Մի քանի տարի հետո «Հաղթանակ» զբոսայգում վեր է խոյանալու նոր կառույց, որը լինելու է ոչ թե հյուրանոց կամ սուպերմարկետ, այլ «Նոյյան տապանը»: Սա լինելու է մշակութային կենտրոն, որը մտահղացման հեղինակների խոսքով` եզակի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: «Նոյյան տապան» կառուցելու գաղափարը «Արմարե» եւ «Ուրախ ժամանց» ընկերություններինն է: Վերջինս «Հաղթանակ» զբոսայգում կոորդինացնում է հանգստի գոտու սպասարկումը: «Արմարե» ընկերության տնօրեն Մարտուն Հարությունյանն ասում է, որ ծրագրին աջակցելու համար ձեւավորվել է նաեւ 7 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբ, իսկ համախոհներն ընդհանրապես շատ են: «Ուրախ ժամանց» ընկերության նախագահ Թորոս Ումրիկյանն էլ պատմում է, որ «Նոյյան տապան» կառուցելու գաղափարը վաղուց է ծնվել. «Քանի որ հիմա մշակվում է զբոսայգու հեռանկարային զարգացման ծրագիրը, ու Երեւանի քաղաքապետն էլ զբոսայգու վիճակին առանձնակի ուշադրություն է դարձնում, ուստի որոշեցինք արագացնել գաղափարի իրագործումը, որպեսզի այն եւս մտնի մշակվող նախագծի մեջ»:
Զրուցակիցներս նշում են, որ կառույցը քաղաքի, առհասարկ երկրի բրենդներից է դառնալու, եւ «Նոյան տապանը» ոչ միայն կավելացնի զբոսայգու այցելուների թիվը, այլեւ արտասահմանից զբոսաշրջիկների հոսք կբերի Հայաստան: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ շնորհիվ այս կառույցի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը 20 տոկոսով կավելանա», նշում է պարոն Ումրիկյանը:
Նոյյան տապանի կրկնօրինակներ կան նաեւ այլ երկրներում, սակայն այստեղ կառուցվող Նոյյան տապանն իր լուծումներով եւ մոտեցումներով միանգամայն տարբեր է լինելու. ունենալու է հենց բնօրինակի չափսերը` երկարությունը կլինի 132 մետր, լայնությունը` 22 մ, իսկ բարձրությունը` 13,5 մետր: «Նոյյան տապանի» ներսում ինքնատիպ քանդակներով թանգարան կլինի, իսկ քանդակները կպատկերեն Նոյյան տապանի անձնակազմը: Այստեղ կլինեն նաեւ կենդանիների քանդակները, որոնց չափսերը համապատասխանելու են կենդանիների իրական չափսերին: Մեծ քանդակները դրվելու են դրսում, պատկերվելու է տեսարան, թե ինչպես են կենդանիները շարժվում դեպի Նոյյան տապանը: Մարտուն Հարությունյանը պատմում է, որ ամեն ինչ պատկերվելու է այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչում: Իսկ տապանի ներսում, բացի թանգարանից, լինելու են նաեւ ցուցասրահներ, կինոդահլիճ, հյուրասիրությունների սրահ եւ այլն: Տապանի ներսի ընդհանուր տարածքը լինելու է շուրջ 10 հազար քմ: Հիմնականում կառուցվելու է բնական փայտից, որը բերվելու է Ռուսաստանից:
Մարտուն Հարությունյանը հավելում է. «Նպատակահարմար գտանք կառուցել «Նոյյան տապան», ոչ թե այլ կառույց, որովհետեւ ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ ջրհեղեղից հետո մարդկության վերածնունդը հայոց աշխարհից ու Արարատ լեռից է սկսվել»: Օրինակ` Հոլանդիայում նույնպես կա «Նոյյան տապան», որը մի տարում շուրջ 400 հազարով ավելացրել է երկրի զբոսաշրջիկների թիվը: Ըստ պարոն Ումրիկյանի` սա մոտավորապես 3 անգամ փոքր է, քան այն կրկնօրինակը, որը կառուցվելու է Հայաստանում: Ինչ վերաբերում է կառուցման ծախսերին, դրանք հոգալու են «Արմարե» եւ «Ուրախ ժամանց» ընկերությունները` հանձինս տնօրենների: Ըստ պարոն Ումրիկյանի` նախնական հաշվարկներով կծախսվի ավելի քան 10-15 միլիոն դոլար. «Սակայն երկուսով կկարողանանք տեղավորվել միայն մինչեւ 3-5 միլիոն դոլարի շրջանակներում, իսկ մնացածի համար կդիմենք այլ կազմակերպությունների, որոնք «Նոյյան տապանում» մեր ծրագրին համահունչ բիզնես սկսելու ցանկություն կունենան»: Մարտուն Հարությունյանն էլ նշում է, որ նորակառույցը ոչ միայն կնպաստի տուրիզմի զարգացմանը, այլեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը ինչպես կառուցման, այնպես էլ շահագործման ընթացքում: Ապա անդրադառնալով «Նոյյան տապանի» հետագա շահագործման ու սպասարկման աշխատանքներին` պարոն Հարությունյանը հավելում է, որ դրանցով եւս զբաղվելու են «Ուրախ ժամանց» եւ «Արմարե» ընկերությունները:
Զրուցակիցներս ասում են, որ «Նոյյան տապան» կառուցելու ծրագիրը ներկայացրել են Երեւանի քաղաքապետարան, որտեղ ծրագիրը հիմա քննարկման փուլում է: Թորոս Ումրիկյանն ու Մարտուն Հարությունյանը նաեւ դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի Վեհափառ հայրապետից նույնպես համաձայնություն եւ օրհնություն ստանան: «Եթե շինթույլտվությունը շուտ ստանանք, առավելագույնը 2 տարում կկարողանանք կառուցել», ավելացնում է պարոն Ումրիկյանը:
Թե զբոսայգու կոնկրետ ո՞ր հատվածում կկառուցվի «Նոյյան տապանը», հստակ պարզ չէ: Տեղի համար 2 նախնական տարբերակներ արդեն ընտրված են, հենց դրանք էլ ներկայացվել են քաղաքապետարան, որտեղ հիմա քննարկում են տեղ հատկացնելու հարցը: «Ամեն դեպքում նախատեսված է կառուցել այնպիսի հատվածում, որպեսզի երեւա ե՛ւ Արարատ լեռան ստորոտից, ե՛ւ քաղաքի տարբեր կետերից», ասում է Մ. Հարությունյանը: Հատկանշական է, որ տարբեր վայրերից տապանն աչքի կընկնի նաեւ իր լուսային էֆեկտներով: Ըստ Թ. Ումրիկյանի` մի քանի տարի առաջ որոշել են «Նոյյան տապանը» կառուցել Խոր Վիրապում, բայց հետո նպատակահարմեր չեն գտել. «Հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ մայրաքաղաք ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս»:
Զրուցակիցներս համոզված են` տարիներ հետո «Նոյյան տապանը» կդառնա քաղաքի սիրելի վայրերից մեկը, եւ զբոսայգու գոնե այդ հատվածը որեւէ «անիմաստ» շենքի համար չի վաճառվի: Պարոն Հարությունյանը չի բացառում. «Եթե չկառուցենք «Նոյյան տապանը», միգուցե 20 տարի հետո այդ տեղում հյուրանոց կամ ուրիշ շենք կառուցվի»: Ասածը փաստելու համար Թորոս Ումրիկյանն էլ ավելացնում է, որ մինչեւ 1988-90 թվականները զբոսայգին 110 հա տարածք է ունեցել, որից այսօր մնացել է ընդամենը 28 հա:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ