«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2011-05-06 | #82, 2011-05-07 | #83, 2011-05-10


«ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ» ԱՆՎԱՆ ԱՅԳԻ ՄԵՐՍԻՆՈՒՄ

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ Ռաքել Դինքը

Մերսինը Միջերկրական ծովում Թուրքիայի կարեւորագույն նավահանգիստն է: Ըստ երեւույթին քաղաքը զգալիորեն բնակեցված է քրդերով, որ քաղաքապետ Ֆազըլ Թուրքը ոչ միայն քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանն է ներկայացնում, այլեւՙ ազգությամբ քուրդ է: Հենց նրա նախաձեռնությամբ էլ Մերսինում քաղաքապետարանը Հրանտ Դինքի անունով նոր այգի է հիմնել, որի կենտրոնում տեղադրվել է մեր հանգուցյալ հայրենակցին խորհրդանշող հուշարձան, իսկ բացման հանդիսավոր արարողությունն, ըստ «Էվրենսել» լրատվական գործակալության, տեղի է ունեցել մայիսի 8-ին:

Արարողությանը Մերսինի քաղաքապետի, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների հետ մասնակցել են Հրանտ Դինքի այրինՙ Ռաքելը, դուստրըՙ Դելալը, «Ակօսի» գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, «Ենի շաֆաքի» հեղինակներից Ալի Բայրամօղլուն, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության քաղաքային վարչության ղեկավար Ջիհան Յըլմազը, «Աշխատանք, ազատություն եւ ժողովրդավարություն» բլոկի պատգամավորության թեկնածու Էրթուղլու Քյուրքչյուն, քաղաքական, հասարակական եւ արվեստի բազմաթիվ գործիչներ, ինչպես նաեւ հոծ բազմությունը:

«Էվրենսելի» վկայությամբ, արարողության բոլոր մասնակիցների կրծքին ամրացված է եղել Հրանտ Դինքի լուսանկարը: Հատկապես ուշադրություն է հրավիրել այգու հարեւանությամբՙ բարձրահարկ շենքի պատին ամրացված Դինքին պատկերող հսկա ցուցապաստառն ու ցուցապաստառի «Միջագետքի քաջարի զավակ, քուրդ ժողովուրդը քեզ չի մոռանալու» մակագրությունը:

Արարողության բացման խոսքում Մերսինի քաղաքապետ Թուրքն ասել է. «Այգին կոչելով Հրանտ Դինքի անունով, հավերժացնում ենք չարանենգ դավադրության զոհը դարձած մեր եղբոր անունը: Պայքարելու ենք այն արժեքների համար, ինչպիսիք են խաղաղությունը, ժողովրդավարությունը, իրավահավասարությունը, հանուն որոնց սպանեցին Հրանտ Դինքին: Հայ, թուրք, քուրդ, հավատացյալ-անհավատ, բոլորս հավասար ենք: Մութ ձեռքերն այս երկրում աշխատում են, որ ծիլեր չտան խաղաղության եւ ազատության սերմերը, բայց ապարդյուն: Այս ճանապարհի հիմնաքարերը Հրանտ Դինքի պես անուններն են»:

Քյուրքչյուն շարունակել է. «Մենք պարտք ունեինք հայ ժողովրդի եւ մեր եղբորՙ Հրանտ Դինքի առջեւ: Որքան էլ ցավալի էր, այդ պարտքը ո՛չ այս պետությունը, ո՛չ էլ այս պետության իշխող տարրերն են կատարում, այլ նրանց փոխարեն ծագումով քուրդ քաղաքապետը: Այսինքնՙ հայերի դեմ իրականացրած բռնությունների համար ներողություն խնդրելու պարտականությունը Թուրքիայում բնակվող ժողովուրդների անունից ստանձնել է քուրդ ժողովուրդը: Թուրքիան պարտավոր է առերեսվել իր պատմության հետ եւ ընդունել իրողությունը»:

Այնուհետեւ այգու ժապավենը «Կեցցե՜ ժողովորդների եղբայրությունը» կարգախոսով քաղաքապետի հետ կտրել են Ռաքել Դինքը, Դելալ Դինքը, Բայրամօղլուն, որին հետեւել է այգում տեղադրված եւ Հրանտ Դինքին նվիրված հուշարձանի բացումը, իսկ արձանի քողը Ռաքել Դինքն է միայն իջեցրել:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4