Բիզնեսը պետք է շահութաբեր լինի, բայց ...
Գործարար միջավայրի բարելավման մասին վերջերս շատ է խոսվում եւ նաեւ որոշ քայլեր էլ արվում են: Մասնավորապես, հարկային բարեփոխումների արդյունքում զգալիորեն կրճատվել են ներկայացվող հաշվետվությունները, դրանց որոշ մասի ներկայացման ժամկետները երկարացվել ենՙ ամսականից դառնալով եռամսյակային, կրճատվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, հեշտացվել է ձեռնարկություն գրանցելու գործընթացը եւ այլն: Պետք է հուսալ, որ սկսված գործընթացը շարունակություն կունենա, քանի որ փոփոխման ենթակա անտրամաբանական պահանջներՙ տնտեսական օրենսդրության մեջ դեռ շատ կան:
Իհարկե, լավ կլիներ, որ այս գործընթացը սկսվեր այն ժամանակ, երբ այդ մասին վարչապետ նշանակվելուց հետո հայտարարեց Տիգրան Սարգսյանը: Եթե 2-3 տարի առաջ դա տեղի ունենար, բավականին առաջ գնացած կլինեինք այս հարցում: Մինչդեռ այժմ հետապնդողի դերում ենք, քանի որ մեր հարեւան Վրաստանը շատ կարճ ժամկետում կատարեց այդ բարեփոխումները: Այդուհանդերձ, կատարվածը կատարված է եւ անհրաժեշտ է առաջ շարժվել: Այստեղ, սակայն, հարկ է լուծել մի շատ կարեւոր հարց, առանց որի ոչ մի բարեփոխում տեղի չի ունենա: Խոսքը պետության եւ բիզնեսիՙ միմյանց նկատմամբ վստահության մասին է:
Գաղտնիք չէ, որ պետությունն ու բիզնեսը Հայաստանում, մեղմ ասած, միմյանց նկատմամբ ազնիվ չեն: Պարզապես հիշեցնենք, որ դրա հետեւանք է կոռուպցիան հարկային, մաքսային եւ ստուգման իրավասություններ ունեցող այլ պետական մարմիններում, ստվերային ահռելի շրջանառությունը, որը փորձագիտական տեսակետներով կազմում է 30-50 տոկոս: Հիմա, ի՞նչ տեղի կունենա, եթե պետությունը բիզնեսի նկատմամբ փոխի իր մոտեցումը, որի առաջին նշանները երեւում են եւ որն անհրաժեշտ պայմանն է փոխադարձ վստահության ձեւավորման համար: Պատրա՞ստ է բիզնեսը եւս նույն կերպ վարվել, թե՞ բարեփոխումները նրա համար եկամուտները թաքցնելուն նպաստող գործոն կդառնա: Խոսքը հայ գործարարներին բնորոշ մտածելակերպի հենց նման դրսեւորումներից ազատվելու մասին է:
Առաջին նման դրսեւորումն էՙ մերժել օրենքին ենթարկվելու որեւէ պահանջ, որը սովորաբար խախտվել է նրանց կողմից: Խոսենք օրինակներով: Առեւտրակաները եւ մասնավորապես տոնավաճառների, տարիներ շարունակ կատաղի պայքար էին մղում ՀԴՄ-ների տեղադրման դեմ, բողոքելով օրինական դաշտ մտնելու եւ հարկային հաշվառման մեջ ներառվելու պետության պահանջի դեմ: Այսինքն, ըստ էության, նրանից պահանջելով պահպանել ապօրինի դաշտում գործելու իրենց «սրբազան» իրավունքը: Նույնն էր նաեւ մայրաքաղաքի փողոցային առեւտրականների պահանջըՙ թույլատրել գործելու որտեղ իրենց հարմար է եւ ինչպես իրենց հարմար է:
Մեկ այլ օրինակ ձկնաբուծական տնտեսություններինն է: Վերջիններս մի քանի տարի է, ինչ առանց որեւէ սահմանափակման օգտագործում են Արարատյան դաշտի ընդերքի ջրերըՙ չվճարելով դրա համար: Սակայն, երբ պահանջ դրվեց ջրաչափեր տեղադրել օգտագործված ջրի համար, քանի որ սկսել են սպառվել անգամ ընդերքի ջրերի կայուն պաշարները, իսկ ջրի պակասն արդեն զգալ է տալիս բնակավայրերում, ձկնաբույծները սկսեցին կատաղի պայքարը դրա դեմ: Սա այն դեպքում, երբ նրանք պետք է վճարեն իրենց օգտագործած ջրի ընդամենը 5 տոկոսի դիմաց եւ այն էլ 1 խմ-ն 1 դրամով, երբ գյուղացիական տնտեսությունների համար այդ ջրի գինը 11 դրամ է:
Վերոնշյալ երեւույթը կապված է մեկ այլ հոգեբանական գործոնի հետ: Հայաստանում գոյություն չունի շահութաբեր բիզնես: Հայաստանում բիզնեսը պետք է լինի կամ գերշահութաբերՙ շատ կարճ ժամկետում, կամ ընդհանրապես չլինի: Սա պարզապես աքսիոմա է դարձել հայ գործարարի համար:
Տեղացի եւ միջազգային փորձագետների վկայությամբ, Հայաստանում 50 տոկոս շահութաբերությամբ աշխատող բիզնեսը չնչին մասն է կազմում: Առնվազն կրկնակի շահութաբերությունն է ընդունելի հայ գործարարի համարՙ սկսած շուկայում կանաչի վաճառողից մինչեւ սուպերմակետների սեփականատերեր: Երբ որոշակի պետական կամ հասարակական շահՙ հարկեր վճարելու կամ ջրաչափ տեղադրելու պահանջի տեսքով, շահույթի չափի փոքր-ինչ նվազման պատճառ է դառնում, պարզապես կատաղություն է առաջացնում նրանց մոտ:
Քաղաքակիրթ երկրներում քաղաքակիրթ բիզնեսի շահութաբերությունը հիմնականում 5-10 տոկոսի սահմաններում է: Զարգացած երկրներում գիտակցում են, որ ցածր շահութաբերությունը կայուն շահութաբերություն է, որ իրենց վճարած հարկերով ստեղծված պետության ու բնակչության բարեկեցությունը իրենց բիզնեսի զարգացման գլխավոր երաշխիքն է: Իսկ մեզանում գերակայում է հայկական չտեսությունըՙ հյուրանոցների եւ հանգստյան տների խելամիտ գների, տոներից առաջՙ արտադրողների եւ ներմուծողների հետ համաձայնեցված առեւտրային օբյեկտներում անհիմն թանկացումների, թուրքական կամ չինական ապրանքների ձեռք բերման գները մի քանի անգամ գերազանցող վաճառքի գների, աշխատանքային տարրական պայմաններից զերծ աշխատակիցների դաժան շահագործման, ցածր աշխատավարձերի, դրանց չվճարելու, արտադրողների կողմից էկոլոգիական ծախսերը չկատարելու եւ բնությանը պատճառվող վնասի եւ բազմաթիվ այլ գործոնների տեսքով: Այս ամենին չմոռանանք ավելացնել ոչ միայն պետության, այլեւ միմյանց նկատմամբ բիզնեսի անվստահության մասինՙ պայմանավորված մեկը մյուսին «գցելու» հին հայկական սովորությամբ:
Կվերափոխվե՞ն հայ գործարարները, կազատվե՞ն իրենց այս մտածողությունից: Այս հարցերի պատասխաններից է կախված կհաջողվի՞ բարելավել գործարար միջավայրը Հայաստանում, հասնել պետության ու բիզնեսի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտին, թե՞ ոչ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ