«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2011-05-04 | #80, 2011-05-05 | #81, 2011-05-06


«ՍԵՎԱԿԻ ՄԻՋԱԴԵՊԸ ՈՉ ԹԵ «ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ» Է, ԱՅԼ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԾՐԱԳՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Այս կարծիքն է հայտնել թուրքահայ զինծառայողի ընտանիքի դատապաշտպանը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ապրիլի 24-ին, երբ համայն հայությունը ոգեկոչում էր Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, եւ աշխարհի տարբեր երկրներումՙ Թուրքիան ներառյալ, 1,5 միլիոն զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ էին կազմակերպվում, հանկարծ Դիարբեքիրից ոչ հեռու, Բաթմանի Կոզլաք գավառում, զորացրվելուց 23 օր առաջ սպանվեց թուրքահայ զինծառայող Սեւակ Շահինը: Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ ապրիլի 27-ին, Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում:

Ապրիլի 29-ի համարում անդրադարձել էինք Սեւակ Շահինի հուղարկավոությանը: Դրա հետ նաեւ նշել էինք, որ սպանության պաշտոնական վարկածը կատակելու պահին Սեւակի ընկերոջ արձակած պատահական կրակոցն է: Սակայն միաժամանակ հաշվի էինք առել սպանության կատարման օրը, թուրքական իրականությանը յուրահատուկ հայկական դավադրության որոնումների շարունակականությունը, որը թուրք հասարակության մեջ հայ էթնոմիմը հայհոյանք է դարձրել, Հայոց ցեղասպանության թուրքական պաշտոնական թեզը հանդիսացող ժխտողականության մարտնչող բնույթը, թուրքական պետական կառույցների եւ քաղաքական կուսակցությունների հայատյացության դրսեւորումները:

Ելնելով այս ամենից, չէինք բացառել, որ Սեւակ Շահինի հենց ապրիլի 24-ին կատարված սպանությունը լինի դիտավորություն, թուրքական ժխտողականության չարանենգ դրսեւորման արձագանքը եւ կրիՙ որպես ազդանշան, համայն հայությանը սաստելու բնույթ:

Մայիսի 5-ին BIA լրատվական գործակալությունը, վկայակոչելով հանգուցյալ Սեւակի ընտանիքի դատապաշտպան Ջեմ Հալավուրթին, մասամբ հաստատեց մեր կանխագուշակումը: Պարզվում էՙ Սեւակի այսպես կոչված ընկերը, որի իբր պատահական կրակոցից սպանվել է Սեւակը, Քըվանչ Աղաօղլուն է, հարում է ուլտրաազգայնամոլ «Մեծ միասնություն» կուսակցության հրոսակներին այնպես, ինչպես «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից Յասին Հայալը, որն անդամագրվել էր այս կուսակցությանն առընթեր գործող «Ալփերեն» օջախների Տրապիզոնի մասնաճյուղում:

Գալով Դինքի սպանության մյուս կազմակերպիչ Էրհան Թունջելին, ապա նա էլ Տրապիզոն այցելելու օրերին անբաժան ուղեկիցն է եղել «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ, երկու տարի առաջ առեղծվածային վթարի զոհ դարձած Մուհսին Յազըջըօղլուի, որի ուղղաթիռն առ այսօր չպարզաբանված հանգամանքներում խորտարկվել էր:

Ըստ երեւույթին սրան 70-ական թվականներին որպես գործիք սպանությունների մեջ օգտագործելուց հետո ոչնչացրել են: Ի դեպ, եթե հիշողությունս չի դավաճանում, 1995-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի ամբիոնից վարչապետ Թանսու Չիլլերը, նկատի ունենալով «Մեծ միասնություն» կուսակցության պատգամավորներինՙ առաջնորդով հանդերձ, բացականչել էր. «Դուք մինչեւ կոկորդն արյան մեջ թաղված մարդասպաններ եք: Ես ամաչում եմ մարդկությունիցս, քանի որ դուք էլ եք մարդ կոչվում»:

Այս ամենի առումով հատկանշական են Սեւակի ընտանիքի դատապաշտպան Ջեմ Հալավուրթի խոսքերը, որը մայիսի 1-ին եղել էր զորամասում: Նա, ըստ BIA գործակալության, ընդգծել է. «Ոքան էլ միջադեպը համարվի «դժբախտ պատահար», հավանական է, որ սպանություն լինի»:

Դատապաշտպան Հալավուրթը, հիմնավորելու համար իր ենթադրությունը, հետեւյալ փաստարկներն է բերել.

«Կասկածյալ Աղաօղլուի ֆեյսբուքն ուսումնասիրելիս տեսանք, որ նա համակրում է «Մեծ միասնություն» կուսակցությանն ու թուրք-իսլամական սինթեզի կողմնակիցն է (սա այն տեսությունն է, ըստ որիՙ իսլամը միավորել է թուրքական ցեղերին, որոնք էլ իսլամական աշխարհը պաշտպանելով քրիստոնյաների ոտնձգություններից, նպաստել են վերջինի բարգավաճմանը, ընդարձակելով նրա սահմանները: Ի դեպ, այսպես կոչված այս տեսությունը պաշտպանում են ինչպես թուրք-ազգայնամոլները, այնպես էլ սոցիալ-դեմոկրատներն ու իսլամականները, այն տարբերությամբ, որ մի դեպքում առաջնային է դառնում պանթուրքիզմը, իսկ մյուսՙ պանիսլամիզմը, իհարկե, Թուրքիայի գլխավորությամբ).

Հանդիպեցինք կասկածյալի ազգայնամոլ դրսեւորումներին, որոնցից են Մուհսին Յազըջըօղլուի տեսագրություններն ու Աբդուլլահ Չաթլըի (Հռոմի պապի դեմ մահափորձ կատարած Աղջայի վերադասն էր, թուրքական պետության հրահանգով ԱՍԱԼԱ-ի դեմ գործողություններ է իրականացրել, միաժամանակ Ղարաբաղյան պատերազմի թեժ օրերին եղել եւ մութ գործարքների մեջ է մտել Ադրբեջանում).

«Դժբախտ պատահարի» վարկածը մեզ չի բավարարում, որքան էլ մեր ուսումնասիրության ընթացքում միջադեպի վկաներն այդպես ներկայացնեն.

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11.00-ին, իսկ զորամասում վկաներին լսել են 18.00-ին միայն.

Ի վերջո, զորամասում գործում է վերադաս-ստորադաս համակարգը.

Ականատեսների վկայությունները իրարամերժ են, հետեւաբար մենք հավանական ենք համարում, որ այս միջադեպը ապրիլի 24-ին հատուկ ծրագրված սպանություն լինի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4