Երբ տոնում ենք Շուշիի եւ ընդհանրապես Արցախի ազատագրման, անկախության կամ պետականության ստեղծման տարեդարձները, երեւի անզգալաբար անտեսում ենք հաղթանակների մյուսՙ ոչ պակաս կարեւոր կողմըՙ Արցախի հայկականացումը, հաղթանակների հոգեւոր արդյունքները: Մշակույթի, լեզվի, կրոնքի վերազարթոնքը:
Խորհրդային-ադրբեջանական ժամանակաշրջանում Հայ եկեղեցու հոգեւոր գործունեության, եկեղեցական կյանքի մասին խոսք անգամ չէր կարող լինել: Թեմական-եկեղեցական կառույցներ, ծես եւ ծիսակատարություն, քրիստոնեական հավատք ու հավատալիքներ գոյություն չէին կարող ունենալ: Դրանց ոչ միայն տիրող աթեիստական գաղափարախոսությունն էր դեմ, այլեւ ադրբեջանական ազգայնամոլ քաղաքականությունը, որն օգտվում էր ուղղափառ մարքսիզմ-լինինիզմիՙ իրեն համար ձեռնտու պայմաններից, տարածաշրջանում եկեղեցական դույզն գործունեությունն անգամ արգելելու:
Նույնը վերաբերում էր նաեւ հայկական դպրոցին: Բացառությամբ մի քանի դպրոցների, ավելի շուտՙ դրանցում աշխատող նվիրյալ ուսուցիչների, արցախահայության նոր սերունդները զրկված էին մայրենի լեզուն ու գրականությունը սովորելու այնպեսՙ ինչպես իրենց հասակակիցները, ասենքՙ Խորհրդային Հայաստանում: Թուրքերը պարտադրում էին իրենցը, եւ արցախահայերին մնում էր նախընտրել ռուսաց լեզուն, գրականությունն ու մշակույթը, որն ադրբեջանցինք չէին կարող ճնշել, Մոսկվան թույլ չէր տա... Հատկապես Ստեփանակերտում մատաղ սերունդը սովորում էր ռուսական կամ ռուսացած դպրոցներում: Իսկ շրջաններում եւ գյուղերում հայախոսությունը սահմանափակվում էր հարազատ բարբառախոսությամբ:
Ինչ վերաբերում է մշակույթին, խնդիրն ավելի բարվոք վիճակում չէր: Ամենեւին: Ստեփանակերտը գավառական մի քաղաք էր, իսկ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշին, որ մինչեւ հրդեհվելն ու հայաթափվելը հայտնի էր իր նշանավոր դպրոցներով (Հ. Աճառյանն անգամ այստեղ դաս է տվել), թատրոնով, տպարաններով, երաժշտական դպրոցով եւ այլն, գրեթե ամբողջությամբ թուրքացվել էր:
Չեմ ուզում մանրամասնություններով վկայակոչել այսօրվա վիճակը: Կարճՙ ազատագրումից եւ անկախ պետականության ստեղծումից ի վեր Արցախը դարձել է հայախոս (խոսքը ոչ թե բարբառի, այլ գրական արեւելահայերենի մասին է), այժմ այնտեղ գործում են 227 հանրակրթական դպրոց, համալսարան, ուսումնական այլ հաստատություններ: Ստեփանակերտը դարձել է հայկական երգ-երգարվեստի, գրականության ու թատրոնի կարեւոր կենտրոններից մեկը, իսկ Արցախի թեմը, հակառակ աղանդների ներխուժմանը, վերածվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ամենաաշխույժ մասի:
Այս ամբողջը, բնականաբար, առաջին հերթին պարտական ենք նույնինքնՙ 20 տարի առաջ դեռեւս ռուսախոս ու բարբառախոս մեր արցախահայությանը, նրա ինքնաազատագրման սխրանքին:
Ռազմական հաղթանակի հետ հիշենք նաեւ ա՛յս հաղթանակը:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ