«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2011-05-04 | #80, 2011-05-05 | #81, 2011-05-06


«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՆԳՆԻ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԿՈՂՔԻՆ»

Պարարտանյութերը, քիմիկատներն ու գյուղտեխնիկան կազատվեն ԱԱՀ-ի գանձումից

Ավելի քան երկու տասնյակ ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության առանացքային հարցերն էին` ագրովերամշակող արդյունաբերության եւ մթերումների կազմակերպման ընթացիկ խնդիրները, հարկային, մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումները:

«Երեւան գարեջուր» ՓԲԸ-ում` ՀՀ գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարների, ՊԵԿ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նախագահը նշեց, որ նման հանդիպումների նպատակն է քննարկել տարբեր ոլորտների տնտեսվարող խոշոր ընկերությունների ներկայի եւ ապագայի զարգացման ծրագրերն ու գործընթացը:

«Գործընթաց ասելով նկատի չունեմ զուտ միջոցների ներգրավում պետական բյուջե, այլ` այդ գործընթացի պարզեցում, տնտեսվարողների համար ավելորդ հոգսերից ձերբազատում, ակնկալելով, որ տնտեսվարողները կանեն առավելագույնը, որպեսզի իրենց հարկային պարտավորությունները կատարեն, քանի որ մենք եկամուտների, թոշակներ, աշխատավարձեր վճարելու, պաշտպանության ծախսեր կատարելու այլ աղբյուր չունենք: Դրա համար էլ այս գործընթացում կարեւորում ենք նշված ծախսերի կատարման առումով որեւէ ռիսկ չստեղծելը»:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներինՙ նախագահ Սարգսյանը ներկայացրեց մի շարք դրույթներ` հորդորելով տնտեսվարողներին չմոռանալ դրանց մասին ու կատարել:

«Անընդունելի է, երբ դուք պայմանագրեր եք կնքում գյուղացիների հետ, այնուհետեւ` կապված իրավիճակից, բերքի քանակից եւ այլն, սկսվում են որոշակի քննարկումներ գների վերաբերյալ: Տարօրինակ պատկեր է ստացվում, երբ երկու հարեւան մարզերում գրանցվում են գյուղմթերքի տարբեր գներ: Սա ճիշտ չէ: Ամենաճիշտ մոտեցումն այն է, որ հենց սկզբից սկսեք պայմանագրի կնքումը, որպեսզի մարդկանց համար պարզ լինի, թե իրենց արտադրանքն ի՞նչ գնով են վաճառելու»:

Նախագահն ընդգծեց, որ գյուղացիներն ու տնտեսվարողները պետք է կարողանան օպտիմալ գին ամրագրել, որպեսզի հաջորդ տարի գյուղացին շահագրգռված լինի մթերք աճեցնելու, տնտեսվարողներն էլ հնարավորություն ունենան հաջորդ տարվա բերքը մթերելու եւ շահույթով աշխատելու:

«Վստահ եմ, որ հատկապես հիմա վերամշակողների համագործակցությունը կառավարության, կոնկրետ` գյուղնախարարության հետ, լինելու է ավելի արդյունավետ: Մեր պայմանավորվածությունները չեն փոխվել, եւ այս ընթացքում, կառավարությունն ու գյուղնախարարությունը լինելու են ձեր աջակիցը: Բոլոր խնդիրների առումով, գյուղնախարարությունը հանդես է գալու որպես պատրաստակամ գործընկերը, իսկ աշնանը պետությունը կանգնելու է գյուղացու կողքին», ասաց նախագահը:

Խորհրդակցության ավարտին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խորհրդակցության ժամանակ ներկայացվել են հարկային բարեփոխումների փաթեթն ու բիզնեսի հետ կապված խնդիրները:

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ այս ոլորտում լուրջ անելիքներ ունենք»: Ոլորտի խնդիրներից Խաչատրյանն առանձնացնում է երկուսը` իրացման սեղմ ժամկետներն ու փաստաթղթաշրջանառությունը:

ՊԵԿ-ի նախագահի ներկայացմամբ` վերամշակման արդյունաբերության ոլորտում ցածր է ուղիղ հարկերի հավաքման տոկոսը, որոնք կազմում են ընդամենը 1 տոկոս հարկային վճարների ընդհանուր ծավալում, իսկ պետբյուջեի ընդհանուր հարկային մուտքերում` 13 տոկոս` այլ ոլորտների 25 տոկոսի դիմաց: «Պատրաստ ենք մի շարք ապրանքախմբեր` պարարտանյութեր, քիմիկատներ ու գյուղտեխնիկա, սահմանին ազատել ԱԱՀ-ի գանձումից` խթանելով տնտեսության զարգացումը»:

Անդրադառնալով արտադրող եւ մթերող կազմակերպությունների միջեւ պայմանագրային հարաբերությունների հաստատման կարեւորությանը` գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ պայմանագրում պետք է արտացոլվեն արտադրողի եւ մթերողի իրավունքներն ու պարտականությունները, ֆիքսված լինեն մթերման գներն ու վճարումների ժամկետները:

Գյուղնախարարի գնահատմամբ` ոլորտի զարգացմանը խանգարող հիմնական հանգամանքը արտադրանքի ոչ մրցունակությունն է.

«Պետք է թարմացվեն հոսքագծերը, ներդրվեն ժամանակակից սարքավորումներ, որպեսզի միջազգային շուկայում հայկական արտադրանքը մրցունակ լինի, քանի որ մեր տեղական շուկան հագեցած է եւ կա արտահանման խնդիր: Հաշվի առնելով, որ օրեցօր ավելանում է վերամշակող ձեռնարկությունների քանակը, դա հիմք է տալիս կարծելու, որ մրցակցության պայմաններում կբարձրանա նաեւ որակը»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4