ԵԱՀԿ նախագահող Լիտվայի նախագահի «հստակ ուղերձը»` Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին
Հ. ԱՖՅԱՆ
ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնած Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն վերջին օրերին Բաքու եւ Թբիլիսի այցելելուց հետո երեկ ժամանեց Երեւան: Հայաստանի նախագահի նստավայրում երկկողմ հանդիպումից հետո երկու նախագահները հանդես եկան ամփոփիչ հայտարարություններով: «Մեզ համար շատ կարեւոր է Հայաստանը` որպես կայունացնող գործոն», այսպես սկսեց իր խոսքը Լիտվայի նախագահը: Անդրադառնալով հարավկովկասյան հակամարտություններին` տիկին Գրիբաուսկայտեն ընդգծեց. «ԵԱՀԿ-ի հիմնական նպատակն է, որ յուրաքանչյուր հակամարտություն լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Որեւէ միջազգային կառույց երբեւիցե չի սատարի ռազմական լուծմանը: Հենց սա է եղել իմ հստակ ուղերձը վերջին օրերին այցելած երեք երկրներին»: Տիկին Գրիբաուսկայտեն կարեւորեց նաեւ հանգամանքը, որ «չնայած Հայաստանի պատմական անցյալին, ապրած ցավերին, հայ ժողովուրդը պատրաստ է խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»:
Հայաստանի նախագահն իր լիտվացի գործընկերոջ հետ հանդիպումը գնահատելով «արդյունավետ եւ կառուցողական»ՙ նշեց, որ ինքը կարեւորել է բալթյան հանրապետությունների համագործակցության մոդելը. «Ափսոսանքս հայտնեցի, որ Հարավային Կովկասում գործնականում նման համագործակցությունը անհնար է` Ադրբեջանի կողմից տարածաշրջանում բաժանարար գծերը խորացնելու քաղաքականության պատճառով», ասաց Հայաստանի նախագահը` հավելելով. «Մենք պատրաստ ենք աշխատելու, պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք եւ անհրաժեշտ ենք համարում փոխզիջումները: Բայց լուծման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ունենա նույն ցանկությունը»: Վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը, որ հակամարտությունը լուծման միայն խաղաղ ճանապարհ կարող է ունենալ` նախագահ Սարգսյանը ընդգծեց. «Ադրբեջանը, սակայն, ընտրել է կարգավորումը ձգձգելու եւ իրեն հարմար ժամանակ ռազմական ավանտյուրայի դիմելու մարտավարությունը»:
Հայաստանի նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի ջանքերը` ԼՂ հիմնահարցի կարգավորման ուղղությամբ: Սերժ Սարգսյանը ողջունեց խնդրի խաղաղ կարգավորման նպատակով «միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու անձամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներդրած ջանքերը»:
Հայաստան-Լիտվա ամենաբարձր մակարդակի հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ մեր երկրի եվրոինտեգրման ճանապարհին ունեցած դժվարություններին եւ հաջողություններին: Տիկին Գրիբաուսկայտեն նշեց, որ Լիտվան, որպես ԵՄ անդամ, պատրաստ է աջակցել Հայաստանին այնքան, «որքան դուք հարկ կհամարեք»:
Հայաստանի հետ երկկողմ քաղաքական հարաբերությունները Լիտվայի նախագահը գնահատեց «շատ բարձր մակարդակի»: Հայաստան-Լիտվա տնտեսական գործակցությանը, Գրիբաուսկայտեի խոսքերով, «դեռ պայծառ ապագա է սպասում». «Մենք պատրաստ ենք ձեր երկրում ներդրումներ կատարելու եւ սպասում ենք ձեր ակտիվությանը մեր երկրում», ասաց Լիտվայի նախագահը: Հայաստանի նախագահն ընդգծեց, որ երկկողմ հանդիպման ընթացքում Լիտվայի նախագահի հետ վերահաստատել են հայ-լիտվական հարաբերությունները խորացնելու փոխադարձ ցանկությունը: Լիտվայի` որպես նաեւ ԵԱՀԿ-ում նախագահող երկրի նախագահի հայաստանյան այցելության օրակարգի հաջորդ կետը վերաբերում է միջուկային էներգետիկային եւ այս ոլորտում անվտանգության ամրապնդմանը: Տիկին Գրիբաուսկայտեն տեղեկացրեց, որ ԵՄ նախաձեռնել է անցկացնել ատոմակայանների «սթրես-թեստեր»: Լիտվայի նախագահի խոսքերով` Հայաստանը պատրաստ է այս հարցում համագործակցության: