Երեկ Ստամբուլում մեկնարկեց զարգացող երկրների վերաբերյալ ՄԱԿ-ի 4-րդ համաժողովը: Այն կընթանա մինչեւ մայիսի 13-ը, որին մասնակցում են աշխարհի 192 երկրների ներկայացուցիչներ, մի քանի հազար գիտնականներ, հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ: Ինչպես տեղեկանում ենք ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ից` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ողջունելով մասնակից պատվիրակներին, նշել է, որ 10 տարին մեկ անցկացվող այս խորհրդաժողովը հնարավորություն է զարգացող երկրների համար` մշակելու տնտեսական զարգացման լիարժեք եւ երկարաժամկետ մեթոդներ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն, իր հերթին, մասնակիցների ուշադրությունն է հրավիրել հանգամանքին, որ չնայած աշխարհի բնակչության 13 տոկոսը թույլ զարգացած երկրների բնակչությունն է կազմում, այդուհանդերձ` այդ երկրների տնտեսության չափաբաժինը` համաշխարհային տնտեսության մեջ կազմում է միայն 1 տոկոսը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՄԱԿ-ի այս խորհրդաժողովին, ի թիվս բազմաթիվ այլ երկրների նախագահների, չեն մասնակցում նաեւ Իսրայելի ու Հայաստանի նախագահները: Մերժելով նախագահ Գյուլի հրավերը Շիմոն Պերեսը ընդգծել էր, որ այդ օրերին Իսրայելում նշվում է ազգային տոն, եւ ինքը չի կարող բացակայել երկրից: Հայաստանի նախագահն, իր հերթին, չմասնակցելով Ստամբուլի խորհրդաժողովին, երեկ մասնակցեց Շուշիի ազատագրմանը նվիրված տոնակատարություններին:
Հ. Ա.