Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել գովելի նախաձեռնությամբ` կազմակերպելով «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» եռօրյա գիտաժողովը, որի տարբեր նիստեր ընթանում են տարբեր հաստատություններում` նպատակ ունենալով քարոզչական առումով հակահարված տալու ադրբեջանական խեղաթյուրումներին պատմության եւ մշակույթի ոլորտում: Երեկվանից սկսված նիստերը տեղի են ունենում պաշտպանության նախարարությունում, ԵՊՀ-ում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, բացի տվյալ հաստատությունների ներկայացուցիչներից` մասնակից են Գիտությունների ազգային ակադեմիան, մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Կովկասի ինստիտուտ-հիմնադրամը, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կենտրոնը:
Քանի որ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած նիստին «Ազգը» հրավիրված չէր, ստիպված օգտվում ենք նախարարության կայքի սուղ լրատվությունից, ըստ որի նիստին մասնակցում են պատմության եւ մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, գիտնականներ, բուհերի ռեկտորներ, իսկ գիտաժողովը կազմակերպվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ:
Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի բացման խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը եւ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:
Կարեւորելով գիտաժողովի կազմակերպումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Հայկական գիտական միտքը պետք է իր հստակ մոտեցումներն ունենա ու արտահայտի պատմության եւ մշակույթի ադրբեջանական կեղծարարությունների վերաբերյալ»:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշել է. «Պատահական չէ, որ պատմության եւ մշակույթի հարցերը քննարկվում են հենց պաշտպանության նախարարությունում, քանի որ դրանք ազգային անվտանգությանը շաղկապված խնդիրներ են»: «Պանորամա» կայքն այլ մանրամասներ է հաղորդում նիստերից. Ա. Աշոտյանն, անդրադառնալով հարեւան երկրի պատմահենական դրսեւորումներին, ասել է. «Զավեշտալին այն է եւ կարծես ինձ հայտնի բացառիկ դեպքերից մեկն է, երբ պատերազմում պարտված կողմը փորձում է ինքը գրել պատմությունը: Սա մի կողմից նոնսենս է, մյուս կողմից լկտիության դրսեւորում, որոնք մենք ունենում ենք հարեւան երկրում, կարծում եմ, որ համարժեք հակահարվածի կարիք ունենք»:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարծիքով` այսօր մենք իսկապես խնդիր ունենք պաշտպանելու ինքներս մեզ, մեր ժառանգությունը, մեր մշակույթը եւ «այդ իմաստով ամբողջովին տեղափոխվել ենք ազգային անվտանգության դաշտ, եւ այդ դաշտը չի ճանաչում առանձին հետաքրքրություններ ու առանձին շահեր»:
Ըստ գիտաժողովի կազմակերպիչ, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ` Ադրբեջանից եկող սպառնալիքներից մեկը հենց քարոզչական պատերազմն է.
«Եթե սահմաններում մեր հարեւանները որոշակիորեն սահմանափակված եւ կաշկանդված են, ապա քարոզչական դաշտում նրանք լիովին տրվել են հակահայկականության անսանձ մոլուցքին», ասել է Գ. Հարությունյանը:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը շեշտել է, որ հաղթած լինելով պատերազմում` այսօր մենք պարտվում ենք մեր «հարեւաններին» քարոզչական պատերազմում, ադրբեջանցիները իրենց ավագ, թուրք եղբայրների օրինակին հետեւելով` յուրացնում են ոչ միայն մեր պատմությունն ու մշակույթը, այլեւ մյուս ազգությունների: Նախարար Սեյրան Օհանյանն էլ նկատել է, թե քննարկումների ընթացքում կմշակվեն մեթոդաբանություն եւ ռազմավարություն` նման իրողությունների դեմ մեր պայքարն իրականացնելու համար»:
Մ. Խ.