2010-ին Հայաստան է ներմուծվել 34 հազար համակարգիչ
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Դավթյանը եւ «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան երեկ համագործակցություն հուշագիր ստորագրեցին «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում համագործակցության մասին:
Հուշագրի ստորագրման արարողությունից հետո էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկաներին հիշեցրեց, որ ծրագրի նպատակն է ապահովել համակարգիչների հասանելիությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Ըստ նրա, համակարգիչն այսօր անհրաժեշտություն էՙ արտադրության միջոց: Այն հաճախ մատչելի չէ բնակչության որոշ խավերի համար, ուստի պետությունը միջոցներ է հատկացրել ապահովելու համար մատչելիությունը համակարգչին, ընդլայնելու այն մարզերում: Տիգրան Դավթյանի համոզմամբՙ «Օրանժ Արմենիայի» ներգրավումն այս ծրագրում նոր թափ կհաղորդի ծրագրի իրագործմանը: «Սա է այս պայմանագրի խորհուրդը», նշեց նախարարը, ավելացնելով, որ այս ծրագիրը կշարունակվի, որի համար պետությունը բավականին լուրջ միջոցներ է տրամադրել եւ ռեսուրսներ ներգրավել Համաշխարհային բանկից:
«Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշեց, որ Հայաստանում գործելու մենկնարկից ընկերությունը նպատակ է դրել լայնաշերտ ինտերնետը հասցնել բոլորինՙ անկախ եկամուտներից եւ բնակության վայրից: «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, ըստ Բրունո Դյութուայի, համընկնում է «Օրանժ Արմենիայի» վերոնշյալ քաղաքականությանը, ինչի համար ընկերությունը կտրամադրի իր վաճառքի կետերի ցանցը: «Դրանով կօժանդակենք Հայաստանում տեղեկատվական հասարակության կայացմանը», ասաց «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրենը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտնեց, որ ծրագրի շրջանակներում 17 հազարից ավելի համակարգիչ է վաճառվել: «Դա հաստատեց մեր այն մոտեցումը, որ այս ծրագիրը չի խանգարի համակարգիչների վաճառքով զբաղվող այլ ընկերություններին, այլ կատալիտիկ դեր ունեցավ», ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը, ավելացնելով, որ ծրագրի արդյունքում 2010-ին 34 հազար համակարգիչ է ներմուծվել Հայաստան, 2009-ի 6 հազար համակարգչի փոխարեն:
Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ ծրագիրը շարունակվելու է եւ համակարգիչ արտադրող ընկերությունները պետք է հաստատեն իրենց մասնակցությունը: Համակարգիչները լինելու են ոչ միայն ծրագրերով համալրված, այլ նաեւ ապահովված դասընթացներով, ուսումնական եւ այլ օժանդակ նյութերով, դրան զուգառեռ նաեւ ունենան ինտերնետ հասանելիություն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ