«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2011-05-03 | #79, 2011-05-04 | #80, 2011-05-05


ԵՎՍ ՄԻ «ԳԵՆԵՐԱԼ` ԳՈՒՄԱՐԵԼԻ՞»

«Ով` ում» խնդիրն, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական բանակային վերնախավում գոյություն ունի: «Գումարելիների տեղափոխություն հանուն ինչի՞» անդրադարձում մենք նշել էինք, որ, ըստ Բաքվի որոշ լրատվամիջոցների, սպասվում է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի փոխարեն այդ պաշտոնում Իլհամ Ալիեւի ռազմական գլխավոր խորհրդատու Վահիդ Ալիեւի նշանակումը: Ասվել էր, որ վերջինս բանակում տեսչական շրջայց է կատարել եւ պաշտպանության նախարարի համար անցանկալի պատկերն անձամբ զեկուցել «գերագույնին»: Իհարկե, նաեւ զգուշացել էինք, որ, հնարավոր է, այդ ամենն ընդամենը ընդդիմադիր մամուլի ասեկոսեներ են:

Այդուհանդերձ, բանակի թեման ադրբեջանական մամուլում նոր արծարծումներ է ունեցել, որոնցից ամենաուշագրավը «Ենի Մուսավաթ»-ի դիտարկումն է: Ըստ այդմ, Սաֆար Աբիեւն անցել է հակագրոհի եւ ձգտում է ամբողջ պատասխանատվությունը բարդել գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիխովի վրա:

Առիթն այն է, որ հունվարյան զորակոչը «վրդովմունք է առաջացրել հասարակության մեջ»: Մի շարք ազդեցիկ պաշտոնյաների, մշակութային գործիչների զավակներ ծառայության են տեղաբաշխվել կամ Բաքվի, կամ մերձակա զորամասերում: Բանն այն է, որ, համաձայն պաշտպանության նախարարի հրամանի, զորակոչի հարցերը գլխավոր շտաբի սպաները պետք է կարգավորեն ոչ թե անձամբ, այլ ըստ համակարգչային ծրագրի:

Մինչդեռ, ինչպես պարզել է զորակոչի կազմակերպումն ստուգող հանձնաժողովը, ԳՇ-ի համակարգչային կենտրոնի «բաշխման տվյալներն իրականությանը չեն համապատասխանում»: Այսինքն, եթե համակարգիչը նորակոչիկին «տեղաբաշխել է» մի զորամաս, իրականում նա ծառայություն է տանում մյուսում, որը Բաքվին մոտ է կամ հենց տեղակայված է այնտեղ:

Այդ գործով արդեն իսկ որոշ շրջանների զինվորական կոմիսարներ ձերբակալվել են: Պաշտպանության նախարարը, սակայն, այն կարծիքին է, որ մեղավորը ոչ թե զինկոմիսարներն են, այլ գլխավոր շտաբի պետը: Սաֆար Աբիեւն իր իսկ ստեղծած հանձնաժողովի եզրակացությունը` կից զեկուցագրով հանդերձ, արդեն ուղարկել է Իլհամ Ալիեւին եւ «համեստորեն սպասում է գերագույն գլխավոր հրամանատարի որոշմանը»,- ըստ երեւույթին` թեթեւ իրոնիայով տեղեկացնում է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության պաշտոնաթերթը, որ ավելի վաղ նաեւ գրել էր, որ իրենց առաջնորդ Իսա Ղամբարի որդուն «իշխանությունների հրահանգով թիկունքային զորամասից փոխադրել են առաջավոր գիծ»:

Աբիեւ - Սադիխով դիմակայության մասին տեղեկատվությանը կարելի էր վերաբերվել դարձյալ խիստ կասկածանքով, եթե «Ենի Մուսավաթն» իրեն հայտնի դարձած լարվածության շուրջը մեկնաբանություններ խնդրած չլիներ «ռազմական հեղինակավոր փորձագետ Ուզեիր Ջաֆարովից»:

Վերջինս, լինելով ադրբեջանական բանակի պաշտոնաթող փոխգնդապետ, հայտնի է ընդգծված իշխանամետ կեցվածքով: Ջաֆարովի այս կամ այն «կռահումները» սովորաբար համընկնում են պաշտոնական քարոզչության հնարանքներին: Այս իմաստով է, որ տվյալ դեպքում Աբիեւ- Սադիխով մրցապայքարի վերաբերյալ նրա դատողությունները որոշակի հետաքրքրություն ներկայացնում են:

Եվ այսպես, «անկախ փորձագետ» Ջաֆարովը հաստատել է թերթի ունեցած տեղեկությունները: Եվ նույնիսկ ավելի խորացրել. «Մենք կարծում էինք, որ հանրապետության զինդատախազությունը զորակոչի ժամանակ գլխավոր շտաբում տեղ գտած բացասական երեւույթների փաստերին ուշադրություն կդարձնի, գլխավոր շտաբի ղեկավարությանը եւ այդ թվում` Նաջմեդին Սադիխովի հովանավորյալ Էլխան Մաջիդովին պատասխանատվության կենթարկի, բայց դա տեղի չունեցավ: Անկախ այն բանից, թե դա ինչպես է եղել, փաստ է, որ պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի` զորակոչի հետ կապված հարցերի վերաբերյալ դիրքորոշումները խիստ տարբեր են», ասել է Ջաֆարովը եւ ավելացրել, որ «զինդատախազությունը, փաստորեն, գլխավոր շտաբի ապօրինի գործողությունների հանդեպ աչք է փակել»:

Ջաֆարովն ընդգծված բացասական է արտահայտվել գլխավոր շտաբի պետի հասցեին եւ ընդգծել, որ «նա նույնիսկ Ադրբեջանի պետական լեզվին չի տիրապետում, ռուսերեն ոչ մի բառ չիմացող զինվորներին ռուսերեն է հրամայում»: Թե ո՞ր օրվանից է, որ գլխավոր շտաբի պետը պիտի զինվորներին ուղղակի հրամայի, այդ մասին «ռազմական փորձագետ» Ջաֆարովն, իհարկե, ոչինչ չի ասում:

Աչքի է զարնում եւ այն, թե գլխավոր շտաբի պետն ինքնագլու՞խ է «խառնել համակարգչային ծրագիրը», թե՞ ինչ-որ մեկի ցուցումով: Բայց դա արդեն Ադրբեջանի «գերագույնի» խնդիրն է, թե ինչպես է կարգավորելու բանակային երկու «ղոչի»-ների հարցերը:

Եվ, այնուամենայնիվ, չի բացառված, որ բանակային վերնախավում «ծայր առած հակասությունների» թեման հենց «գերագույնի» իմացությամբ է այդքան հաճախակի շրջանառվում, ինչը բոլորովին այլ մտորումների առարկա կարող է լինել:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4