«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2011-05-06 | #82, 2011-05-07 | #83, 2011-05-10


ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ազնվացնող ներկայություն

Ժամանակ առաջ Մաքսիմ Հովհաննիսյանը «13-ի» նամակն ստորագրողներից էր: Գուցե` համահեղինակը կամ վերջնական տեսքի բերողը: Ինքն այդ մասին ոչինչ չի ասում: Ուրիշներն էլ զլանում են:

Այդպես` շուրջ քառորդ դար` 1965-88 թվականներին ապրել, աշխատել, գրել է ՊԱԿ-ի եւ կուսակցական նոմենկլատուրայի աչալուրջ, ձվի մեջ մազ փնտրող հայացքի տակ: Եվ գործն ստացվել է «փղի պար»: Այդ վերնագրով մի պատմվածք ունի:

Ասում է. «Գրականություն մտա շապկանց»: Բայց ճիշտ չէ: Ճշմարտության եւ ճշմարիտ խոսքի մասին երեք իմաստուն պատմություն է արել` իր 50-ամյակի օրը: Իրենց ազգի մեծ Սաքունց Բախշու կյանքն է, Գյուլի տատից ստացած դասն ու մոր ազնվականությունը: Չեմ պատմելու: Գրականություն է մտել բարոյականության այն պաշարով, որ ձեւակերպել է այսպես. «Մեծ քաջություն չէ հիվանդի երեսին ասել, որ դատապարտված է»: Ասել է. «Հիվանդ ես, բուժվիր»:

Հրանտ Մաթեւոսյանին հիշեցի. «Եթե ջրհեղեղը կրկնվեր... կարող էի երկրացիներիս վարքից ժողովել մարդկային բարոյականության գիրքը»: Այսպես: Կամ` մոտավորապես այսպես են գրվել «Գյուղացի մարդիկ»-ը, «Նարնջագույն գիշերներ»-ը: Երկրի մասին: Երկրացիների մասին: «Մասին»-ը պայմանական համարենք: Իրականում ԵՐԿԻՐ է գրել: Եվ երկրացիներ է քանդակել` բնօրինակից:

Նրա գիրը, որքան էլ ժամանակները լղոզված, միշտ հարց, խնդիր ունեցել է եւ ունի: Նրա գործին բնաբան էր գալու Վահան Տերյանի «Օ՜, հայրենի՛ք, դառն ու անուշ» տողը: Ինքը, սակայն, մի փոքր գունավորում է եւ ասում, որ «ճշմարտությունը նման է ազնվացեղ հովատակի»: Անարժաններին թամբից ցած է շպրտում: Այդպե՞ս է:

Մեծ հաշվով` գուցե: Բայց քանի՞ անարժան է ԵՐԿՐԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ «թամբել»: Իր տակը քաշել: Վերջին գրքում, որ «Հոգնած երեկո» է անվանել, Մաքսիմ Հովհաննիսյանը թռուցիկ պատմում է Սուջարով Ստյոպայի մասին` իր համադասարանցու: 88-ին ասել է. «Գերեզմանիս լուր կբերես»,- եւ փիլիսոփայի նման հեռացել:

Դարձյալ շուրջ քառորդ դար է անցել: Ինքը Սուջարով Ստյոպային ասելի՞ք ունի: Լուր տալու բա՞ն ունի: Լուր տալու բան ունի՞: Հարցականի տեղը դարձյալ փոխենք` լուր տալու՞ բան ունի: Կամ` լու՞ր տալու բան ունի:

Ամեն ինչ իմաստավորվում է նրբերանգների մեջ: Սահմանը, միջակայքը ո՞րն է: Գրականությու՞նը: Գրողի խո՞սքը: Գրողի՞ խոսքը: Բայց գրողն ո՞վ է: Փո՞ղ ունի: Նրա հրամանին բանա՞կ է կանգնած: Պետական չինովնիկությունը նրա՞ն է ունկնդիր: Ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ երրորդը: Գրողն ընդամենը սրտի տագնապ ունի: Եվ` անքնություն: Որովհետեւ... Սարոյանի փոքրիկ հերոսն ասում է. «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»: Եվ կյանքը երբեք խոսքի տեսքի չի գալիս: Կամ` «մեր վարքն, այնինչ, օտար ձիու պես մեր տակից փախչում է»:

Ինչպես որ վերջին գրքի հերոսուհու` Հեղուշի վարքը, որ լինելու էր տան խոնարհ հարս, ընդամենը` կին եւ մայր, բայց ԺԱՄԱՆԱԿԸ մեջքին է դրել «հարց լուծելու» պարտականություն: Կամ թե ինքն է այդ բեռը վերցրել ուսերին, որովհետեւ ամուսինը հրադադարից մի շաբաթ առաջ ականի է զարնվել եւ տանը հաշմանդամ նստած է:

Քաղքենին կասի. «Է, կյանք է, ամեն ինչ էլ կպատահի»: Եվ միջին-վիճակագրորեն ճիշտ կլինի: Որովհետեւ ուրիշների ամուսին-գլխատերն առհասարակ չկա: Զոհվել է: Գրողի նրբացած «քիմքը», մինչդեռ, այդ ՑԱՎՆ է ճաշակում` որ Հայկազը կա, բայց դե ինքն էլ գիտի, որ «չկա», Հեղուշն էլ գիտի, Հայկազի մայրն ու տան երեխեքն էլ գիտեն: Բայց հաշտվել- ապրում են: Ապրվում է: Ապրվու՞մ է:

Նկուղում, ռմբակոծությունների տակ ջահել աղջիկն արնաքամվում է, բայց դե պտուղը չի հեռացվելու: Որովհետեւ նա, ով «մեղքատերն» է, զոհվել է: Եվ երեխան պիտի ծնվի: Եղե՞լ է: Եթե չի էլ եղել, ապա անպայման կարող էր լինել: «Այս ժողովրդին հաղթել չի լինի»,- պաթետի՞կ է հնչում: Գուցե: Բայց մյուս դեպքում, ահա, դա ներկայանում է զույգ ոտքն անդամահատած Գրիշայի խոսքով, որ մտադիր է հին մեքենան հարմարեցնել ու ամեն ինչ սկսել նորից: Սա արդեն տեսել ենք: Տեսնում ենք:

Ինչո՞ւ է այդպես: Այդ բոլոր զրնգուն խոսքերից, հաղթանակների մասին միջինացված բնութագրումներից, ահա, գրողն ինչո՞ւ է նյութ ընտրել Հեղուշի «տակից փախած» վարքը, նկուղի աղջկա «ամոթը», Գրիշայի «իդեալիզմը», Վաղոյի «դասալքությունը»: Այդ «Ռազմաճակատում հարաբերական անդորր է» շարքը: Այդ «Ընկեր-պարոն գնդապետը»: Մյուսները: Գրեթե` ՈՂՋԸ:

Այդպես է, որովհետեւ այդ մասին է առհասարակ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Առօրյայում այդ մարդիկ «վիճակագրություն են ստեղծում»: Դարձյալ Հրանտ Մաթեւոսյանի օգնությանը դիմեմ, «դառնում են ֆոն»` ձախողակ գրողների գրքերում: Իսկ արդարացի եւ ազնիվ գրականությունը հենց նրանց է ճանաչում: «Դուք եք երկրի աղը»,-ինչպես Աստվածաշունչն է խտացրել:

Եվ, իհարկե, ինչպես դեռ չի եղել այնպես, որ երկրի աղը երկիր կառավարի, այնպես էլ այս դեպքում Մաքսիմ Հովհաննիսյանի հերոսները զուտ գրական- գեղարվեստական են:

Բայց եթե այդպես չլիներ ու չգրվեր «Սպիտակ ագռավներ» շարքը, որից մի հատված կարդում ենք վերջին գրքում, աշխարհը չափազանց միապաղաղ, Տերյանի ասած` «պրոտոկոլ»-ային կլիներ: Մի տեսակ` զորանոց` առավոտյան «պոդյոմ»-ից մինչեւ իրիկնային «օտբոյ»: Ինչպես կուզենային բոլոր կառավարիչները:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, մինչդեռ, նրա համար է, որ կյանքը հանկարծ «չնորմավորվի»: Կյանքի միջին-վիճակագրականը գիտենք: Ամեն մեկս` յուրովի: ԳՐՈՂԻ առաքելությունը «նորման» հաղթահարելու, մեզ իր հայացքին բերելու, մեզ` մեզ ճանաչեցնելու մեջ է:

Հիսուն տարվա իր անաղարտ գրով Մաքսիմ Հովհաննիսյանն, ահա, այդ մեզ` մեզ ճանաչեցնելու գործին է: Եվ կարողացել ու կարողանում է: Քանի որ կյանքին ու բոլորիս անքեն է նայել: Եվ շարունակում է անքեն մնալ:

Դա ԵՐԿԻՐ ազնվացնող հայացք ու խոսք է, որ ունեցել է ի սկզբանե: Որովհետեւ ծնվել է ազնվական, ապրել ազնվական, խոսել ազնվական:

Մաքսիմ Հովհաննիսյանը «նյութ» չի փնտրում: Ինքը եւ «նյութ» է, եւ «գաղափար», եւ «սյուժե», եւ «հանգուցալուծում»: Քանի որ ինքը ԵՐԿՐԻ ՄԱՐԴ է ծնվել:

Այլ կերպ մենք թերի կլինեինք: Այլ դեպքում ժամանակը կմնար միջակայքի «ծղրտուն ոգեւորությանը»: Եվ չէր ասվի, որ «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»: Իսկ երբ չի ասվում, ամեն ինչ առհասարակ է խեղվում:

Սուջարով Ստյոպայի մասին ակնարկը կարծես գիշերային խոկում չէ միայն: Հայացք է, որպեսզի վաղը «գերեզմանին լուր տալու» բան լինի: Բոլորին: Եւ` ԵՐԿՐԻ անունից:

Այլապես կստացվի «հըբը կյանքս ինչի՞ անցավ»:

Այդպես չի լինի: Չի լինելու: Որովհետեւ Մաքսիմ Հովհաննիսյանից այդպես չի ասվում: Ընդհակառակը: Քանի որ Ստեփանակերտը նրա համար «Փակուղի մոլորակ» է, որտեղ կյանքն, իհարկե, առաջվանը չէ, բայց որտեղ հին օրերի հերոսներն արդեն ծնվում են իրենց որդիների, թոռների տեսքով եւ «մի պուտ արյունը» բավական է, որպեսզի «դուք չլինեք` ես Ղարաբաղ եկողը չեմ»-ը հնչի որպես «հաջորդ ամառ կրկնվելու է նույնը»:

Ոչինչ չեմ ասում: Կարդացեք «Հոգնած երեկո»-ն:

Ինչ լավ է, որ երեկոն է հոգնել: Եվ չի եղել ու չի լինելու «հոգնության երեկո»-ն:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4