«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2011-05-04 | #80, 2011-05-05 | #81, 2011-05-06


«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿԱՆ ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԵՎ ՑՆԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ Է ՄՏԵԼ»

Ամեն տարի այս օրերին բոլորս հիշում ենք Շուշիի հաղթանակը, գնահատում 1992 թվականի մայիսի 8-ի ու 9-ի բեկումնային օրերը Արցախի ազատագրման պատմության մեջ, նկարագրում ենք «Հարսանիք լեռներում» փառավոր օպերացիան, որը փայլուն ղեկավարեց ու հաղթական ավարտի հասցրեց Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, արցախյան ազատամարտի մեր մյուս փայլուն հրամանատարների եւ զինվորականների հետ համատեղ: Այս օրերին ամեն տարի Ադրբեջանը կատաղում է` սադրանքների գնում շփման գծում, ամեն տեսակ բարբաջանքներով լցնում վիրտուալ տարածքը. էհ, մենք մեր ոխերիմ «բարեկամի» գարնանային սրացումներին ծանոթ ենք ու պատրաստ: Պաշտպանության նախարարությունն էլ այս տարի իր նոր նախաձեռնությամբ կարծես պատասխանում է այդ սրացումներին, քանի որ այս օրերին ԳԱԱ-ում, ԵՊՀ-ում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում հնչում են մեր երիտասարդ եւ ավագ սերնդի գիտնականների գնահատումները` որպես պատասխան ադրբեջանական ագրեսիվ եւ ռազմամոլ քարոզչության, որպես հիշեցում 1992-ին կրած պարտության: Լավ է, պատմության թուրք-ադրբեջանական կեղծման տանդեմը մերկացնող հիանալի զեկուցումներ կարելի էր լսել այս օրերին: Երեկ «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» գիտաժողովի` ԳԱԱ-ում շարունակվող նիստի ընդմիջմանը փոքրիկ զրույց ունեցանք ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ` մի քանի հարցեր ուղղելով թեմայի շրջանակում:


- Այսպիսի գիտաժողովներն արդյունավե՞տ են Ադրբեջանի կեղծարարությանը պատասխանելու համար, եւ առհասարակ` գիտությունը, պետական կառույցները ի՞նչ միջոցներ պետք է օգտագործեն այդ ուղղությամբ:

Աշոտ Մելքոնյան.- Առայժմ սա գիտաժողով է, բայց հրապարակված նյութերը սեղմ, գիտաճանաչողական առումով շատ ավելի մատչելի տարբերակով թղթին կհանձնվեն եւ գրքույկների ձեւով կբաժանվեն մեր զինվորականությանը, իսկ օտար լեզուներով թարգմանելու պարագայում, ինչու չէ, հնարավոր կլինի տարածել նաեւ արտերկրում, համացանցով:

- Ադրբեջանն այժմ առավել մարտնչող եւ ագրեսիվ ձեւեր է օգտագործում` իր կեղծարարությունը տարածելու համար աշխարհում: Մեր գիտությունը պետական կառույցներին սպասարկուի դերո՞ւմ պետք է լինի այս պարագայում, թե՞ նաեւ պետք է նախաձեռնողականություն դրսեւորի:

Ա.Մ.- Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու Ադրբեջանի ագրեսիվության պատճառները: Ավելի վաղ այդ երկիրն ավելի արդյունավետ միջոցներ կիրառեց քարոզչության առումով: Խնդիրն այն էր, որ ռազմի դաշտում մենք հաղթանակ էինք տարել, եւ մեզ թվում էր, թե քարոզչության դաշտում անելիք չունենք` զինվորի զենքն ուր հասել էր, այնտեղ խնդիրը լուծված էր: Առավել եւս` որ քարոզչական դաշտում մե՛նք էինք հարձակողական դիրքում գործում, որովհետեւ հայրենիք էինք կորցրել, որի մի զգալի մասը հետո ազատագրեցինք: Ադրբեջանի պարագայում լրիվ հակառակը տեղի ունեցավ. նրանք տանուլ տալով ռազմի դաշտում` քարոզչական դաշտում անցան հարձակման եւ, ինչու չէ, որոշ հաջողություններ արձանագրեցին: Բայց հիմա նրանց արածն արդեն վաղուց գիտական հսկողությունից դուրս է եկել, եւ կարող եմ ասել, որ ֆանտաստիկայի եւ ցնդաբանության ոլորտ է մտել արդեն, այնպիսի անհեթեթ բաներ են գրում, որ աշխարհի գիտական հասարակայնությունը այլեւս լրջորեն չի վերաբերվում ադրբեջանցիներին: Զիա Բունիաթովի ժամանակ, 1960-70-ական թվականներին ադրբեջանցիները շատ քողարկված եւ նրբորեն էին իրենց քարոզչությունը տանում, բայց եթե այսօր Ադրբեջանի նախագահի մակարդակով հայտարարվում է, որ առհասարակ Հայաստան երկիր չի եղել ու Արեւելյան Հայաստանն Արեւմտյան Ադրբեջանն է, եւ ռուս հայտնի գիտնականներն էլ արձագանքում եւ ասում են` սա ցնդաբանություն է արդեն, բնականաբար` այստեղ գիտականության մասին խոսք իսկ լինել չի կարող: Վտանգն այստեղ այլ է. նախապատերազմյան քարոզչություն հիշեցնող վիճակ է ադրբեջանցիների արածը` անգրագետ, կիսագրագետ զանգվածին հայության նկատմամբ ուղղակի թշնամաբար տրամադրելու իմաստով: Նրանց արածի մեջ ես տեսնում եմ պատերազմի քարոզչություն, դա վտանգավոր է: Դրան մենք պետք է հակադրենք անաչառ, օբյեկտիվ հողի վրա իրականացվող հակաքարոզչություն: Ասենք, որ պաշտպանության նախարարության հետ մշտապես համագործակցելով` դասախոսություններ ենք կարդում մեր զինվորների համար: Հասկացնում, որ գործ ունենք մի ժողովրդի հետ, որը մեր նկատմամբ գործածում է «դուշման»` «թշնամի» բառը, իսկ «հարեւան» բառը նրանց լեքսիկոնից հանված է: Եվ քարոզչական դաշտում էլ լայն առումով հոգեբանորեն մեր հասարակությանը, սփյուռքին պետք է կարողանանք ուղղորդել նաեւ այս ճակատում հաղթանակ արձանագրելու առաքելությանը:

- Շուշիի ազատագրման հերթական տարեդարձն է մայիսի 8-9-ին, ամեն տարի այդ օրերին խոսում ենք այդ իրադարձությանության բեկումնային լինելու մասին: Պատմագիտական առումով արժեվորվե՞լ է Շուշիի եւ առհասարակ Արցախի ազատագրումը:

Էդիկ Մինասյան.- Շուշիի ազատագրումը հաղթողի հոգեբանություն ներարկեց մեզ, որից հետո սկսվեց հաղթանակների շարքը: Շուշիի ազատագրումը նախ թույլ տվեց ցամաքային ճանապարհը բացել, հետեւեց Լաչինի ազատագրումը, հետո` ազատագրական հաղթարշավը: Ազատագրումն, իհարկե, ձեռք բերվեց հերոսական պայքարի շնորհիվ: Եվ Արցախի ազատագրման դրվագներին եւ Շուշիի հաղթանակին մեր պատմության մասնագետներն անդրադարձներ արել են, բայց արժեւորել միշտ պետք է, հատկապես` ավելի հանգամանորեն արժեւորումը, մեր պատմության այդ ժամանակի բեկումնային փուլ լինելը քննելո՛վ եւ վերլուծելո՛վ ի մի բերելը: Շուշիի գնահատականի հարցը շատ արմատական եւ ավելի ընդգրկուն պետք է լինի, ցույց տրվի նաեւ նրա անմիջական կապը ազատագրական պայքարի մյուս մարտերի հետ: Պատմաբանների մի քանի աշխատություն կա արդեն այդ առիթով` Մհեր Հարությունյանի «Շուշիի հատուկ օպերացիան» թեկնածուական թեզը, Հրանտ Աբրահամյանի, էլի մեկ-երկու հեղինակի գիրք (Է. Մինասյանը եւս անդրադարձներ արել է այդ թեմային-Մ.Խ.): Հաղթանակն, այո, մեր պատմության ամենաարժեքավոր դրվագներից է, սակայն դիվանագիտորեն դեռ չենք կարողանում ամրապնդել այն: Այնինչ` շատ անհրաժեշտ է այդ դիվանագիտական հետագա ամրապնդումը: Այսօր առաջընթաց կհամարվեր, եթե Արցախն ինքը մասնակցեր ղարաբաղյան բանակցություններին` Լիսաբոնից հետո դուրս մղվեց գործընթացից եւ ընդհանրապես այլեւս չմասնակցեց, հայկական կողմը շատ անելիքներ ունի այդ իմաստով: Փոքր առաջընթաց կոչվածը գրանցվել է, բայց ասել` դրական ձեռքբերումներ, դեռեւս չենք կարող: Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունը, թե Ադրբեջանը ոչ մի առիթ բաց չի թողնում, որպեսզի ռամզմամոլական հայտարարություններ անի եւ առիթ է փնտրում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու, ռազմական ավանտյուրայի համար, տեղին էր: Մինսկի խմբի ձեւաչափում աշխատանքներ տարվում են, բայց արդյունքի դեռ չեն բերում վիճելի հարցերի վերաբերյալ: Վերջին` Մադրիդյան փաստաթուղթը, որը պահանջում է տարածքային զիջումներ` տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ քննարկումների պրոցեսում է: Մի խոսքով` վերջնական դրական արդյունք այս ուղղությամբ դեռ չի եղել, որովհետեւ Ադրբեջանն ինքն է խախտում հրադադարն ամեն անգամ եւ ամեն անգամ իր միջամտությամբ թույլ չի տալիս հարցը վերջնական լուծման բերել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4