«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2011-05-05 | #81, 2011-05-06 | #82, 2011-05-07


ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետեկամուտների կոմիտեի կայքում տեղադրվել է 2011-ի առաջին եռամսյակի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Տարիների ընդմիջումից հետո, վերստին Հայաստանի ամենախոշոր հարկատուն է դարձել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»ՙ 7,45 մլրդ դրամ վճարած հարկերով: Պղնձարդյունաբերության խոշորագույն ընկերությունն անցյալ տարվա առաջին եռամսյակում վճարել էր 1,2 մլրդ դրամ եւ 11-րդ տեղում էր: Այսինքն, ակնհայտ է նրա վճարած հարկերի կտրուկ ավելացումը: Երկրորդ տեղում «Հայռուսգազարդն» էՙ 7,35 մլրդ դրամով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վճարած հարկերի աճը կազմել է ավելի քան 2 մլրդ դրամ: Երրորդ տեղում «Ալեքս Գրիգ» ընկերությունն էՙ 4,57 մլրդ դրամ ցուցանիշով, ինչը շատ փոքրՙ ընդամենը 170 մլն դրամով է գերազանցում նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը: Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերությունը շարունակում է չնչին վճարումներ կատարել ուղղակի հարկատեսակների (շահութահարկ, եկամտահարկ) մասովՙ ընդամենը 130 մլն դրամ: Չորրորդը «Արմենթելն» է 3,14 մլրդ դրամ ցուցանիշով, ինչը մոտ 250 մլն դրամով պակաս է անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Հիգերորդ տեղում է հեռահաղորդակցության ոլոտի առաջատար «Ղ-Տելեկոմ» («Վիվասել-ՄՏՍ») ընկերությունըՙ 2,44 մլրդ դրամ ցուցանիշով, որի վճարած հարկերն ավելացել են ավելի քան 200 մլն դրամով:

Վեցերորդ տեղում վառելիք ներմուծող «Սիթի պետրոլ գրուպն» էՙ 2,1 մլրդ դրամ վճարած հարկերովՙ ինչը մոտ 100 մլն դրամով է ավելի անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Յոթերորդ տեղում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»ՙ 2 մլրդ դրամ ցուցանիշով, որը նույնպես 200 մլն դրամով ավելի է 2010-ի նույն ժամանակահատվածից: Ութերորդը ծխախոտի արտադրության «Գրանդ Տոբակո» ընկերությունն է 1,99 մլրդ դրամ վճարած հարկերով: «Գրանդ Տոբակոն» ավելի քան 3 անգամ ավելի հարկեր է վճարել նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Իններորդ խոշոր հարկատուն վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունն է 1,9 մլրդ դրամով, ինչը մոտ 300 մլն դրամով զիջում է նախորդ տարվա այս ժամանակահատվածի ցուցանիշին: Լավագույն տասնյակը եզրափակում է ծխախոտի արտադրության մյուս ընկերությունը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» 1,3 մլրդ դրամ վճարած հարկերով, որը եւս 100 մլն դրամով ցածր է անցյալ տարվա առաջին եռամսյակի վճարած հարկերից: (Անշուշտ, Գրանդ Հոլդինգին պատկանող այս եւ մյուս ընկերությունների համախառն հարկավճարումների գումարը փոխում է աղյուսակի պատկերը հօգուտ Վարդանյան ընտանիքի):

Բջջային կապի մյուս օպերատոր «Օրանժ Արմենիան» անցած եռամսյակում վճարել է 1,28 մլրդ դրամ եւ 11-րդ տեղում է: 1 մլրդ դրամը գերազանցող հարկեր են վճարել եւս երկու ընկերությունՙ «Արմենիա միջազգային օդանավակայանները»ՙ 1,27 մլրդ դրամՙ 12-րդ տեղ եւ ծխախոտ ներմուծող «Վիդիս դիսթրիբյուշնը»ՙ 1 մլրդ դրամՙ 13-րդ տեղ:

1000 խոշոր հարկատուների այս տարվա հունվար-մարտ ամիսներին վճարած գումարները կազմել են ավելի քան 106 մլրդ դրամ, ինչը մոտ 9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը: Խոշոր հարկատուների ուղղակի հարկերի վճարումները ավելացել են 18 տոկոսովՙ կազմելով 26 մլրդ դրամ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4