերել ու հանձնել գեներալ Բարյատինսկուն:
Հանրությանը թերեւս նվազ է հայտնի մյուս շուշեցինՙ արդեն խորհրդային պետական գործիչ Միխայիլ Անդրեյի Ալավերդովը : Ծնվել է 1900 թվականին անտառափայտի առեւտրականի ընտանիքում: Ավարտել է Անդիժանի գիմնազիան, հետագայումՙ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արեւելյան բաժինը: 1919 թվականին որպես պետանվտանգության աշխատակից ուղարկվել է Միջին Ասիա եւ ներգրավվել բանդիտիզմի դեմ պայքարում: Արդեն որպես փորձառու չեկիստ Ալավերդովը 1925 թվականին գործուղվել է Պարսկաստան եւ շուտով գլխավորել արտաքին հետախուզության ռեզիդենտուրան: Իր կարիերայի ընթացքում առհասարակ նրան շատ է օգնել այն պարագան, որ տիրապետել է հայերեն, ուզբեկերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներին: Հետագայում որտեղ ասես չի ղեկավարել խորհրդային ոչ լեգալ հետախուզական ծառայություններըՙ Ավստրիա, Ֆրանսիա, Աֆղանստան, Թուրքիա, Հարավսլավիա... Տարբեր տարիների աշխատել է Մոսկվայումՙ արտաքին հետախուզության կենտրոնական ապարատում, որոշ ժամանակ գլխավորելով նրա լրատվական բաժինը: 1947 թվականին նշանակվել է խորհրդային բարձրագույն հետախուզական դպրոցի պետի տեղակալ ուսումնական եւ գիտական գծով: 1955 թվականին անցել է կենսաթոշակի: Մահացել է 1968 թվականին:
Հոդվածում բերված են Ալավերդովի հետախուզական գործունեության նշանակալի դրվագներ: Մեր օրերում թերեւս հրատապ չեն հիշատակումները խորհրդային տարիների աչքի ընկնող գործիչների պետական պարգեւատրումների մասին: Սակայն այն տարիներին մարդիկ հենց այնպես բարձրագույն շքանշաններ չէին ստանում (չհաշված կոմկուսի առաջնորդներին): Համենայն դեպս մեր հայրենակցի ծառայությունների գնահատման պերճախոս վկայություններն են Լենինի, «Կարմիր աստղի», Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, «Պատվո նշան» շքանշանները:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա