«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2011-05-05 | #81, 2011-05-06 | #82, 2011-05-07


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

«Վերածնունդ» երաժշտական փառատոնի շրջանակներում

Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր բացմամբ մայիսի 5-ին Գյումրիում մեկնարկել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ բազմօրյա մրցույթ-փառատոնը: Բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը, արվեստագետներ տարբեր երկրներից: Փառատոնին իր օրհնության գիրն էր հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Արդեն ձեւավորված ավանդույթով «Վերածնունդ» փառատոնի շրջանակներում անցկացվում է նաեւ «Մշակույթների երկխոսություն. համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» միջազգային գիտաժողով: Այս տարվա գիտական նստաշրջանը, որը աշխատանքն է սկսել մայիսի 6-ին` փառատոնի առաջին օրվա մրցելույթներին զուգընթաց, նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյակին: Գիտաժողովն առիթ է հարգանքի տուրք մատուցելու մեր ժամանակի երախտաշատ կոմպոզիտորին, մեր օրերի հայացքով անդրադառնալու նրա մեծարժեք ստեղծագործությանը: Հայաստանի եւ արտերկրի հեղինակավոր գիտական ու կրթական կենտրոնների անվանի մասնագետների, գիտնական-արվեստագետների կողմից ներկայացվելու են շուրջ վեց տասնյակ զեկուցումներ ու հաղորդումներ մշակույթի եւ արվեստի տարբեր ոլորտների վերաբերյալ:

Առաջին օրը նախատեսված 17 զեկուցումներից Կարինե Ավդալյանի, Սիլվա Վարդանյանի (Գյումրի), Աննա Ասատրյանի, Կարինե Ջաղացպանյանի, Սվետլանա Սարգսյանի, Սուսաննա Ղազարյանի (Երեւան) ուսումնասիրությունները նվիրված էին Էդվարդ Միրզոյանի ստեղծագործության տարբեր կողմերին: Հայ-վրաց ազգամիջյան մշակութային առնչություններին էր վերաբերում Ռուսուդան Լորդքիփանիձեի (Վրաստան) զեկուցումը: Մի շարք հետաքրքրական վերլուծություններ կային` նվիրված հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ժանրային, տեսական եւ այլ առանձնահատկություններին:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4