Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երեւան ժամանած Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Հիսասի Տոկունագային: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:
Էդվարդ Նալբանդյանը խորին ցավակցություն է հայտնել մարտին Ճապոնիայում պատահած բնական արհավիրքների հետեւանքով հազարավոր զոհերի կապակցությամբ: Փոխնախարար Տոկունագան երախտագիտություն է հայտնել մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների եւ հետեւանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար: Նա հավելել է, որ ավերիչ երկրաշարժի հետեւանքներ վերապրած հայ ժողովուրդը ճապոնական ժողովրդի վիշտն ընկալել է ինչպես իր սեփականը` եւ այս կապակցությամբ Երեւանում տեղի ունենալիք միջոցառումըՙ նվիրված արհավիրքների զոհերի հիշատակին, հայ ժողովրդի բարեկամության հավաստումն է, եւ Ճապոնիան շատ բարձր են գնահատում դա: Նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, ընդգծելով, որ Ճապոնիայի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի համար կարեւոր ուղղություն է: Հայաստանի արտգործնախարարին հանձնելով Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեակի Մացումոտոյի ուղերձըՙ հյուրն ասել է, որ Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եւ ցանկանում են առավել ընդլայնել դրանք: Նա հավելել է, որ իր այցելությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ճապոնական բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է եւ վկայում է վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ շուրջ երկու տարի առաջ Տոկիո կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ իրականացվում են:
Ավելի ուշ Ճապոնիայի փոխարտգործնախարարին ընդունել է հանրապետության նախագահը:
Հ. Ա.