«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2011-05-03 | #79, 2011-05-04 | #80, 2011-05-05


ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՄԵՐԺՎԵՑ

Երեկ, 3 ժամ տեւած քննարկումներից ու ելույթներից հետո, որտեղ վճռական եղավ երկրի արդարադատության եւ ազատությունների նախարար Միշել Մերսիեի ելույթը, որ ընդունելով հանդերձ Հայոց ցեղասպանության փաստը, քվեարկության ներկայացված բանաձեւը համարեց հակաօրենսդրական եւ կարծիքի ազատությունը սահմանափակող, Ֆրանսիայի Սենատը 196 դեմ եւ 74 կողմ ձայներով մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելի նկատող օրինագիծը:

Այնինչ, դեռեւս 2006-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեապես պատժելի համարող օրինագիծ, բայց իշխանությունների միջամտության հետեւանքով Սենատում համանման օրինագիծ այդպես էլ չընդունվեց: 2010-ի հուլիսին սոցիալիստ սենատորներն առաջարկեցին Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում քրեապես պատժելի համարվող նոր օրինագիծ: Ի վերջո որոշվեց Սենատում այն քվեարկության դնել 2011-ի մայիսի 4-ին: Օրինագիծը կոչված էր ընդլայնելու մամուլի ազատությանը վերաբերող 1881 թ. օրենքի կիրառության ոլորտը, ինչը թույլ կտար հրեաների Ողջակիզման ժխտումը պատժող 1990 թ. Գայսոյի օրենքը կիրառել նաեւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձերի դեմ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների եւ հայամետ գործիչների նախաձեռնությամբ երեկ Փարիզի ժամանակով ժամը 14-ից բազմամարդ հանրահավաք էր անցկացվում Սենատի շենքի առջեւ: Օրինագիծն ընդունելու եւ վերջապես արդարություն հաստատելու կոչերով նախապես սենատորներին էին դիմել Շառլ Ազնավուրը, Փարիզի քաղաքապետ Բերտրան Դլանոեն, հայտնի փիլիսոփա Բեռնար-Անրի Լեւին եւ ուրիշներ: «Լիբերասիոն» թերթը հրապարակել է Շառլ Ազնավուրի դիմումը, որտեղ մասնավորապես ասվում է. «Ոչ ոք չկարողացավ կասեցնել Արեւմտահայաստանի քաղաքակրթության ոչնչացման մեխանիզմը: Սկսվել էր Առաջին աշխարհամարտը: Եկեք խաղաղ պայմաններում ժխտումը կասեցնելու միջոցներ ձեռնարկենք»:

Բերտրան Դլանոեն իր դիմումի մեջ նշում է, որ «Նիկոլա Սարկոզին դրժեց իր խոստումը: 2007-ի ապրիլի 24-ին նախագահության թեկնածու Սարկոզին հայկական միություններին հղած բաց նամակում խոստացավ Սենատում օժանդակել 2006-ի օրենքի վավերացմանը, խարազանեց Անկարայի «պետական ժխտողականությունը»: Բայց ընտրվելուց հետո սկսեց խոստումներ տալ Թուրքիայի կառավարությանը...»:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4