«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2011-04-30 | #78, 2011-05-03 | #79, 2011-05-04


ԷԲՐՈՒ. ՏԱՐԲԵՐ ՆԵՐԿԵՐ` ՈՉ ՄԵԿԸ ՉԽԱՄՐԱԾ

Թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքը, երեկ Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) հայ լրագրողներին ներկայացրեց «Էբրու»-ի իմաստը: «Սա Անատոլիայում ծնված արվեստի մի տեսակ է: Էբրուի արվեստագետը ունի ջրի աման, որի մեջ տարբեր գույների ներկեր է լցնում: Այդ ներկերը իրար մեջ են անցնում, սակայն ոչ մի ներկ մյուսին չի խամրեցնում, կամ փչացնում: Հետո արվեստագետը թուղթ է տեղադրում ջրի երեսին, որը վերցնում է ջրում ձուլված բոլոր ներկերը»: Էբրուն, ցույց է տալիս Թուրքիայի մշակութային բազմազանությունը: Աթթիլա Դուրաքը, երբ սկսեց իր «Էբրու» ծրագիրը, հետապնդում էր երկու նպատակ: Առաջինը, որ ճանաչվի Անատոլիայի մշակութային հարստությունը, իսկ մյուսը` ներդրում ունենալ այն բանում, որ տարբերությունների պատճառով իրար որպես «ուրիշ» ընկալող մարդիկ սկսեն տեսնել իրար եւ իրենց էթնիկ ինքնություններից անկախ ստեղծվի այնպիսի հարթակ, որի վրա հնարավոր լինի ստեղծել երխոսություն: «Ես` որպես լուսանկարիչ, հարցականի տակ դրեցի Թուրքիայում տարածված հետեւայլ կարգախոսը` «Թուրքիան` թուրքերի համար»: Իմ մեքենայով շրջեցի Անատոլիայում, ներկա գտնվեցի Անատոլիայի տարբեր ժողովուրդների հարսանիքներին, թաղումներին, եւ այդ բոլոր տպավորությունները ձեզ եմ բերել», ասաց թուրք լուսանկարիչը` հավելելով, որ Անատոլիայի ժողովուրդը շատ հյուրընկալ է` «Հայաստանի ժողովրդի նման» եւ բոլոր անատոլիական հարսանիքներում մարդիկ շուրջպար են բռնում: Դուրաքը` «եկեք իրար ճանաչենք» կարգախոսով, Անատոլիայում լուսանկարել է ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների: Նրանց` աղոթելու պահին, նրանց ավանդական արարողությունները կատարելու պահին. «Անատոլիայի իրական տերերը` այս լուսանկարներում պատկերված մարդիկ են: Ես չեմ ընդունում այն պնդումը, թե Անատոլիայի տերերը` հայերն են, ճիշտ նույն տրամաբանությամբ, ինչպես չեմ ընդունում, որ` Թուրքիան` թուրքերի համար է», ասաց Դուրաքը: Ի դեպ` ապրիլի 24-ին թուրք լուսանկարիչը` Թաքսիմ հրապարակում էր, իսկ հարցին, թե կարո՞ղ ենք իրեն համարել Ցեղասպանության փաստն ամբողջությամբ ընդունած թուրք արվեստագետ, Դուրաքը պատասխանեց. «Այո, կարող եք»:

2007-ից, երբ սկսեց իրագործվել «Էբրու» ծրագիրը, աշխարհի 26 երկրներում կազմակերպվեցին Դուրաքի ցուցահանդեսներ. «Ես այսօր, սակայն, առանձնահատուկ հուզված ու երջանիկ եմ` գտնվելով Երեւանում: Կարծում եմ, որ այս ցուցահանդեսը եւս մեկ միջոց է, որպեսզի մենք իրար ճանաչենք», նշեց թուրք լուսանկարիչը: Իսկ Երեւանում ցուցահանդեսի գաղափարն առաջացել է դեռեւս 2007-ին, Կարսում: Երբ այդ քաղաքում կազմակերպված «Էբրուի» ցուցահանդեսին այցելած հայ մտավորականները ցանկություն հայտնեցին` կազմակերպել նման ցուցահանդես նաեւ Երեւանում:

«Էբրու» ցուցահանդեսը մայիսի 5-ին ներկայացվելու է Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում եւ տեւելու է մեկ ամիս: Ներկայումս ծրագրի գործընկերներն են Բաց հասարակության կազմակերպությունը, Ֆինիքո, Սիվիլիթաս, Անադոլու Կոլտուր, Հրանդ Դինք հիմնադրամ, Ակոս, Բալնակ, Բոշ, Արաս հրատարակչությունը եւ այլն:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4