ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Վերադառնալով Թբիլիսիից, որտեղ, հիշեցնենք, օրեր առաջ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, տեղի ունեցավ Հարավային Կովկասում ամերիկյան դեսպանների հավաք, Բրայզան այլ բավական ուշագրավ ուղեւորություն ձեռնարկեց: Հարեւան երկրում ԱՄՆ դեսպանը այցելեց Ադրբեջանի տարբեր շրջաններՙ Իսմայիլյան, Օգուզի, Շեքիի, Մինգեչեվիրեի, Դաշքեսանի եւ Գյանջայի: Հետաքրքրական պատահականությամբ նույն օրերին երկրի շրջաններ այցելություններ ձեռնարկեց նաեւ նախագահ Իլհամ Ալիեւը: Վերջինս մասնակցեց Սաբիրաբադ-Գասըմլի-Նարլըգ-Գարագաշլի 15-կիլոմետրանոց ավտոճանապարհի վերաբացմանը, որը փլուզվել էր Քուռ-Արաքս գետերի վարարումից: Իսկ ամերիկյան դեսպանի ուղեւորության պատճառը կապված է ամերիկյան Խաղաղության կորպուսի ստեղծման 50-ամյակի հետ: Համենայն դեպս` Բաքվում ամերիկյան դեսպանատան պաշտոնական մեկնաբանությունը վերոհիշյալն է: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` դեսպան Բրայզան, ընդգծելով, որ «Ադրբեջանի յուրաքանչյուր շրջան յուրովի գեղեցիկ է», ցանկություն է հայտնել կրկին նման ուղեւորություն իրականացնել. «Այցելությունը Ադրբեջանի շրջաններ մեծ տպավորություն թողեց: Մենք հանդիպումներ ունեցանք շրջանների գործադիր իշխանությունների հետ, եղանք հանրակրթական դպրոցներում, ամենուր մեզ գերազանց ընդունելություն ցուցաբերվեց: Ես կրկին կցանկանայի իրականացնել նման ուղեւորություն` էլ ավելի խորացնելու ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները»: Շրջաններում` մասնավորապես երբեմնի հայաշատ Դաշքեսանում, Բրայզան, «իմիջայլոց» կրկին շեշտել է, որ ինքը ականատես եղավ հինավուրց հուշարձանների:
Եթե նախագահ Ալիեւի` շրջաններ այցելությունը բնական է թվում, ապա ամերիկյան դեսպանի ուղեւորությունը, հատկապես այս ժամանակներում եւ հատկապես այդ վայրեր, ուշագրավ է: Ի դեպ, Խաղաղության կորպուսի հիմնական նպատակներն են` խաղաղության հաստատումն ամբողջ աշխարհում, նպաստել տվյալ երկրի հասարակությանը` ամերիկյան արժեքներին ծանոթանալուն, եւ օգնել ամերիկացիներին` ճանաչելու տվյալ երկրի արժեքները: Ադրբեջանում Խաղաղության կորպուսը հաստատվել է 2003-ից, այդ պահից մինչ այսօր հարեւան երկիր «առաքելությամբ» ժամանել են 368 ամերիկացի կամավորներ:
Իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ Բրայզան իր այցելության համար ընտրեց հատկապես այս ժամանակը, չէ՞ որ Խաղաղության կորպուսի 50-ամյակը մեկ օրում կամ շաբաթում չեն նշում, կարելի է նշել ամբողջ տարվա ընթացքում:
Կրկին վերադառնանք Թբիլիսիում կայացած «ամերիկյան դեսպանների հավաքին»: Ինչպես արդեն նշել ենք, նույն այդ օրերին Ռուսաստանի Իսլամիստական կոմիտեի նախագահ Հեյդար Ջամալը հայտարարեց, թե «Արեւմուտքը Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով իշխանափոխություն է նախաձեռնում, եւ դրա համար պետք է օգտագորվի ԱՄՆ դաշնակից Վրաստանի տարածքը»: Անշուշտ` պաշտոնական Թբիլիսին անմիջապես «անհեթեթություն» որակեց Ջամալի հայտարարությունը: Սակայն երեկ վրացական apsny.ge լրատվական կայքը մեջբերեց այդ երկրի լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլիին: Վերջինս նշել է, որ ադրբեջանական մամուլում տեղ գտած տեղեկությունները վկայում են, որ «Թբիլիսիում Բրայզան հանդիպումներ է ունեցել նաեւ Վրաստանի նախագահի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ եւ այդ հանդիպումների ընթացքում քննարկել Ադրբեջանի նախագահին պաշտոնանկ անելու սցենարները»: Շատբերաշվիլին հավելել է, որ ինքը դիմել է ԱՄՆ Սենատին, որպեսզի Բրայզային վերջինս չհաստատի Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Հիշեցնենք` այս աշնանը Սենատն այդ հնարավորությունն ունի: Վրացի լեյբորիստը անգամ հորդորել է Իլհամ Ալիեւին, որ նա Բրայզային ագրեման չտրամադրի: «Այս ամենից հետո» Բրայզան վերադառնում է Ադրբեջան եւ հանդես գալիս հայտարարությամբ, որի մասին «Ազգն» արդեն գրել է. «Ադրբեջանի իշխանությունները հասկացան, որ Ադրբեջանն ուժեղ ու անկախ կլինի, կկարողանա ապահովվել իր ապագան, եթե կշարունակի հարաբերությունները զարգացնել ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ»: Իսկ եթե Բաքուն որոշի չշարունակել հարաբերությունների խորացումը ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ, Բրայզան, հիշեցնելով Նախիջեւանում օրեր առաջ իր հայտարությունը, թե «հաջորդ այցի ընթացքում, հուսով եմ, կկարողանամ այցելել նաեւ Ջուղա եւ տեսնել այնտեղի խաչքարերը, որոնց մասին քննարկումների մասնակից եմ եղել Երեւանում», միգուցե եւ ավելի վճռական գործողությունների դիմի: Չէ՞ որ ադրբեջանական շրջաններ այցելելը, դրանց գործադիր իշխանությունների հետ հանդիպելը եւ վերջիններիս հետ նաեւ «այլ հարցեր» քննարկելը կարելի է եւ հասկանալ որպես Բրայզայի (ԱՄՆ-ի) կողմից Ադրբեջանի շրջաններում «նախահեղափոխական» իրավիճակին ծանոթանալու փորձ: