19 տարի առաջ, այս օրերին, հայկական զորքերը ազատագրեցին Շուշին: Այսօր, սակայն, դեռեւս ամրագրված չէ այդ հաղթանակը` ձեռք բերված բազմաթիվ հայորդիների կյանքի գնով: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երեկ հրավիրած ասուլիսում հիշեցրեց, որ այն օրերին տղամարդիկ «հերթ էին կանգնած Շուշին ազատագրելու համար». «Ամբողջ ժողովուրդն էր համախմբված մեկ ազգային ծրագրի շուրջը: Ես համոզված եմ, որ մեր հաջողության գրավականն հենց դա էր», ընդգծեց Սեֆիլյանը: Մեր օրերում արդեն «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Սեֆիլյանը կրկին բարձր օրակարգ է առաջ բերում. «Հայության ներուժի օգտագործմամբ պետք է ստեղծենք պետություն` ազգային պետություն: Այժմյան մեր պետությունն ընդամենը պետության իմիտացիա է, որտեղ բնակչության 80 տոկոսից ավելին օրվա հացի խնդիր է լուծում: Նման պայմաններում Շուշիի ազատագրման տոնը հիշեցնում է խրախճանք ժանտախտի մեջ», նշում է Սեֆիլյանը, հորդորելով շատ չմտահոգվել` շեշտելով. «Սա չի նշանակում, թե մեզ չի հաջողվելու ազգային պետություն ստեղծել: Ինչպես անհավանական էր թվում Շուշիի ազատագրումից հետո նաեւ Աղդամի ազատագրումը, այնպես էլ այսօր անհավանական է թվում ազգային պետության ստեղծումը»: Շուշիի ազատագրմանը մասնակից Սեֆիլյանն այսօր մտահոգություն է հայտնում, որ ազատագրված տարածքները չեն բնակեցվում, որ այսօրվա Շուշին հիշեցնում է «քաղաք-ուրվական», որ «դատարկվում է ամբողջ երկիրը` Ախուրյանից մինչեւ Մեղրի»: «Այսօր ինձ նմանների համար տոն չէ, քանի որ մենք չկարողացանք ստեղծել մի երկիր, որն արժանի կլիներ մեր տարած հաղթանակին», ասաց Սեֆիլյանը` ավելացնելով. «Ազատամարտիկ Սասուն Միքայելյանը մինչ այսօր անազատության մեջ է»:
Անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես իշխանություն-ընդդիմություն «բաց երկկխոսությանը», Սեֆիլյանը համոզմունք հայտնեց, որ իշխանություն-ընդդիմություն շփումը աշխատում է միայն ի վնաս ընդդիմության. «Քանի որ ժողովրդի աչքում վարկաբեկված այսօրվա իշխանության հետ երկխոսող ընդդիմությունը նույնպես վարկաբեկվում է», ասաց Սեֆիլյանը` ընդգծելով, որ «Սերժ Սարգսյանի` ընդդիմության հետ երկխոսության գնալու այս քայլը հենց այդ հաշվարկով է արված»: Բանախոսը նշեց, որ «Սարդարապատ» նախաձեռնությունը բազմիցս է հորդորել ՀԱԿ-ինՙ չգնալ այդ քայլին, սակայն ապարդյուն. «Լեւոն Տեր-Պետրոսյանն, իր էությամբ, հակահեղափոխական գործիչ է, բացի դրանիցՙ ՀԱԿ-ի ղեկավարության շրջանում ես վերջին ժամանակներում որոշակի հոգնածություն էի նկատում, հոգնածություն` շարունակել մնալ քաղաքական հալածյալի կարգավիճակում: Կարծում եմՙ այս ամենն էականորեն անդադարձ ունեցել է ՀԱԿ-ի` իշխանության հետ բաց երկխոսության գնալու այս քայլում: Այժմ էլ մենք նոր հորդորներ անելու ցանկություն չունենք», ասաց Սեֆիլյանը` նշելով, որ իրենք «կտրուկ փոփոխություններ են ուզում, եւ միայն այդ ճանապարհը երկրի համար կապահովի թռիչքային զարգացում»:
Եթե իշխանության ճամբարի հաշվարկի իմաստը հասկանալի է, ապա ընդդիմությունն այս քայլից ի՞նչ է շահում. ըստ Սեֆիլյանի, ապագա խորհրդարանի 20-25 տոկոսը: Ի դեպ, Սեֆիլյանը համոզված է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի: Փաստորեն 2008-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ՀԱԿ-ի հանրահավաքները ընդամենը նպատակ ունեին թեկուզ չնչին, բայց տեղ ապահովվել Կոնգրեսին գալիք խորհրդարանում: Փաստորեն ՀԱԿ-ի հանրահավաքներին մասնակցած մարդիկ ընդամենը միջոց էին, «ճանապարհ» դեպի «մեծ երկխոսությունը»... ոչ ավելին: Այս ամենը, ցավոք, իրականությունն է այսօրվա, մինչդեռ «երեկ» «տղամարդիկ հերթ էին կանգնում Շուշին ազատագրելու համար»: Եվ մի՞թե մարդիկ չեն հոգնել մշտապես «միջոց» կամ «ճանապարհ» լինելուց, եւ արդյո՞ք այդպես դիտարկվելը նաեւ չի նպաստում երկրի դատարկմանը` «Ախուրյանից մինչեւ Մեղրի»: Ի վերջո` ո՞վ կարող է վստահություն հայտնել, որ անհրաժեշտության պարագայում «տղամարդիկ էլի հերթ կկանգնեն»: Թերեւս միայն ղարաբաղյան պատերազմում ազգային համախմբումից ծնված հայորդիների սխրանքը, ինչի շնորհիվ էլ 19 տարի առաջ այս օրերին ազատագրվեց Շուշին, ինչն անշուշտ տոն է, անկախ` «ժանտախտի» գոյությունից:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ